Աշխարհ

09.12.2011 12:45


Շիրակ Թորոսյան. «2011թ. Ջավախքի համար ազգային–քաղաքական և կրթության ոլորտներում կորուստների տարի էր»

Շիրակ Թորոսյան. «2011թ. Ջավախքի համար ազգային–քաղաքական և կրթության ոլորտներում կորուստների տարի էր»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը այսօր հրավիրված ասուլիսին ասել է, թե 2011թ. Ջավախքի համար ազգային–քաղաքական և կրթության ոլորտներում բացթողումների ու կորուստների տարի էր։

Նրա խոսքերով՝ նախորդ տարի Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարությունները համաձայնության էին եկել, որ կրճատված հայոց լեզվի դասաժամերը այս տարի պետք է վերականգնվեին, սակայն դա չիրականացավ, ինչը ցույց տվեց, որ վրաց իշխանությունները չեն պատրաստվում նման քայլի դիմել։

«Վրաստանի իշխանությունների շեշտադրված քաղաքականության հետևանքով շատ շուտով Ջավախքի հայկական դպրոցները կվերածվեն երկլեզվյան դպրոցների։ Որոշակի առարկաներ փորձում են դասավանդել վրացերենով, սակայն չկան մասնագիտական վրացերենին տիրապետող մանկավարժներ։ Մեկ այլ խնդիր է այն, որ երեխաները բավարար չեն տիրապետում վրացերենին, իսկ վրացերենով դասավանդելու դեպքում նրանք կմնան չկրթված»,–ահազանգել է ԱԺ պատգամավորը։

–Պետք է հասկակնալ, որ Ջավախքը միայն ջավախքցիներինը չէ, այլ համահայկական և համապետական նշանակություն ունեցող ռազմավարական խնդիր է։ Ջավախքը հայ–վրացական բարեկամություն թելադրող գործոն է,–ընդգծել է բանախոսը։

Նա նաև նշել է, որ որոշակի ձեռքբերումներ են եղել սոցիալ–տնտեսական և հաղորդակցության ոլորտներում՝ մասնավորապես առանձնացնելով «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում նախատեսված՝ Ջավախքի գլխավոր մայրուղու վերանորոգման աշխատանքները, որով Ջավախքը կապվեց ինչպես մայրաքաղաք Թբիլիսիի, այնպես էլ Հայաստանի հետ։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ ձեռք բերված՝ թափանցիկ սահմանների և Աջարիան Հայաստանին միացնող ճանապարհի կառուցման վերաբերյալ պայմանավորվածություններին՝ Շ. Թորոսյանը նկատել է, որ դրանք դեռևս միայն խոստումներ են, իսկ փորձը ցույց է տալիս, որ այդպիսիք կամ չեն իրականանում կամ շատ դժվարությամբ են կյանքի կոչվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը