Քաղաքական

22.07.2011 16:23


Սմբատ Այվազյան. «Սերժ Սարգսյանն «իգռոկ» է, կազինոյի խաղացող»

Սմբատ Այվազյան. «Սերժ Սարգսյանն «իգռոկ» է, կազինոյի խաղացող»

–Սերժ Սարգսյանը չգիտի՝ երկխոսության արդյունքը որն է լինելու,–այսօր լրագրողներին ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը,–Սերժ Սարգսյանն իրավիճակային լուծումների գնացող անձնավորություն է։ Նա միշտ այդպիսին է եղել. առաջին կետից մինչև վերջին կետը երբեք չի նստում հաշվում։

Սմբատ Այվազյանը երկխոսության գնալու Սերժ Սարգսյանի քայլը բացատրում է ներքին կյանքում ունեցած ձախողումներով և նրանով, որ նախագահը խնդիրներին անդրադառնում է հետևյալ կերպ՝ խոսո՞ւմ է հասարակությունն արտագաղթից, ինքը ինչ–որ թատերական ներկայացում է պատրաստում՝ խոսելով միայն թվերի, ոչ թե արտագաղթի պատճառների կամ այն կանխելու լուծումների մասին։

Սերժ Սարգսյանն ամեն ինչ կիսատ–պռատ է անում,–ասել է Ս. Այվազյանը՝ հիշեցնելով, որ նույն կերպ Սերժ Սարգսյանն արել է ՀԱԿ–ի պահանջների կատարման և երկխոսությանն արձագանքելու դեպքում։

ՀԱԿ անդամն ընդգծել է նաև, որ Սերժ Սարգսյանը տեսնում է սոցիալական բունտի հասունացման վտանգը, իսկ դրան զուգահեռ ձախողված է արտաքին քաղաքականությունը։

–Բայց Ղարաբաղի հարցով ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը վերջնական լուծման չի գնալու։ Նա ա՛յդ տեսակն է։ Սերժ Սարգսյանը խաղում է այնքան, ինչքան հնարավոր է խաղալ։ Ընդհանրապես Սերժ Սարգսյանն «իգռոկ» է, կազինոյի խաղացող։ Իսկ կազինոյի խաղացողն ինչպե՞ս է անում՝ այսօր 10 հազ դոլարի ֆիշկա ունի, 10 հազ դոլարով է խաղում։

Իսկ թե ինչո՞ւ է այդքանն իմանալով հանդերձ՝ ՀԱԿ–ը երկխոսում Սերժ Սարգսյանի հետ, Ս. Այվազյանը հայտարարել է.

–Իրականությունն այն է, որ այսօր գործող նախագահը Սերժ Սարգսյանն է, և դրա հետ հաշվի չնստել մենք չենք կարող։ Սա՛ է իրականությունը։ Եվ Հայաստանում անցնցում իշխանափոխություն է պետք։

–ՀԱԿ–ը չի ուզում արաբական սցենարով գնալ,–ընդգծել է ՀԱԿ անդամը՝ պատճառաբանելով դա այն գիտակցումով, որ քանդելուց հետո վաղը կառուցելը շատ ավելի բարդ է լինելու։

–Բայց եթե պարտադրված լինենք, հանուն Հայաստանի ապագայի պարտավոր ենք գնալ դրան,–հայտարարել է Ս. Այվազյանը՝ նկատելով, որ անձամբ ինքը վճռակա՛ն քայլերի կողմնակից է։

«7օր»–ի հարցին՝ եթե ՀԱԿ–ը չկարողանա հասնել արտահերթ ընտրությունների, կհայտարարի՞, որ ձախողվել է, և կհեռանա՞ քաղաքականությունից, Ս. Այվազյանը պատասխանել է.

–Ժամանակից առաջ չընկնենք։ ՀԱԿ–ում դրա հետ կապված որոշում կկայացվի, բայց ես համոզված եմ, որ երկրում իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, և ՀԱԿ–ը հասնելու է դրան։ Դա միայն ՀԱԿ–ի խնդիրը չէ. դա ամբողջ ժողովրդի խնդիրն է։ ՀԱԿ–ն այստեղ ուղղակի առաջնորդում է, կամ այս գործի առաջամարտիկն է։ Այստեղ միայն ՀԱԿ–ը չի պարտվում. այստեղ պարտվում է ամբողջ ժողովուրդը։

Ս. Այվազյանի այս խոսքերին ի պատասխան՝ «7օր»–ի թղթակիցը նկատել է՝ հետևաբար, ՀԱԿ–ը տնտեսական քաղաքականության ձախողումների համար ինչո՞ւ է պահանջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, չէ՞ որ նա էլ ՀԱԿ–ի նման խոստումներ է տալիս, բայց, փաստորեն, չի կարողանում դրանք իրականացնել, իսկ հետո էլ կարող է ասել, որ դա ոչ թե իր, այլ Հայաստանի, ժողովրդի պարտությունն է։

–Միգուցե Ձեզ հետ համաձայն լինեմ, եթե ՀԱԿ–ը չհաջողի։ Բայց մեր ուժը ժողովուրդն է։ Ժողովրդի միջոցով մենք գնում ենք, մեր պահանջները դնում ենք, փորձում ենք հասնել դրանց մաքսիմալ իրականացմանը,–պատասխանել է ՀԱԿ անդամը։

Ի դեպ, Ս. Այվազյանը հայտարարել է նաև, որ ինքը ղարաբաղյան հարցում դեմ է որևէ բան զիջելուն՝ անկախ նրանից՝ ՀԱԿ–ը կամ իշխանությունն ինչ տեսակետ կունենան։ «7օր»–ը հետաքրքրվել է՝ այդ դեպքում ինչպե՞ս է այսօր ինքը Լևոն Տեր–Պետրոսյանի կողքին կանգնած, Ս. Այվազյանը նկատել է.

–Ընտանիքում ընտանիքի անդամները տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ են ունենում։ Ի՞նչ է՝ միասին չպե՞տք է գործենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը