Կարծիք

11.11.2023 07:06


Լոնդոնի ինչի՞ն է պետք Արցախը (տեսանյութ)

Լոնդոնի ինչի՞ն է պետք Արցախը (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

«BP»-ի նախագծերն օգնեցին ֆինանսավորել Բաքվի ագրեսիան Արցախի դեմ

3 տարի առաջ ավարտվեց 44-օրյա պատերազմը: Նոյեմբերի 9-ը մեր ժողովրդի պատմության մեջ կմնա որպես ամենադաժան օրերից մեկը։ Այս ողբալի օրը պետք է խոսել այն մասին, թե բացի Բաքվից ու Անկարայից ով էր շահագրգռված Արցախի անկմամբ և Հարավային Կովկասում պատերազմ սկսելով։ Այս պահին սրա մասին խոսելու ժամանակն է նաև բրիտանական The Guardian թերթում հրապարակված նյութի ֆոնին։

Հոդվածում նշվում է, որ բրիտանական նավթագազային British Petroleum ընկերության հանածո վառելիքի արդյունահանման նախագծերն Ադրբեջանում օգնել են ռազմական ագրեսիա նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում։ Նման եզրակացության են եկել Global Witness հասրակական կազմակերպության աշխատակիցները, որը պայքարում է կորպորացիաների և բնական ռեսուրսներ արտահանող երկրների կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ։

Հասարակական կազմակերպության վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի տնտեսական կախվածությունը BP-ից՝ իր խոշորագույն օտարերկրյա ներդրողից, անուղղակիորեն օգնել է ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական ագրեսիան «վիճելի տարածաշրջանում» էթնիկ հայերի դեմ, որը ստիպել է ավելի քան 100,000 մարդու լքել տարածքը: Ուսումնասիրությունը նաև նշում է, որ BP-ն 2020 թվականից ի վեր Բաքվին մատակարարել է գրեթե 35 միլիարդ դոլարի (28,6 միլիարդ ֆունտ ստերլինգ) նավթ և գազ՝ օգնելով 2020 թվականից ի վեր ռազմական ծախսերն ավելի քան չորս անգամ ավելացնել:

Միասին հիշենք, թե ինչպես էր Բրիտանիան իրեն պահում 44-օրյա պատերազմի օրերին և Լոնդոնի ինչի՞ն էր պետք Արցախը։

1. Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը, թերևս, առաջին արեւմտյան առաջնորդն էր, ով սեպտեմբերի 28-ին բանակցություններ վարեց Թուրքիայի նախագահ Ռ.Տ.Էրդողանի հետ: Բառացիորեն Ղարաբաղում մարտերի մեկնարկից անմիջապես հետո, այսինքն՝ նույնիսկ նախքան Թուրքիայի ղեկավարության հրապարակային հայտարարությունները հակամարտությունում Ադրբեջանին համապարփակ և անսահմանափակ աջակցության մասին։

2. 2020 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ այն ժամանակվա փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ երկրներից մեկը խորհրդի փակ նիստում խափանել է էսկալացիայի վերաբերյալ միասնական դիրքորոշման շուրջ պայմանավորվածությունը: Այս պետությունը Մեծ Բրիտանիան էր, և դա այն պայմաններում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ընդհանուր տեսակետ ունեին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ։

3. Հոկտեմբերի 27-ին, երբ Լեռնային Ղարաբաղում մարտերը դեռ շարունակվում էին, բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը հայտարարեց ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում ոսկու որոնման և արդյունահանման պլանների մասին:

4. Ռազմական գործողությունների ավարտից գրեթե անմիջապես հետո հայտնի դարձավ, որ պաշտոնական Լոնդոնը պատրաստ է օգնել Ադրբեջանին ականազերծել «հայկական օկուպացիայից ազատագրված» Արցախի տարածքներից, ինչպես այն ժամանակ հայտարարեց Բաքվում Մեծ Բրիտանիայի այբ ժամանակվա դեսպան Ջեյմս Շարփը։

Պատերազմին էլ հաջորդած տարիներին Մեծ Բրիտանիան աջակցեց պաշտոնական Բաքվին և Արցախում գնեց օգտակար հանածոների հանքավայրեր (օրինակ՝ Կաշենի հանքավայրը)։

Սակայն Լոնդոնի հետաքրքրությունը չի սահմանափակվում միայն Արցախով և նրա օգտակար հանածոների հանքավայրերով։ Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախը, ինչպես նաև հայկական տարածքների բռնազավթումը (ինչի մասին անցյալ ամիս գրում էր նաև ամերիկյան Stratfor-ը) Լոնդոնի կողմից դիտվում են որպես Իրանի դեմ հարձակումների ցատկահարթակ, հարձակումներ, որոնցում Ադրբեջանը կխաղա «թնդանոթի մսի» դերը։ «Թնդանոթի միս», որը Լոնդոնին պետք է թույլ տա վերականգնել վերահսկողությունը իրանական «իր» նավթահանքերի վրա։

Հիշեցնենք, որ Իրանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունների առանցքային պահը 1901 թվականին Լոնդոնին «Դ’Արսիի» կոնցեսիայի տրամադրումն էր երկրի հարավում նավթային հանքավայրերի զարգացման համար։ Կոնցեսիան հանգեցրեց 1909 թվականին անգլո-պարսկական նավթային ընկերության (1935 թվականից՝ անգլո-իրանական նավթային ընկերության) ստեղծմանը, որը շահույթ էր ստանում Իրանի ամենահարուստ հանքավայրերից նավթի արդյունահանումից։ 1914 թվականին բրիտանական կառավարությունը ձեռք բերեց ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, ինչը փաստացի նշանակում էր Իրանի ամբողջ նավթարդյունաբերությունը բրիտանական վերահսկողության տակ հանձնել: Սակայն 50-ականների սկզբին Իրանում սրվեցին հակաարևմտյան և հակաբրիտանական տրամադրությունները։ 1951 թվականի գարնանը Իրանի վարչապետ Մոհամմադ Մոսադեղը ստորագրեց նավթային հանքավայրերի ազգայնացման մասին օրենքը, երկրից վտարեց բրիտանացի բոլոր մասնագետներին ու խորհրդականներին, իսկ 1952 թվականին խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։

Այնուհետև երկրների միջև լարվածության «թուլացում» եղավ. 1972 թվականի հունիսին Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի Լոնդոն կատարած այցի ժամանակ Անգլիայում 500 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ պաշտպանական պայմանագրեր ստորագրեց։ Այնուամենայնիվ, 1979 թվականի ապրիլին (Իսլամական հեղափոխությունից հետո, 1979 թ. փետրվար) Իրանը չեղարկեց ռազմական պայմանագրերը Մեծ Բրիտանիայի հետ, ինչին ի պատասխան Արևմուտքը սառեցրեց իրանական բազմաթիվ ակտիվներ, իսկ Լոնդոնը սկսեց մշակել ծրագրեր, որոնք, ինչպես նշվեց, թույլ կտան նրան վերականգնել վերահսկողությունը Իրանի «իրենց» նավթահանքերի հանդեպ։ Իսկ այս նավթահանքերին հասնելու ուղիներից մեկն էլ Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումն է՝ տարածաշրջանում հետագա լայնածավալ պատերազմի բռնկմամբ։

Եթե ​​ամփոփենք վերը նշվածը, ապա կարող ենք գալ միանգամայն տրամաբանական եզրակացության, որ Հարավային Կովկասում բրիտանական քաղաքականության ռազմավարական թիրախը Իրանն է՝ իր ածխաջրածնային պաշարներով, իսկ հակաիրանական ծրագրերի իրականացման գործընթացում Լոնդոնի գործընկերներն են Թուրքիան և Ադրբեջանը (վերջինիս խոստացվել է Արցախը որպես «բոնուս»): Ավելին, իր ծրագիրն ավարտին հասցնելով՝ Լոնդոնը կարող է «մեկ քարով սպանել մի քանի նապաստակ», քանի որ Ռուսաստանի սահմանների մոտ անկայունության ևս մեկ հսկայական աղբյուր կլինի, և Մոսկվան կկորցնի իր կարևոր գործընկերներից մեկին։

Վերոնշյալ ամենի ֆոնին ամենատարօրինակ է թվում, որ Հայաստանի իշխանությունները վերահսկվող լրատվամիջոցների միջոցով «սնվում են հասարակությանը» «Հայաստանի դեմ ռուս-թուրքական դաշինքի» մասին պատմություններով, սակայն Դուք ոչ մի բառ չեք գտնի «Հայաստանի դեմ բրիտանա-ադրբեջանական դաշինքի» մասին: Կարո՞ղ է սա պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Փաշինյանը նույն ուժերի գործիքն է, որոնք օգտագործում են Ադրբեջանի իշխանությանը իրենց ծրագրերի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը