Աշխարհ

07.12.2011 15:53


Գ. Արսենյան. «Բացառված չէ, որ Իսրայելը ռազմական հարված հասցնի Իրանին»

Գ. Արսենյան. «Բացառված չէ, որ Իսրայելը ռազմական հարված հասցնի Իրանին»

Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը, խոսելով օրեցօր նկատվող Իրան–Իսրայել, Իրան–Արևմուտք փոխհարաբերությունների լարվածության աճի մասին, ասել է, որ մեր տարածաշրջանում տեղի են ունենում շատ վտանգավոր գործընթացներ, որտեղ հնարավոր է՝ շուտով համաշխարհային մակարդակի ոչ դրական իրադարձություններ տեղի ունենան։

–Վերջին զարգացումների համատեքստում բացառված չէ, որ Իսրայելը ռազմական հարված հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին,–ասել է նա։

Նրա խոսքերով՝ Իրանի հոգևորական և քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում պատրաստ է դիմել պատասխան գործողությունների։ Այդ թիրախներն են Իսրայելը, Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի միավորումները և Թուրքիայում ամերիկյան ռազմաբազաները։

Բանախոսը համոզված է, որ Իրանի նման գործողությունների սկսելը կբերի նրան, որ ԱՄՆ–ը և Թուրքիան նույնպես կներգրավվեն հակամարտության մեջ և պատասխան հարվածներ կհասցնեն Իրանին։

–Այս ամենի արդյունքում Հայաստանը կզրկվի երկիրը սնուցող կարևորագույն աղբյուրներից մեկից՝ Իրանի հետ կապերից,–ահազանգել է ՄԱԿ նախագահը։ Նա կարևորել է, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունները պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը