Քաղաքական

21.10.2021 14:11


«Մամուլն ազատ է, ավելի քան երբևէ» կարգախոսը թմբկահարող իշխանությունները գործում են ընդդեմ ազատ մամուլի. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Մամուլն ազատ է, ավելի քան երբևէ» կարգախոսը թմբկահարող իշխանությունները գործում են ընդդեմ ազատ մամուլի. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Լրատվական դաշտն այն քիչ կայացած համակարգերից է, որն այժմ գործում է։

2018-ի հայտնի գործընթացներից հետո քաղաքական դաշտը ոչնչացվել էր։ Մենք ստացել էինք մեկ դերասանի թատրոն հիշեցնող քաղաքական-պետական համակարգ, որը չուներ ընդդիմախոսներ, ինչը դեպի բռապետություն ու ամբոխավարություն տանող ուղիղ ճանապարհն է։ Մամուլը դարձավ 2018-ից ձևավորված իշխանությունների ընդդիմախոսը և հանրային վերահսկողություն իրականացնող մարմինը։ Մամուլը ստիպված էր զբաղվել քաղաքականությամբ ու հավասարակշռել քաղաքականությունը պոպուլիզմի, հանրային փսիխոզի վերածածների քայլերին։ Մամուլը նաև այլընտրանքային կարծիք ձևավորելու ու այդ կարծիքը տեղ հասցնելու ֆունկցիա կատարեց, որպեսզի ժողովրդավարության վերջին փշրանքները չխժռեն «թավշյա» կոչված հեղափոխությունը։

Ազատ խոսքը 2018-ի գարնանից սկսած վտանգվեց՝ սկզբում ամբոխի հարձակման ուժով, ապա նոր իշխանավորների գործողություններով, որոնք շարունակվում են մինչև հիմա։

Օրենսդրական այս նախաձեռնության մասին դեռ շատ առիթներ կլինեն խոսելու։ Այժմ ուզում եմ անդրադառնալ այս իշխանությունների գործելաոճին ընդհանրապես։

«Մամուլն ազատ է, ավելի քան երբևէ» կարգախոսը թմբկահարող իշխանությունները գործում են ընդդեմ ազատ մամուլի։ Այսինքն՝ այն մամուլի, որն իր ազդեցության տակ չէ։

Որոշ նախկին լրագրողներ, որոնք այսօր պաշտոնյաներ են դարձել, սկսել են մամուլի դեմ կռիվ տալ։ Եվ դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց լրագրողական գործունեությունն իրականացրել են բամբասանքներ, սուտ ու կեղծիք տարածելով։ Հիմա այս մարդիկ ուզում են դառնալ մեդիադաշտը ապատեղեկատվությունից մաքրողներ։ Սա ցինիզմ է ու երեսպաշտություն։ Իրենց իրական նպատակն այլ է՝ լռեցնել ոչ հաճո խոսքը։ Այն խոսքը, որը կբացահայտի գործող իշխանությունների կոռուպցիոն ռիսկերը, ցածրորակ կառավարումը և մեր պետությունը կործանման առաջ կանգնեցնողների գործունեությունը։

Մեդիադաշտից եկած իշխանություններն ամեն ինչ արել և անում են մեդիադաշտի դեմ՝ հարձակումներ գործելով ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմական շրջանում։

Պատերազմն այսպիսի ողբերգական արդյունքներ գրանցեց նաև արծրունական ստի ու կեղծիքի քարոզի միջոցով։ Հանրությանը մոլորեցնում էին, թե իբր հաղթում ենք, իսկ ճշմարտությունն ասողների բերանը փորձում էին փակել՝ կառավարության հակասահմանադրական որոշման հիման վրա աստղաբաշխական տուգանքներ կիրառելով։

Այդ տուգանվածներից մեկն էլ ես եմ, այն էլ՝ երկու անգամ։ Եվ միայն դատական կարգով հնարավոր եղավ պաշտպանել ազատ խոսքի իմ իրավունքը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ էլ իշխանամերձ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ միջազգային ֆինանսական հոսքեր ունեցող այլ կառույցների հետ միասին, ֆեյսբուքյան տիրույթում վերահսկողություն սահմանեցին և խիստ սուբյեկտիվ, անհիմն և անտրամաբանական պատճառաբանություններով սահմանափակեցին հայաստանյան իշխանությունների քիմքին ոչ հաճո լրատվամիջոցների գործունեությունը։

Լրատվամիջոցների դեմ հարձակումից հետ չմնաց նաև նոր գումարման Ազգային ժողովի ղեկավարությունը՝ առաջին իսկ օրերից սահմանափակելով լրագրողների տեղաշարժը խորհրդարանի շենքի տարածքում, հետևաբար նաև՝ տեղեկատվություն ստանալու և այն հանրությանը փոխանցելու նրանց իրավունքն ու հնարավորությունը։

Ահա սա է կեղծ լոզունգներով իշխանության եկածների իրական դեմքը՝ կեղծել բոլոր ոլորտներում, ապականել եղածը, հարձակվել կայացած ոլորտների վրա, հաստատել բռնապետական կարգեր որտեղ որ հնարավոր է և ինչքան հնարավոր է։ Այլ հարց է, կհաջողվի՞ դա նրանց, թե՞ ոչ։ Դա արդեն յուրաքանչյուրիցս է կախված։ Մեր գիտակցված ու քաղաքացիական ընտրությունից։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը