Հարցազրույց

05.08.2022 07:48


«Պայթյունի ձայներ լսեցինք, չգիտեինք՝ երեխաներին ո՞նց դուրս բերել, եթե Լաչինին են խփում». Ալվինա Աղաբաբյան (տեսանյութ)

«Պայթյունի ձայներ լսեցինք, չգիտեինք՝ երեխաներին ո՞նց դուրս բերել, եթե Լաչինին են խփում». Ալվինա Աղաբաբյան (տեսանյութ)

«Արմսես գիտակրթական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալվինա Աղաբաբյանը հանգստանալու նպատակով մեկնել էր Արցախ. նա Քոլատակում է եղել, երբ Ադրբեջանն Արցախի հանդեպ ագրեսիա է սկսել:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա մանրամասն նկարագրեց, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ վիճակում են եղել իրենք:

«Մենք մի քանի օր առաջ էինք Արցախ մեկնել՝ հանգստանալու: Գնալու ժամանակ տեսանք այն ճանապարհը, որն Ադրբեջանը կառուցել է և որով ուզում է փոխարինել Լաչինի միջանցքը: Ասֆալտապատ դատարկ ճանապարհ էր: Մի քանի օր Մարտակերտի շրջանի Քոլատակում էինք, ամսի 1-ին էլ Քոլատակ գետի մոտ էինք, երբ պայթյունի ձայներ լսեցինք, խառնվեցինք իրար, հասկացանք, որ ինչ-որ բան է կատարվում: Առաջին լուրն այն էր, որ Լաչինին են խփել և Գանձասարի հատվածում է լարված: Տղամարդիկ չկան, մենք մեր ընկերների տանն էինք, այնտեղ էլ երեք երեխա կար: Կանանցով իրար նայեցինք, ու առաջին միտքը այն էր, որ երեխաներին դուրս բերենք. միևնույն ժամանակ, մեզ մոտ նույն միտքն էր՝ բայց ո՞նց դուրս բերենք, եթե խփում են Լաչինին: Փաստացի, այսօր արցախցին ոչ միայն մենակ է, այլև պատանդի կարգավիճակում է: Եթե հանկարծ անվտանգությունը խաթարվում է այդ մի փոքր կյանքի ճանապարհի, պատկերացրեք այն անհանգստության ալիքը, որ ցանկացած արցախցու մոտ առաջանում է»,-ասաց նա:

Ալվինա Աղաբաբյանը նշեց, որ արագ հավաքել են առաջին անհրաժեշտության իրերը և սպասել լուրի. «Այդ ընթացքում բնակիչների հետ երբ խոսում էինք, ասում էին, որ ամեն օր դրոնների ձայնը գալիս է, այն աստիճանի, որ բնակիչներն արդեն զգում են՝ ռուսակա՞ն դրոն է, թե՞ թուրքական, հարվածայի՞ն է, թե՞ ուղղակի նկարահանում իրականացնող: Պատկերացրեք, այդ լարվածության մեջ արցախցին ամեն ժամ է ապրում: Անկեղծ ասած՝ ես զարմանում եմ, որ օգոստոսի 1-ին էլ Արցախից որոշ պաշտոնյաներ, պատգամավորներ ասում էին, թե այնտեղ ընդհանրապես տագնապ չկա: Ես չգիտեմ՝ ում անունից են նրանք խոսում, բայց ես կարող եմ ասել այն, ինչ ես եմ տեսել, ես եմ ապրել՝ Արցախի գյուղում, այնտեղ մարդիկ, մեղմ ասած՝ հանգիստ չէին: Առնվազն պետք է ապուշ լինես, որ նման իրավիճակում չանհանգստանաս: Ընդհակառակը, պետք է ասես, որ հանգիստ չէ վիճակը, որ մարդիկ այս համատարած թմբիրից դուրս գան, որ չմտածեն՝ դե, ռուսը այնտեղ կանգնած է, Արցախում որևէ խնդիր չկա, ու հանգիստ շարունակեն ապրել: Ես երեկ եմ վերադարձել, զոհերից մեկը մեր ընկերն էր, ընդամենը երկու օր առաջ միասին հաց ենք կիսել, և այսօր Գուգոն չկա, երկու երեխա զրկվեց հորից: Նրա մեծ երեխան այս տարի դպրոց պետք է գնար: Պատկերացրեք՝ այս հոգեվիճակով գալիս՝ հասնում ես Երևան, այստեղ հրավառություն է, մարդիկ անտարբեր են, կարծես լրիվ այլ իրականություն լինի»:

Արցախից վերադառնալու ճանապարհին նա ադրբեջանական կողմի կառուցած նոր ճանապարհին տեսել է ռուս խաղաղապահների երեք մեքենա. «Ինչ-որ աշխատանքներ էին տանում, մտածեցինք՝ երևի անցակետ են տեղադրում, ու այդ պահին նկատեցինք, որ Հին Շենից երևի 8-9 մեքենայի շարասյուն է գալիս, որից դատելով՝ առնվազն ադրբեջանցի փոխնախարար էր մեջը, որովհետև շատ ներկայացուցչական շարասյուն էր: Ժամը 3-ն էր, այսինքն՝ ինչ-որ պայմանավորված հանդիպում էր, բայց մեր կողմից որևէ մեքենա չկար, որ խոսեր այն մասին, որ այդտեղ նաև հայկական կողմը կար ներկայացված:

Նկատեցինք, որ այդ օրերի ընթացքում այդ նոր ճանապարհին ճանապարհային նշաններ են տեղադրված, այսինքն՝ իրենք ինտենսիվ պատրաստվում են ճանապարհը հանձնել շահագործման և դրանով կազմակերպել մեր երթևեկը: Քիչ ճանապարհ էինք անցել, երբ մեզ զանգեցին այն տնից, որտեղ այդ օրերին մնում էինք, և ասացին, որ հարվածել են իրենց: Այսինքն՝ տեսեք՝ Ադրբեջանը գալիս է ռուսական կողմի հետ հանդիպման, միևնույն պահին հարվածում է հայկական դիրքերին: Ադրբեջանի այդ քաղաքականությունը նոր չէ, ինքը միշտ էլ ցանկացած հանդիպման ժամանակ կամ դրանից առաջ ստեղծում է իր համար էլ ավելի բարենպաստ դիրքեր, որով ինքը այդ հանդիպմանը հանդես է գալու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը