Քաղաքական

03.09.2021 12:04


Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատ է. փաստաբան

Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատ է. փաստաբան

«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատ է, այս մասին Aysor.am-ին ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Ծանր շաքարային դիաբետ ունի, օրական 92 միավոր ինսուլին է ստանում ու դա, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է կալանքի հետ»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, թե օգոստոսի 24-ին Չարչյանը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, ինչը կրկնվելու հատկություն ունի։

Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հրատապ դատական նիստ հրավիրել և պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկել, դատարանից, սակայն, որևէ արձագանք չկա։

«Մենք գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, հետևաբար, այստեղ տրամաբանությունն, արդեն իսկ, ակնհայտ է»,-ասաց նա։

Սեպտեմբերի 1-ին Արմեն Չարչյանին այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Պաշտպանը հանդիպումից մանրամասներ չներկայացրեց, միայն նշեց, որ զրուցել են առանձին, հանդիպումը կազմակերպել է ինքը։

Հիշեցնենք՝ հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում էր կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել։

Մայր Աթոռ-ն անդրադարձել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ իրավապահ մարմիններին հորդորելով անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին։

Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է ՀՔԾ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նա կալանավորվել էր մեկ ամսով։

Հուլիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին ազատ արձակել։

Օգոստոսի 23-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Այս խորագրի վերջին նյութերը