Քաղաքական

31.07.2021 19:18


«Գյուղից 3 կմ հեռու երևի բազա են հիմնում, անընդհատ շարասյուն ենք տեսնում». Շուռնուխի համայնքապետ

«Գյուղից 3 կմ հեռու երևի բազա են հիմնում, անընդհատ շարասյուն ենք տեսնում». Շուռնուխի համայնքապետ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որն ամիսներ առաջ վերցվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից, շարունակում են ինժեներական աշխատանքներ ընթանալ: 168.am-ի հետ զրույցում Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն ասաց, թե այդ աշխատանքները գյուղից մետրերի հեռավորության վրա են կատարվում:

«Իրավիճակն ընդհանուր նույնն է, ինչ եղել է մի 20-25 օր առաջ: Իրենք իրենց ինժեներական աշխատանքներն անում են, իրենց տեղերը պնդեցնում են: Մետրերի հեռավորություն է: Դե, ճանապարհի տակի թաղամասը վերցրել են, բնականաբար, մետրերի հեռավորություն է: Էնտեղ բոքսեր են կառուցել ու դիմացի բարձունքի վրա էլ նորից պոստի տեղադրում են արել: Բայց ընդհանուր հանգիստ են, ոչ մի ագրեսիա, սադրանք չկա:

Բոքսերն էլ երևի տեխնիկայի կայանման համար են սարքում, բեռնատար մեքենաների կայանման տեղ: Միգուցե մեծ զորանոց են սարքում, ամեն դեպքում կողքից չես կարա հաստատ ասես, ավելի շատ կարաս ենթադրություն անես, թե ինչ կարան անեն…

Հենց անմիջապես գյուղի բաժանման հատվածում՝ մեր տարածքում, ռուսական խաղաղապահն է կանգնած՝ իրենց զրահատեխնիկայով: Հերթապահություն են անում»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Արշակյանի փոխանցմամբ՝ գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ այն հատվածում, որտեղ այժմ ադրբեջանական ուժերն են վերահսկողություն իրականացնում, նկատելի է այնպիսի տեղաշարժ, որ կարելի է բնութագրել այդ տարածքում ռազմաբազայի առկայությամբ:

«Երևի հիմա բազա են հիմնում, որովհետև 3կմ հեռավորության վրա էնտեղ գյուղ կա, էդ գյուղն անընդհատ շարասյուն ա մտնում: Ի՞նչ են տեղափոխում, չգիտեմ: Մենք տեսնում ենք էդ շարասյան լույսերը, որ գալիս-մտնում են էդ ձորը: Էդ գյուղն ուրիշ տեղից չի դիտարկվում, որ հասկանանք՝ ինչ են անում, կամ ինչ է կատարվում, ինչի են նախապատրաստվում»,-168.am-ին ասաց Շուռնուխի համայնքապետը:

Ինչ վերաբերում է գյուղացիներին, ապա նրանք, համայնքապետի խոսքով՝ ամեն օր ադրբեջանցի զինվորական տեսնելով՝ իմունիտետ են ձեռք բերել:

«Բնակիչներն արդեն հարմարվել են էն առումով, որ ամեն օր տեսնում են էդ, մարդիկ իմունիտետ են ձեռք բերում: Իրենց բոստանով են զբաղված»,-նշեց Արշակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը