Կարծիք

04.08.2022 17:42


Չորս օր Հայ Զինվորը անում է այն, ինչ դավաճանները երկու տարի փորձում են ապացուցել, որ անհնար է

Չորս օր Հայ Զինվորը անում է այն, ինչ դավաճանները երկու տարի փորձում են ապացուցել, որ անհնար է

Մահաբերը «Կյանքի պուրակ» է կառուցում Երևանում, որ ըստ իր մեկնաբանության «2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո նահատակների հիշատակը խորհրդանշող նոր սիմվոլ է և պիտի խորհրդանշի «կյանքի հաղթանակը», որովհետև նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի»: Ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի մեր քաջորդիները զոհվեցին, որ ինքը Արցախը հանձնի թշնամուն ու դրանով Հայաստանն ապրեցնի…Սուտ, կեղծիք, դերասանական ցածրակարգ խաղ, պոպուլիզմ` միայն այսպես կարելի է բնութագրել ներկայիս իշխանությանը: «Փրկիչը» այսօր ՀՀ Կառավարության նիստի ժամանակ խրոխտ ձայնով իր համար բարեկամ, Հայի համար թշնամի ադրբեջանցի քոչվորներին զեկուցեց. «Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինծառայող չկա» և դրանով իսկ փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, արձանագրելով նաև երկու հայկական պետությունների համար կործանարար փաստ` Նիկոլ Փաշինյանը իրականացրեց թշնամու վաղեմի, անկատար թվացող երազանքը` բաժանեց իրարից Հայաստանն ու Արցախը: Նա նաև հպարտ է, որ մոտ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ունեինք, իսկ հիմա իրենց մեծագույն ձեռքբերումն է Լեռնային Ղարաբաղ միավորը:

Վերջին ինքնասուլիսի ժամանակ Փաշինյանը հաստատեց, որ Արցախը Հայաստանին պիտի կապվի այլ երթուղով, իսկ Բերձորի և Աղավնոյի բնակիչները պիտի լքեն իրենց բնակավայրերը (Սուսի մասին չգիտեր), հիմա կարծես նոր է կարդացել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը և ասում է այն, ինչ Արցախի Արդարություն կուսակցությունն էր ասում դեռևս սույն թվականի փետրվարից: Խոսում է, երբ համոզված է, որ իր սև գործն արել է, խոսում է, երբ երկու հերոսով ևս համալրվեց Երկնային Բանակը:

Իբր լեզվի սայթաքում էր, սակայն վստահ ձևակերպմամբ, որ իրենք այս ընթացքում պատրաստ են ամեն օր ապահովել ադրբեջանի արևմտյան շրջանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ կա նման խոսակցություն իր և ալիևի միջև: Իհարկե կարող ենք, որովհետև Նիկոլը երբեք պատահական խոսքեր չի ասում:

Արդեն չորս օր է Արցախում «լռություն» է, մարդիկ էլ չեն տալիս սովորական դարձած հարցը. «Բա վերջը ի՞նչ է լինելու», որովհետև անտանելի ցավեցնող ու գժվեցնող է միտքը, որ Հայրենիքը մի օր հետ ենք բերելու, բայց քաջորդիներին` երբեք…

Իսկ ՀՀ-ում իշխանությունը զավթած մի ղեկավար կա, ով այս ամենը բնութագրում է ադրբեջանի գործողություններ իր խաղաղաության օրակարգի դեմ, բայց ինքն այդ օրակարգից չի հրաժարվելու, չի շեղվելու…որովհետև հենց դա է այն ճանապարհը որով ազատվելու է իր համար այնքան ատելի Ղարաբաղից ու ղարաբաղցիներից ու փառավորվելու է հայատյացի հոգին…

Իսկ Հայը մի անելիք ունի` ուժեղանալ, շատ ու անընդհատ ուժեղանալ և հոգեպես, և ֆիզիկապես: Ազատվել այս հակահայ, թրքաբարո իշխանություններից ու տեր կանգնել Հայրենիքին, չթողնել մեր քաջորդիների գործն անավարտ…

Չորս օր Հայ Զինվորը անում է այն, ինչ դավաճանները երկու տարի փորձում են ապացուցել, որ անհնար է: Չորս օր Հայ Զինվորը անում է այն, ինչ անում էր 44 օր, պաշտպանում է իր Հայրենիքը, առանց մի կտոր իսկ զիջելու, գիտակցելով, որ ետևում իր երեխան է…Հայ Զինվորը երբեք չի պարտվում, իսկ բանիմաց հրամանատարության ու հանուն Հայրենիքի տրված հրամանների արդյունքում անում է անհնարին թվացողը. Արցախում թշնամու ուժեղացված հարձակումների արդյունքում ոչինչ չի զիջվել և դա ի շնորհիվ ճիշտ ու գրագետ հրամաններով կազմակերպված պաշտպանության:

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը