Քաղաքական

21.02.2023 09:04


ՌԴ-ին խաղաղություն է պետք, Արևմուտքին` «թղթի կտոր». Մարկեդոնովը` Մյունխենի հանդիպման մասին

ՌԴ-ին խաղաղություն է պետք, Արևմուտքին` «թղթի կտոր». Մարկեդոնովը` Մյունխենի հանդիպման մասին

Ռուսաստանն ու Արևմուտքը տարբեր կերպ են պատկերացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման ալգորիթմը, այդ տարբերությունն առաջին հերթին վերաբերում է քայլերի հաջորդականությանը։ Խոսելով ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան հանդիպման մասին` այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Էնթոնի Բլինկենի հանդիպումը կոչված էր ցույց տալու, որ Արևմուտքը փորձում է «հարձակվել» բոլոր ճակատներով, մասնավորապես ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում: Եվ Մյունխենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ պանելային բանավեճի անվանումը բավականին խոսուն էր` «Շարժել սարերը»։

«Միևնույն ժամանակ բանակցային օրակարգը, որն առաջարկում է մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից Արևմուտքը, այնքան էլ տարբեր չեն։ Մի՞թե Պուտինը Վալդայական ակումբի նիստին չէր ասում, որ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Եվ այս թեզը նա շատ անգամ է կրկնել։ Սահմանագծման և սահմանազատման մասին խոսում են և՛ ռուսական կողմը, և՛ ամերիկացիները։ Երկուսն էլ խոսում են Ղարաբաղի հարցին լուծում գտնելու անհրաժեշտության մասին։ Խնդիրը միայն մոդերացիան է»,-ասաց քաղաքագետը։

Մարկեդոնովը երկու կարևոր հանգամանք է մատնանշում, որոնք պետք է հաշվի առնել բանակցային գործընթացը վերլուծելիս։ Նախ, չնայած Ռուսաստանի և Արևմուտքի «մենյուների» նմանություններին, դրանց միջև նպատակների տարբերություն կա։ Ռուսական մոտեցումը խաղաղության պայմանագիրն է որպես ամեն ինչի պսակ։ Պայմանագիրը պետք է հետևի տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, սահմանազատմանն ու սահմանագծմանը, որտեղ Մոսկվան, իր տեսանկյունից, ունի օգնության համար անհրաժեշտ գործիքներ, քարտեզներ և այլն:

Իսկ արևմուտքի պլանն այն է, որ պայմանագիրը կնքվի այստեղ և հիմա, իսկ այդ թղթի կտորն արդեն ինքնըստինքյան ամեն ինչ կլուծի։

Երկրորդը կարգավորման հարցում կողմերի ցանկության/պատրաստակամության բացակայությունն է։ Արևմուտքի կամ Ռուսաստանի առաջարկած կարգավորման տարբերակներին մի բան է միավորում` դրանք պատրաստվել են ոչ հակամարտության կողմերի, այլ ուրիշ խաղացողների` երրորդ ուժերի կողմից։

Կարելի է խոսել Կազանի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների, Բլինկենի, Լավրովի, Պուտինի, Միշելի պլանների մասին, բայց չկա «Ալիևի պլան» կամ «Փաշինյանի պլան»։ Իսկ եթե խոսենք անցյալ տարվա մարտին Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի մասին, ապա դա ավելի շուտ ոչ թե կարգավորման ծրագիր է, այլ կապիտուլյացիայի պայմաններ։ Հենց սա է ամբողջ խնդիրը, որ կողմերն իրենք պատրաստ չեն փոխզիջումների միջոցով խնդրի լուծմանը։

Վերադառնալով երկու ուժային կենտրոնների մոտեցումների վերլուծությանը` փորձագետը նշում է, որ Արևմուտքի համար խաղաղության պայմանագիրը նաև ռուսական ռազմական ներկայությունից «ազատվելու» հնարավորություն է, իբր` եթե կա խաղաղություն, էլ ինչի՞ համար են ռուսական զորքերը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։

Իսկ Ռուսաստանը շահագրգռված է այնպիսի խաղաղության հարցում, որը ձեռնտու կլիներ կողմերին, փոխզիջումային տարբերակ կլիներ։ Ռուսաստանի համար այս իրավիճակում կարևոր է, որ իրեն խաղից դուրս չմղեն։ Ուստի որոշակի հաշվարկ կա, որ Մոսկվան, այնուամենայնիվ, կփորձի մնալ Կովկասում։

Այս խորագրի վերջին նյութերը