Քաղաքական

20.04.2009 15:30


ՕԵԿ–ը, Արարատ լեռն ու ճամբարափոխությունը

ՕԵԿ–ը, Արարատ լեռն ու ճամբարափոխությունը

Օրինաց երկիր կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնող թեկնածուները՝ Հենրի Բակունցը և Գրիգորի Վահանյանը «Հայացք» մամուլի ակումբում խոսել են Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի տեղի ու դերի մասին։

-Երկրագնդի վրա կա մի լեռ, որի անունն Արարատ է, և այսօր դուք տեսել եք, թե ինչպիսի գեղեցիկ, հզոր, մաքուր և ինչպիսի ազնիվ է այդ լեռը։ Այդ  լեռան լանջին կա մի քաղաք, որի անունը Երևան է. մեկն է այդ քաղաքը։ Մենք ուզում ենք, որ մեր նախնիների պատգամներն իրականացնենք, ուզում ենք, որ մեր քաղաքը լինի ոչ միայն մաքուր ու գեղեցիկ, այլ լինի մշակույթի, գիտության և երիտասարդության քաղաք,- ասել են բանախոսները։

Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հենրի Բակունցը, ով ցուցակի երկրորդ հորիզոնականում է, հակառակվել է այն մտքին, թե բժիշկը չպետք է զբաղվի քաղաքականությամբ.

-Այդ միտքը հիմա ոչ լիարժեք է, որովհետև այն խնդիրները, որոնք որ վերջին 15-20 տարիների ընթացքում կուտակվել են առողջապահության համակարգում, հրատապ են, լուծման ենթական են, և քաղաքականությամբ զբաղվելն ինձ հնարավորություն կտա հնչեցնել այն խնդիրները, որոնք առկա են առողջապահության ոլորտում, և ցույց տալ այն ուղիները, որոնցով հնարավոր է լուծում տալ խնդիրներին։

Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Գրիգորի Վահանյանն էլ խոսելով  ՕԵԿ-ի ու Արթուր Բաղդասարյանի հաճախակի ճամբարափոխության մասին, ասել է.

-Երևանը ճամբար չէ: Քաղաքական ճամբար չի լինում, լինում են նպատակներ և եթե Դուք կիսում եք այդ նպատակները՝ գործում եք դրանց համաձայն: Մեզանից ոչ ոք չի փոխել իր ճամբարը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը