Լրահոս

02.02.2023 21:48


Կաչաչատ Բունդին դատի է տվել ՀՀ նախագահին

Կաչաչատ Բունդին դատի է տվել ՀՀ նախագահին

Վարչական դատարան հայց է ներկայացրել Կաչաչատ Բունդին, ով դատարանից պահանջում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին պարտավորեցնել Կաչաչատ Բունդիին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնել։ Ավելի պարզ ասած՝ նախագահը մերժել է Կաչաչատ Բունդիին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումը, վերջինս էլ դիմել է դատարան։ Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել։

Հրապարակի հետ զրույցում Կաչաչատ Բունդիի ներկայացուցիչ Աշխեն Դաշյանն ասաց, որ հայցվորը ազգությամբ թաիլանդցի է, ծնվել է Թաիլանդի Թագավորությունում, Թաիլանդի քաղաքացի է։

«Ի սկզբանե ապաստան է հայցել Հայաստանից, այնուհետև ստացել է փախստականի կարգավիճակ դեռևս 2018 թվականին։ Հաշվի առնելով Հայաստանում երկար տարիներ բնակվելու հանգամանքը ու նաև այն, որ ներդրումներ է արել Հայաստանում կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում, որպես ավանդ ունեցող անձ դիմել է քաղաքացիություն շնորհելու համար, որպեսզի նախագահը քաղաքացիություն շնորհի»,-ասաց փաստաբանը։

Հարցին, թե ինչ հիմքով է մերժվել քաղաքացիության տրամադրումը, Աշխեն Դաշյանը պատասխանեց․

«Պրակտիկայում նախագահի կողմից հրամանագիրը բովանդակությամբ շատ կարճ է լինում, և այնտեղ որևէ պատճառաբանություն չի լինում, ուղղակի նշվում է, որ մերժվել է։ Սակայն քաղաքացիության շնորհման կամ մերժման համար անհրաժեշտ է մի շարք մարմինների եզրակացությունը՝ ԱԱԾ, ոստիկանություն, վարչապետի կողմից առաջարկ է ուղարկվում և այլն: Այս վարույթում մենք հասկացանք, որ ԱԱԾ-ն նպատակահարմար չի գտել քաղաքացիության շնորհումը, իսկ վարչապետի կողմից նախագահին քաղաքացիությունը տրամադրելը մերժելու նախագիծ է ուղարկվել, նախագահն էլ մերժել է։ Այսինքն՝ նախագահը ընդունել է նախագիծը, որը վարչապետը ուղարկել է։ Նախագահականի տեսակետն այն է, որ իրենք չեն կարող այլ բան անել, քան հաստատել ու ընդունել հրամանագրի նախագիծը, այսինքն՝ վարչապետն ինչ պահանջ որ ներկայացնում է, իրենք այլ բան չեն կարող անել, քան հաստատելը, ինչը, իհարկե, սխալ է, որովհետև նմանատիպ գործերով ՀՀ նախագահն ունի նաև այլ լիազորություն, նա կարող էր առարկություններով հետ վերադարձնել, խնդրի դեպքում ՍԴ դիմել»։

Դաշյանին խնդրեցինք մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ ներդրումներ ունի Կաչաչատ Բունդին Հայաստանում․ «Նախ առաջինը տնտեսության ոլորտում․ իր կողմից Երևանում հիմնադրվել է «Thai take away» ռեստորանը, որտեղ աշխատատեղեր են բացվել, 4 ՀՀ քաղաքացիներ են աշխատել, նրանց աշխատավարձ է տրամադրել։ Երկրորդը՝ պետական պարտատոմսերի մեջ է ներդրում կատարել, այնուհետև բարեգործական հիմնադրամներին գումարներ է նվիրաբերել, այդ թվում նաև առողջապահության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հաղթահարման համար։ Այս պահին նա Գլաձոր համալսարանում հանդիսանում է ասպիրանտ, այսինքն՝ ՀՀ-ում նաև բարձրագույն կրթություն է ստանում, և 4 տարի բնակվում է Հայաստանի հանրապետությունում։ Ինքը ակնկալիք ուներ, որ իրեն ՀՀ քաղաքացիություն տրամադրվի, որպեսզի ինքը Հայաստանում մնա որպես ՀՀ քաղաքացի, ինչը մերժվեց, որն էլ իմ կողմից վիճարկվում է վարչական դատարանում»,-պատասխանեց փաստաբանը։

Այս խորագրի վերջին նյութերը