Քաղաքական

21.06.2021 11:03


Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան

Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերին հասանելիք մանդատների հաշվարկը տեղի կունենա մեկ շաբաթից՝ ընտրությունների վերջնական ամփոփումից հետո: ՀՀ Ընտրական օրենսգիրքը դրա համար 7-օրյա ժամկետ է նախատեսում: Այս մասին այսօր ԿԸՀ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ կլինի, եթե խորհրդարան անցած քաղաքական ուժերը հրաժարվեն իրենց հատկացված մանդատներից:

«Այս փուլում մանդատներից հրաժարվելու ինստիտուտ մենք չունենք: Թեկնածուներն իրենց մանդատներից հրաժարվում են ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ այլ տարբերակ Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում:

Հարցին՝ եթե ընդդիմությունը մանդատներից հրաժարվի, «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ կարո՞ղ է գնալ խորհրդարան, Տիգրան Մուկուչյանը չցանկացավ պատասխանել՝ հորդորելով սպասել ևս մեկ շաբաթ, մինչև մանդատների բաշխման մասին որոշումը կայացնելը:

«Մանդատները բաշխվում են բացառապես այն ուժերի միջև, որոնք ԸՕ-ի սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները; Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,-ասաց նա:

Իսկ եթե ընդդիմադիրները հրաժարվեն իրենց մանդատներից, ապա ԱԺ-ում, ըստ նրա, կմնան այն ուժերը, որոնք չեն հրաժարվի: Այս տարբերակն ու օրենքում դրա բացակայությունը, Մուկուչյանի խոսքով, ԿԸՀ-ում չեն ուսումնասիրվել, ուստի հանձնաժողովի նախագահը դժվարացավ նաև հայտնել՝ այդ դեպքում ՀՀ-ում ստիպված կլինեն նոր ընտրություն անցկացնել, թե ոչ:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54)։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը