Լրահոս

12.01.2023 08:17


«Փաշինյանը հանեց դիմակը. Արցախում մեծամասնությունը հասկանում է՝ նա հայ չէ». Դավիթ Գալստյան (տեսանյութ)

«Փաշինյանը հանեց դիմակը. Արցախում մեծամասնությունը հասկանում է՝ նա հայ չէ». Դավիթ Գալստյան (տեսանյութ)

«Արդեն մեկ ամսից ավելի է՝ Արցախի շրջափակման դառը պտուղները քաղում ենք, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականությունից չի հրաժարվել և շարունակում է այդ ձեռագրով գործել: Երկու օր է՝ էլեկտրաէներգիայի հետ կապված խափանման, վթարի մասին են խոսում, բայց ես վստահ եմ, որ դա նույնպես արհեստածին է, իրենք ամեն կերպ փորձում են ճնշել, արցախահայությանը ընկճել՝ հետ կանգնել մեր պայքարից»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ ընդգծելով, որ արցախահայությունը տրամադրված է պայքարի:

«Արցախահայությանը այդքան չեն ընկճում այն զրկանքները, որ կրում ենք, որքան ոմն Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները, թե՝ Արցախը այլևս հայկական չէ, կամ՝ աշխարհի բոլոր երկրները ճանաչում են՝ որպես Ադրբեջանի մաս: Այս մանիպուլյատիվ ձևերով փորձում է մեր հայրենակիցներին տրամադրել պարտության կամ զիջողական քաղաքականության: Ես համոզված եմ, որ նրա իշխանության գալը հենց պայմանավորված էր նրանով, որ կարողանան հային ընկճել, պառակտել, տիրանալ Արցախին, իսկ հետագայում նաև՝ Հայաստանին: Նիկոլ Փաշինյանն այսօր զիջումների մասին խոսում է միայն Արցախի վերաբերյալ՝ հասկանալով, որ Արցախի հարցը մինչև չլուծի՝ Հայաստանում հարցեր չի կարողանալու լուծել: Ես համոզված եմ, որ Ադրբեջանին չի հաջողվելու ընկճել արցախցուն, բայց միևնույն ժամանակ, ինչ-ինչ պատճառներից ելնելով, եթե նրանք կարողացան Հայաստանի օրվա իշխանություններին ստիպել հրաժարվել Արցախից, որի ճանապարհն արդեն մենք տեսնում ենք՝ գործնական քայլերով, դրանից հետո անցնելու են Հայաստանին: Ալիևն ասել է, որ միջանցք ունենալու են՝ անկախ Հայաստանի կամքից: Սա պետք է մեր հայրենակիցներին հուշի, որ Նիկոլը պատրաստ է բոլոր զիջումներին՝ բացի իր աթոռից հրաժարվելուց: Փաշինյանը հստակ մեսիջ է հղել հանրությանը և հստակ ասել է՝ մինչև ոտքի չկանգնեք՝ ես զիջելու եմ թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը: Եվ մենք պետք է դա հաշվի առնելով՝ օր առաջ թույլ չտանք Նիկոլին տանել երկու հայկական պետությունները կործանման»,-շեշտեց նա:

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Փաշինյանի ասուլիսն Արցախում շատ վատ է ընդունվել. «Արցախում մեծամասնությունն արդեն հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը հայ չէ, որովհետև նա հայկական շահերը չի սպասարկում: Ազգանունը կամ ծննդավայրը չեն նշանակում, որ նա կարող է հայ լինել: Նրա ոչ հայանպաստ քաղաքականությունը համահունչ է Ադրբեջանի քաղաքականության հետ»:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը բացում է իր դիմակը. «Նա հստակ բոլորիս ասում է, որ 2018թ. եկել է իշխանության՝ այս ծրագրերը կյանքի կոչելու: Իհարկե, ճանապարհին նա իրարամերժ բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնք բոլորը միտված են նրան, որ այդ ճանապարհով պետք է հանձնի Արցախը: Իհարկե, նա չէր կարող 2018թ. իր հայտարարություններում կամ, ինչո՞ւ ոչ՝ 2021թ. իր նախընտրական ծրագրում ասել, որ իրենք ձեռքերը լվանում են Արցախից, որովհետև հանրությունը դա իրեն չէր ների: Հանրությունը հայրենիքի համար պատրաստ է Նիկոլ Փաշինյանի և իր նմանների դատուդատաստանը տեսնել, սակայն Նիկոլ Փաշինյանը թաքնված էր դիմակի հետևում և կամաց-կամաց բացում է իր դիմակը, ես համոզված եմ, որ հանրությունը ոտքի է կանգնելու և թույլ չի տալու այդ չարաբաստիկ էակին՝ կյանքի կոչել այն ծրագիրը, որի համար եկել է իշխանության»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը