Քաղաքական

17.05.2025 10:43


Տեսարաններ և… ուրիշ ոչինչ. «Փաստ»

Տեսարաններ և… ուրիշ ոչինչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, թե անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե ՔՊ-ից է

Ո՛չ, սա ամենևին էլ նոր անեկդոտ չէ, սիրելի ընթերցողներ, այլ չորուցամաք տեղեկատվություն ու պաշտոնական, հրապարակավ արված հայտարարություն: Այո, բայց հնչում է որպես ամենաիսկական անեկդոտ, քանի որ արմատապես հակասում է բուն իրականությանը:

Ճիշտ է, սույն հայտարարությունն արած «կարկառուն» քպականը հստակեցնում է, թե ինքը «գլոբալ առումով», այսինքն՝ ընդհանուր առմամբ է ասում: Իսկ, այ, մենք, ասենք, ոչ թե ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ, բայց հպանցիկ հիշեցումներով:

Մոտ մեկ տարի առաջ «պայթեց» բավականին հնչեղ կոռուպցիոն սկանդալ՝ Փաշինյանի ՔՊ-ի համար դրամահավաքի հետ կապված: Հիշեցնենք՝ «Ինֆոքոմ» հետաքննող լրագրողական ցանցը բացահայտել էր փաստեր, որոնք վկայում էին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի համար գումարների նվիրատվությունները կասկածելի են, առկա էին «դրածո» անձանց միջոցով փոխանցումների մասին վկայող տվյալներ:

Անգամ «Ֆրիդոմ Հաուսը» արձագանքեց, իսկ հետո՞... Եվ ոչինչ: Միայն շարունակական հայտարարություններ, թե կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա իրենց իշխանավարման ընթացքում չկա:

Բայց փաստերը՝ այլ բան են ասում:

ՔՊ-ական ֆունկցիոներների ընտանիքների անդամները, մերձավոր ազգականները հանկարծ գործարարական թունդ ջիղ են դրսևորում, արտոնյալ վիճակներ ստանում, նրանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը խոսում են իրենք իրենց փոխարեն:

Հատկապես, երբ համեմատում ես մինչ 2018 թվականը նրանց կենսակերպի ու սոցիալական վիճակի հետ:

Հիշում եք Դավիթ Սանասարյանին՞ — պետական վերահսկողական ծառայության պետ էին դարձրել: Հետո՞: Նորից՝ ոչինչ չեղավ:

ՔՊ-ական նախկին նախարար, որ իրեն «թաղային ավտարիտետ» է երևակայում, ԱԺ ամբիոնից հայհոյում է:

Կորոնավիրուսի ժամանակ ծախսված միջոցների հետ կապված աղմկահարույց տեղեկություններ, ասֆալտապատման մութ գործարքներ, պետական գումարների վատնում՝ լրատվամիջոցների արխիվները՝ վկա:

Սնուփ Դոգի չեղած համերգը, որի համար պետական բյուջեից 6 միլիոն դոլար է ծախսվել, կամ դաշնակահարուհու համերգը՝ առանց կառավարության որոշման:

Այս ամենի ֆոնին՝ ինչն է առատ?

«Շոուները», «մասկի-շոուները», աղմուկ-աղաղակով ձերբակալությունները, ասֆալտին փռելն ու պատին ծեփելըհիմնականում ընդդիմադիրների նկատմամբ:

Իսկ ի՞նչ է լինում հետո՝ ոչինչ: Գործերի գերակշիռ մասը՝ «փուչիկ» է դուրս գալիս:

Ի մի բերենք. Փաշինյանի իշխանության հիմնական «նվաճումներից» մեկը՝ «տեսարաններն են»:
Խրոխտ հայտարարություններ, կուրծք ծեծել, թե իրենք բյուրեղյա են – մեկ կողմից:
ԱԱԾ-ով ու դիմակավորված հատուկջոկատայիններով հարձակումներ ընդդիմադիրների վրամյուս կողմից:

Եթե խնդիրն իրենց է վերաբերում, ապա աղմուկը մարեցվում է, գործերը մոռացության են մատնվում, պատասխանատվություն չկա, փոխարենը՝ յուրայինները դառնում են «կոմպրոմատային պատանդներ»:

Եթե խնդիրն ընդդիմադիրներին է վերաբերում, ապա ձերբակալություններ, աղմուկ, իսկ հետո պարզվում է՝ ապացույց չկա, փուչիկ էր:

Մի խոսքով՝ «տեսարաններ ու… ոչինչ»:

Իշխանություն՝ հանուն անձնական բարեկեցության ու հարստացման:

Եվ այդ ֆոնին հայտարարում են, թե «կոռուպցիան պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես՝ եթե ՔՊ-ից է»

Չէ, հասկանալի է, որ ընտրություններն են մոտենում, ու տեսարաններ դեռ կլինեն:

Բայց, գուցե մեկը հուշի՞, որ դա իրենց համար վերջին կայարանն է

Այս խորագրի վերջին նյութերը