Քաղաքական

13.07.2021 20:30


Վերաքննիչ դատարանը բավարարել է Տիրան Խաչատրյանի բողոքը. Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ԳՇ պետի տեղակալ նշանակումը չեղարկելու հայցը վարույթ է ընդունվել

Վերաքննիչ դատարանը բավարարել է Տիրան Խաչատրյանի բողոքը. Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ԳՇ պետի տեղակալ նշանակումը չեղարկելու հայցը վարույթ է ընդունվել

Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։

Նշենք, որ Վարչական դատարանը մերժել էր հայցը վարույթ ընդունել, նշելով, թե Տ.Խաչատրյանը իրավասու չէ նման հարց բարձրացնել, ինչի դեմ Տիրան Խաչատրյանի փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՎԴ/2529/05/21 և ՎԴ/1788/05/21 վարչական գործերով արդեն իսկ վիճարկվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ազգային հերոս, գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատման իրավաչափությունը և օրինականությունը, ուստիև ակնհայտ է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին Արշակ Կարապետյանի նշանակմամբ ուղղակիորեն խախտվել է Հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 50-րդ (պատշաճ վարչարարության իրավունք), 57-րդ (աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք) հոդվածներով սահմանված իրավունքները, որոնցով պայմանավորված է նաև սույն հայցով Հայցվոր կողմից շահագրգռվածությունը: (…)»,- նշել է փաստաբանը։

Նրա արձանագրմամբ՝ 10.03.2021թ. Տիրան Խաչատրյանի հայցի հայցադիմումն ընդունվելու պայմաններում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով կասեցված է «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի փետրվարի 24-ի թիվ ՆՀ-25-Ա հրամանագրի կատարումը, իսկ մեկ այլ գործով կասեցված են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և 2-Ա հրամանները, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. թիվ 830-Ա հրամանը:

«Հետևաբար, վերոգրյալ հանգամանքները ևս վկայում են նրա մասին, որ ցանկացած անձի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելը չպետք է իրականացվեր (այդ պրոցեսի կասեցված լինելու հիմքով), քանի որ այդ պաշտոնին Հայցվորի ազատման կապակցությամբ առկա է այլ դատական գործերի առկայություն, որոնցով գործն, ըստ էության, դատական դեռևս չի կայացվել»,- ընդգծել է փաստաբանը։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հայցվորի «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը ենթակա է գնահատման նյութական իրավունքի նորմերի վերլուծության և գործի փաստերի գնահատման միջոցով՝ գործի, ըստ էության, քննության փուլում՝ համապատասխան վարչադատավարական ընթացակարգերի միջոցով, որպիսի պարագայում բացակայում է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ հայցադիմումը դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմքը ու վերացրել վարույթի ընդունումը մերժելու մասին որոշումը։

Ասել է թե՝ վարչական դատարանը հայցադիմումը պետք է վարույթ ընդունի ու քննարկի Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջը։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը