Լրահոս

20.03.2023 15:41


Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում

Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մասնակցել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերին: Պատգամավորը ելույթ է ունեցել մարտի 16-ի նիստում:

«Հանձնաժողովի հարգելի' անդամներ,

Ժողովրդավարության և կառավարման եվրոպական կոմիտեի շրջանակում ստեղծվել է երկու աշխատանքային խումբ. մեկը` կանաչ հանրային կառավարման հարցերի, մյուսը` կառավարման: Երկու աշխատանքային խմբերի առաջին նիստերն արդեն կայացել են: Ներկայացրել եմ ԵԽԽՎ-ն` որպես տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող: Մեր հանձնաժողովի հետաքրքրությունների տեսանկյունից իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է կառավարման բազմաստիճան համակարգի և կանաչ հանրային կառավարման նոր մոտեցումները 2030 թվականի օրակարգով նախատեսված կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացի հետ կապելը:

Կանաչ հանրային կառավարման վերաբերյալ իմ հիմնական մեկնակետը հետևյալն էր. ժողովրդավարական հասարակությունների նոր մարտահրավերներին դիմակայելու համար հանրային կառավարումը պետք է առնվազն լինի վստահելի, թվային, կանաչ: Հանրային կառավարման ոլորտում փոփոխություններն առաջին հերթին պետք է ազդեն դրա դերակատարների մտածելակերպի փոփոխության վրա: Կանաչ կամ թվային հանրային կառավարումը չի կարող և չպետք է ընկալվի միայն նորագույն տեխնոլոգիական լուծումների համատեքստում: Կանաչ օրակարգի առաջնորդության և քաղաքական մոտիվացիայի հարցերն արդիական են դառնում: Կանաչ խնդիրները միայն կանաչ կուսակցությունների մարտահրավերները չեն:

Լիարժեք կանաչ հանրային կառավարման նոր մարտահրավեր է դառնում էներգետիկ անվտանգության ստեղծվող իրավիճակը: Շատ երկրներ ստիպված են վերանայել կանաչ անցման հետ կապված իրենց նախկին որոշումները: Միևնույն ժամանակ, հասարակության մի մասի մոտ կա ընկալում, որ կանաչ որոշումներից շատերը թանկ արժեն և իրենց բարեկեցության վրա են ազդում, ինչը հանգեցնում է նրանց բացասական արձագանքին և նոր բնապահպանական լուծումների նկատմամբ դիմադրությանը:

Միևնույն ժամանակ, կարևոր է, որ կանաչ կառավարման բուն էության և դրան առնչվող հիմնախնդիրների ըմբռնումը բոլոր միջազգային կազմակերպությունների համար նույնը լինի: Կանաչ օրակարգի զարգացման շատ խթաններ ձևավորվում և ազգային մակարդակին են հասնում միջազգային կազմակերպությունների և վերազգային հաստատությունների կողմից, որոնք ունակ են մարտահրավերներին լուծում տալ առավել գլոբալ և անդրազգային մոտեցմամբ: Կարևոր է գնահատել նաև կանաչ կառավարման որակի և մեր կազմակերպության անդամ երկրների ժողովրդավարության զարգացման մակարդակի միջև հարաբերությունները:

Կցանկանայի ձեզ հետ կիսել իմ այն դիտարկումը, որ կանաչ հանրային կառավարումն առողջ շրջակա միջավայրի իրավունքի իրականացման համատեքստում որոշակի թերահավատությամբ է ընկալվում: Նպատակահարմար կլինի, որ մեր կազմակերպությունն այս թեմային մոտենա այն տեսանկյունից, որ մաքուր, առողջ և կայուն միջավայր ունենալու մարդու իրավունքի իրականացումը կայուն զարգացման նպատակներին հասնելու հիմքերից է: Այս առումով կարևոր է ուսումնասիրել կազմակերպության անդամ երկրներում առողջ շրջակա միջավայրի իրավունքը` որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը ներդնելու, կամ այլ կերպ ասած: Նախարարների կոմիտեի հանձնարարականների կատարումը: Կարծում եմ` հետաքրքիր կլինի նաև բացահայտել կանաչ հանրային կառավարման առումով տեմպի, ձևերի և բովանդակության միջև տարբերությունը մեր կազմակերպության պետությունների միջև:

Բացի այդ, պատեհ կլիներ այս թեմայով ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի հետ համատեղ լսումներ անցկացնել` հասկանալու համար, թե որտեղ և ինչ խնդիրներ են առաջանում այս առումով` իրավական, գաղափարական, տնտեսական, թե ներքաղաքական:

Ավելին, օգտակար կլինի մոնիտորինգի հանձնաժողովին առաջարկել կանաչ կառավարման ոլորտում իրերի դրության հարցը մոնիտորինգային առաքելությունների և հաշվետվությունների ներկայացման պարտադիր առարկա դիտարկել:

Հարգելի' գործընկերներ, կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ, որտեղ մեկտեղված են պետական և մասնավոր, տեղական և քաղաքացիական ջանքերը, սահմանվում են խաղի գործնական և համընդհանուր ճանաչում ունեցող կանոններ: Կանաչ հանրային կառավարումը պետք է նաև դրսևորի խնդիրներն ու դրանց պատճառները միասնաբար ըմբռնելու կարողություն և որոշումների կայացման հարցում առաջարկի կոնսենսուսային մոտեցում:

Կանաչ հանրային կառավարման համատեքստում կառավարման բազմաստիճան համակարգը կարող է դառնալ արդյունավետ և պատեհաժամ մոտեցում ապահովող հիմնական մեխանիզմներից մեկը: Բնապահպանական խնդիրների դեպքում մենք բախվում ենք տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների, որոնք բոլորից պահանջում են իրենց դերակատարումն ունենալ:

Օգտակար կլինի նաև կանաչ հանրային կառավարումը տեղակայել «երեք R»-երի մոտեցումով պայմանավորված լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում:

Առաջին` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի արձագանքող (responsive), ինչը նշանակում է խրախուսել և պահպանել ի հայտ եկած խնդիրների և դժվարությունների ազնիվ ու բաց քննարկման հնարավորությունը. չպետք է լինեն փակ թեմաներ կամ անհասանելի գորշ գոտիներ:

Երկրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատասխանատու (responsible), ինչը նշանակում է, որ ակնկալվող արդյունքները, որոնք կսահմանվեն, պետք է ունենան արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ, և դրանց ձախողումը պետք է հետևանքներ ունենա:

Երրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատշաճ (relevant), ինչը նշանակում է, որ բոլոր որոշումները պետք է լինեն ժամանակին, ռեսուրսներով հագեցած և համապատասխանեն Կայուն զարգացման նպատակներին:

Կանաչ հանրային կառավարումը պետք է խուսափի վնասակար փոխզիջումների և երկակի ստանդարտների պրակտիկայից: Հատկապես այսօր կլիմայական և բնապահպանական հարցերի շուրջ փոխզիջումներն անընդունելի են, քանի որ դրանց ընդունմանը չի մասնակցում երկրորդ առանցքային կողմը` ապագա սերունդները: Այս առումով կանաչ հանրային կառավարման հիմնական ակնկալիքը կարելի է բնութագրել որպես մարդկության տեխնոլոգիական առաջընթացի և հնարավոր բնապահպանական նոր վնասների բացառման միջև անհրաժեշտ հավասարակշռության ապահովում: Նաև մեծ մարտահրավեր է, երբ ժամանակակից տեխնոլոգիաները թարմ միջոցներ են ապահովում ոչ միայն պատերազմների և ռազմական գործողությունների համար, այլև խոր առճակատման պատուհան են բացում ռազմավարական ազդեցության նոր միջավայրերում` Արկտիկայում և տիեզերքում:

Եզրափակելով` կցանկանայի տեղեկացնել հանձնաժողովին, որ «Կանաչ հանրային կառավարումը լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում» համաժողովը, որը կազմակերպել է Ժողովրդավարության և կառավարման եվրոպական կոմիտեն (CDDG): Նախարարների կոմիտեի Իսլանդիայի նախագահության հետ համագործակցությամբ, տեղի կունենա 2023 թվականի ապրիլին:

Համաժողովը, ի թիվս այլոց, կներկայացնի անդամ պետությունների և միջազգային կազմակերպությունների լավ փորձը, կքննարկի տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակներում պետական կառավարման հնարավորություններն ու մարտահրավերները` առաջարկությունների բացահայտման նպատակով: Համաժողովի աշխատանքների ընթացքը և արդյունքները կներառվեն հանրային կառավարման մասին զեկույցում»,- ասել է պատգամավորը»։

Այս խորագրի վերջին նյութերը