Լրահոս

22.04.2009 19:04


Շիրակի մարզի քաղաքաշինության ոլորտի բյուջեն կկրճատվի 40-50 տոկոսով

Առաջին եռամսյակում արված աշխատանքներն այսօր լրագրողներին են ներկայացրել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունները:

Ըստ քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի, Շիրակի  մարզի  քաղաքաշինության ոլորտին պետբյուջեից հատկացված գումարը 3,5 մլրդ դրամ է, սակայն ֆինանասատնտեսական ճգնաժամի հետևանքով շինարարության ոլորտում  տեղ գտած կրճատումներն ազդել են նաև Շիրակի վրա. այդ գումարից կկրճատվի  40-50 տոկոսը: Ըստ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի, կկրճատվեն հիմականում կրթական և մշակութային օջախների հիմնանանորոգման շինաշախատանքների համար հատկացված գումարները:

«Շիրակ հյուրանոցի, Սևանի մշակույթի պալատի, մանկավարժական ինստիտուտի, Գեղանիստ, Արեգնադեմ, Ջաջուռ, Մեծ Սեպասար համայնքների դպրոցների և մարզադահլիճների հիմնանորոգման աշխատանքերը  այս տարի չեն իրականացվելու, իսկ նրանք, որոնք սկսել են արդեն՝ մինչ տարեվերջ շինաշխատանքները կավարտվեն»,- վստահեցրել է Ալբերտ Մարգարյանը:

Բնակարանաշինության ոլորտում, ըստ պատասխանատուների, կարևոր առաջընթացը Մուշ-2 թաղամասում մեկնարկած շինարարությունն է: Տնտեսական ճգնաժամից Մուշ 2 թաղամասի շինարարությունը չի տուժելու՝ վստահեցրել է պաշտոնյան: Վթարային կառույցների վերանորոգմանը կառավարությունը կանդրադառնա ավելի ուշ. «Մշակվում է համապետական ծրագիր՝ վթարային շենքերի վերաբերյալ, որտեղ պետք է ընդգրկված լինեն ոչ միայն աղետի գոտու, այլ ամբողջ հանրապետության վթարային շենքերը, իսկ դա կլինի 2012 թվականից հետո»,- ասել է Ալբերտ Մարգարյանը:

 

Մարզի գյուղատնտեսության ոլորտում այս տարի ակնհայտ փոփոխություններ չկան,– նշել է մարզպետարանի վարչության պետ Մովսես Մանուկյանը: Այս տարի 55 000 հեկտար ցանքատարածություն է մշակվել: Անցած տարվա համեմատությամբ, սակայն, մշակումը նվազել է, թե կոնկրետ ինչքանով՝ Մ. Մանուկյանը չի նշել։

-Տարեցտարի մենք նվազման միտում ենք արձանագրում ցանքատարածությունների մշակման առումով, դինամիկան նվազման է տանում»,- ասել է Մովսես Մանուկյանը:

Այն հարցին թե, ի՞նչ քայլեր են ձեռնարկելու այն ֆերմերները, որոնց պահեստներում մինչ օրս կուտակված կարտոֆիլ կա, գյուղատնտեսության վարչության պետը պատասխանել է. «Սրան կառավարական միջամտություն է պետք: Կոնկրետ մեր մարզում 12 հազ. տոննա կարտոֆիլ է մնացել: Հիմնականում արտահանումը իրականացվել է դեպի Վրաստան,  հիմա արտահանման ծավալները խիստ նվազել են, իսկ ներքին շուկան այդքանը սպառել չի կարող: Սակայն դեռևս ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը