Աշխարհ

12.12.2011 15:17


Արձագանք Է. Շևարդնաձեի հայտարարությանը

Արձագանք Է. Շևարդնաձեի հայտարարությանը

«Այդ նախագիծը (խոսքը հյուսիս-հարավ մայրուղու մասին է, որն անցնում է Ջավախքի ողջ երկայնքով և կապում ՀՀ-ի սահմանային «Բավրա» անցակետը Բաթումի հետ` ուղիղ` Նինոծմինդա-Ախալքալաք-Ախալցխա-Ադիգեն-Խուլո-Շուախև-Բաթում մայրուղով-Վ.Ս.) Վրաստանի համար կարող է ստեղծել ժողովրդագրական հիմնախնդիրներ»:

Է. Շևարդնաձե, 05.12.2011

http://www.apsny.ge/2011/pol/1323118477.php

Հայտարարությունն այնքան էլ զարմանալի կարող էր չթվալ, եթե այն արած չլիներ փորձառու համարվող, խորհրդային ժամանակաշրջանում Վրաստանի ՊԱԿ-ը ղեկավարած, ասել է` բոլոր գաղտնի և բացահայտ մարտահրավերներն ամեն օր իր սեղանին տեսած մեկը:

Հայտարարության բացահայտ անմտածվածությունն արտացոլելու համար դերենք մի քանի ժողովրդագրական ցուցանիշներ: Ջավախքի` Ախալցխայի հատվածում (Ադիգենի, Ախալցխայի և Ասպինձայի շրջաններ) հայությունը 1891 թ. մինչ 2002 թ. 12.495-ից հասել է 19.850-ի, այսինքն` բարձր ծնելիությամբ աչքի ընկնող հայությունն 111 տարվա ընթացքում ավելացել է ընդամենը 7.355-ով (վրացիներն աճել են նույն ընթացքում մոտ 60.000-ով): Ախալքալաքի հատվածում (Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններ) հայ բնակչությունը վերջին հարյուր ամյակում գրեթե չի աճել` 1917 թ. այն կազմում էր 100.000 հայ, 2002 թ.` մոտ այդքան: Ջավախքի` Ծալկայի հատվածի հայ բնակչության պատկերը ևս չի փոխվել «սարսափազդու» կերպով. 1897 թ.` 7.178,   2002 թ.` 11.484  (հայության թիվը ողջ հարյուրամյակի ընթացքում աճել է ընդամենը 4306-ով):

Ահա պարոն Շևարդնաձեն խիստ մտահոգվելու առիթ իսկապես ունի երկրի թյուրքացման` թուրք-ադրբեջանական հատվածի ժողովրդագրական դինամիկայի մասով. համեմատության մեջ դնելով 1926 և 2002 թվականների` Բորչալուի գավառի («Բորչալու գավառ» եզրը տարածվում էր ներկայիս Ծալկայի, Դմանիսի, Բոլնիսի և Մառնեուլի շրջանների վրա) և Ղարայազի (ներկայիս` Գարդաբանի) շրջանների ադրբեջանցիների 63.100 և 224.606 թվաքանակները, տենում ենք, որ ադրբեջանցիները այդ ընթացքում ավելացել են 161.506-ով, որը պատկառելի թիվ է նշված տարածքների համեմատ: Հիշենք, որ այս շրջանները ադրբեջանական օղակի մեջ են վերցրել մայրաքաղաք Թիֆլիսը: Միայն սահմանամերձ Սադախլո գյուղը 2002 թ. ուներ մոտ 10.000-ի հասնող (9486) ադրբեջանցի բնակչություն, համեմատության համար նշենք, որ Ջավախքի խոշոր քաղաքներից` Ախալքալաքն ունի ընդամենը 7.000-ի հասնող բնակչություն:

Մեր արձագանքը չենք ուզում ծանրաբեռնել Ջավախքի, Աջարիայի, Թիֆլիսի և այլ շրջանների ժամառժամ թուրքացման, Թուրքիան և Ադրբեջանն իրար միացնող կոմունիկոցիոն հանգույցների` Վրաստանի համար կործանարար հետևանքների մասին` հուսալով, որ պարոն Շևարդնաձեն մյուս անգամ կխմբագրի իր հայտարարությունները և կխոսի իրական վտանգի մասին, այն մասին, որ նման «բյուզանդաոճ» քաղաքականությունն ի վերջո հանգեցնելու է նրան, որ Կ.Պոլիս-Ստամբուլի օրինակով որ մի գեղեցիկ օր Թիֆլիսը կվերանվանվի Իսմայիլքենդի կամ Քեշիշխանայի:

Վահե Սարգսյան

«Միտք» վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը