Քաղաքական

24.09.2021 14:27


Հողատարծքներ, ավանդ, բնակարաններ մարզերում. Ի՞նչ սեփականություն ունեն բյուջեից բնակարանի վարձ վերցնող ՔՊ-ականները

Հողատարծքներ, ավանդ, բնակարաններ մարզերում. Ի՞նչ սեփականություն ունեն բյուջեից բնակարանի վարձ վերցնող ՔՊ-ականները

Նախօրեին մամուլը գրեց, որ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների Երևանում վարձակալած բնակարանի վարձավճարը կփոխհատուցի Ազգային Ժողովը, այսինքն պետբյուջեն: Մասնավորապես, բնակարանի վարձի փոխհատուցում ստանում են ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփի Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը:

Այս ցանկից յուրաքանչյուր պատգամավոր որպես աշխատավարձ, պետությունից ստանում է 661 հազար 400 դրամ աշխատավարձ, որպես գործուղումների ծախս՝ 250 000 դրամ, անցած ամսվա համար պետությունը նաև պարգևավճար է փոխանցել՝ 381 420 դրամ, և պարզվում է, բնակվարձի համար էլ փոխհատուցում է վճարվում՝ 100 000-ական ՀՀ դրամ: Ստացվում է, որ ամսական այս պատգամավորները ստացան՝ մոտ 1 միլիոն 400 հազար դրամ։

Առաջարկում ենք ծանոթանալ իշխանական այս պատգամավորների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերին:

Այսպես, Վահե Ղալումյանը 2020 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ որպես սեփականություն ունի 4 հողամաս Տավուշի մարզում, երկու բեռնատար ավտոմեքենա, իսկ տարվա վերջում դրամական միջոցները կազմել են 326,036 ՀՀ դրամ:

ՔՊ մյուս պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2020 թվականի վերջում ունեցել է 2,031,618 ՀՀ դրամ:

Հովիկ Աղազարյանն ունի սեփական հողատարածք Արարատի մարզում, իսկ դրամական միջոցները կազմում են 4,000,000 ՀՀ դրամ:

Կնյազ Հասանովն ունի բնակարան Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքում, VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, իսկ դրամական միջոցները նշված չեն:

Մաթևոս Ասատրյանը ունի հինգ հողամաս, ավտոտնակ և նորակառույց տուն Արագածոտնի մարզում՝ Ապարան քաղաքում, բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց UAZ, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց TOYOTA մակնիշի, իսկ դրամական միջոցները տարվա ավարտին կազմել են 1,500,000 ՀՀ դրամ:

Արփի Դավոյանի դրամնական միջոցները կազմում են 2,832,817.00 ՀՀ դրամ:

Լիլիթ Ստեփանյանը հայտարարագրել է 500,000 ՀՀ դրամ:

Արեն Մկրտչյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MAZDA մակնիշի, 650,000 ՀՀ դրամ կանխիկ և 186,300 դրամ անկանխիկ միջոցներ: Արեն Մկրտչյանը նաև ավանդ ունի բանկում 2,000,000 դրամի չափով:

Սերգեյ Մովսիսյանն ունի երկու հողամաս Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MERCEDES-BENZ մակնիշի և 4,000,000 ՀՀ դրամ:

Նարեկ Ղահրամանյանն էլ ունի հողամաս Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց AUDI մակնիշի, 500,000 դրամ անկանխիկ և 3,000,000 կանխիկ դրամական միջոցներ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, իսկ իմքայլականների վերջին որոշումով էլ պատգամավորին պատգամավորական ծախսերի համար հատկացվում է ամսական 250 հազար դրամ: Բացի այդ, ամեն ամիս տրամադրվում են բենզինի կտրոններ, ինչպես նաև պարգևավճարներ: Օրինակ օրեր առաջ Անկախության օրվա առթիվ տրամադրվել էր 381 420 դրամ պարգևավճար:

Ստացվում է, որ ժողովրդին ծառայելու համար իշխանության եկած պատգամավորներին, որոնցից շատերի դեպքում ԱԺ-ն առաջին աշխատատեղն էր, մոտավորապես 900 հազար դրամը ամսական չի բավարարում, նրանք դեռ ամսական 100 դրամ էլ վերցնում են բյուջեից բնակարանի վարձը վճարելու համար: Թե ինչքան է բարոյական՝ հետպատերազմական այս իրավիճակում, երբ հազարավոր ընտանիքներ անտուն են, կան բազմահազար վիրավորներ և սոցիալական խնդիրներ, վերցնել ամսական այդ գումարը, թողնենք ձեր դատողությանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը