Քաղաքական

25.11.2022 18:29


Բավական չէ՝ տարան մեր երեխաներին սպանեցին, հիմա էլ մեզ են ուզում տուգանել․ Գարիկ Գալեյանը՝ զոհված զինծառայողների ծնողների դեմ ոստիկանության հայցի մասին

Բավական չէ՝ տարան մեր երեխաներին սպանեցին, հիմա էլ մեզ են ուզում տուգանել․ Գարիկ Գալեյանը՝ զոհված զինծառայողների ծնողների դեմ ոստիկանության հայցի մասին

ՀՀ ոստիկանությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան` զոհված զինծառայողների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչը կապված է սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի հետ։

Tert.am-ը թեմայի հետ կապված զրուցել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի հետ, ում դեմ ևս հայց է ներկայացվել Վարչական դատարան։

«Ես ստացել եմ ոստիկանությունց համապատասխան ծանուցումը, հայցի դեմ, բնականաբար, առարկություն ենք ներկայացնելու, ինչի մասին է խոսքը։

Նախ սկսենք նրանից, որ ոստիկանությունը իրավունք չուներ Եռաբլուրում ծառայություն իրականացնելու, որ մենք էլ իրենց պահանջներին չենթարկվեինք։ Եռաբլուրը զինվորական պանթեոն է, զորամաս է համարվում, այնտեղ ծառայություն պետք է իրականացնի ռազմական ոստիկանությունը, ոստիկանների արարքը արդեն իսկ անօրինական գործողություն է։ Մենք առերեսում ենք պահանջելու կարմիր բերետավորների հետ, որ տեսնենք՝ ով է իրենց այդ հրահանգը տվել, նրանց ու մեր ցուցմունքների մեջ, բնականաբար, լինելու են հակասություններ, այդ դեպքում պետք է առերեսում անեն, այդ ժամանակ էլ կպարզենք՝ ո՞վ է տվել զինվորների մայրերին այդ կերպ բերման ենթարկելու հրամանը»,-ասաց Գարիկ Գալեյանը։

Զինվորի հայրը համոզված է, որ ծնողներին վարչական պատասխանատության ենթարկելու ոստիկանության հայցը իշխանությունների միջամտության հետևանք է։

«Ո՞նց կարող է ոստիկանապետը հրահանգներ ու ճնշումներ ստացած չլինի իշխանությունից, առհասարակ, կա՞ այսօր մի ուժային կառույց, որը անկախ լինի, չկա՛, Քննչական կոմիտեն էլ անկախ չի, գուցե կան մարդիկ, ովքեր կփորձեն անկախ լինել, բայց համակարգը ենթարկվում է մեկ մարդու՝ ադրբեջանաթուրքական խունտայի ներկայացուցչին։

Ամեն ինչ հանուն փողի ու աթոռի է արվում։ Այս չորս տարվա մեջ ոչ մի կառույց, հատկապես՝ ուժայիններից, ի նպաստ պետության ոչինչ չեն արել։ Բավական չէ՝ տարան մեր երեխաներին սպանեցին, հիմա էլ մեզ են ուզում տուգանել։ Վստահ եմ, որ վարչական տուգանքներով մեզ փորձում են շեղել, որպեսզի քրեական գործով, որի շրջանակներում մենք պայքարում ենք, ինչ ուզեն անեն, սա մեզ մեր օրակարգից և պայքարից շեղելու փորձ է»,-ասաց Գարիկ Գալեյանը։

Այս խորագրի վերջին նյութերը