Կարծիք

26.05.2021 14:33


Չմոռանալ Սևանն ու Երևանը

Չմոռանալ Սևանն ու Երևանը

Ո՞վ է հիմա հիշում Հադրութի մասին։ Շուշիի մասին։ Էլ չասած՝ Ջաբրայիլը․․․

Արցախի մասին էլ է մոռացվել։ Լրահոսում քիչ եմ հանդիպում այն մասին, թե որտեղ են հիմա շուշեցիները և ինչով են զբաղված հադրութցիները։

Չի խոսվում նաև մեր գերիների մասին։

Մի ժամանակ Նիկոլենք ասում էին, որ հանրահավաքներն են խանգարում, որ հետ բերենք գերիներին։ Հանրահավաքներն ու Նիկոլին հեռացնելու զանգվածային միջոցառումներ վաղուց չկան, երկիրը մտել է հանդարտ ընտրաքարոզչության փուլ, բայց գերիները չեն վերադարձվում։

Զոհվածների ցուցակն այդպես էլ չհրապարակվեց։ Մինչդեռ մեծ հանդիսավորությամբ հրապարակվում են կուսակցությունների ու դաշինքների ցուցակները, որպեսզի բոլորս իմանանք, թե ով է այս անգամ չեմպիոն դարձել «կողք թռնելու» մարզաձևում և առնետավազքում։ Ինչևէ։

Նրանք, ովքեր ասում էին, թե բա Արցախը մի կողմ, բայց եթե Հայաստանի սահմաններին մի բան պատահի, ազգովի դառնալու ենք ֆիդայի, հիմա դեմքի լուրջ արտահայտությամբ ասում են, թե բա հո կռիվ չենք անելու մի քանի կիլոմետրի համար։

Մոռացվեցին նաև Շուռնուխը, Որոտանը․․․

Հիմա մի երկու օր լրահոսում կլինի Վերին Շորժան և ՊՆ–ի կողմից տարածվող հաղորդագրությունը, որտեղ նշված է ադրբեջանցու կողմից սպանվածի անունը։

Եթե նիկոլական քարոզչության կոդերով առաջնորդվենք, ապա հայ զինծառայողը Վերին Շորժայում սպանվել է, քանզի որպես թշնամի է ընկալել հակառակ կողմից մեր սահմանն անցած ադրբեջանցուն։ Այ եթե Խուրշուդյանը որպես թշնամի չընկալեր զենքը ձեռքին ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն, ապա չէր սպանվի։ Ահա այսպիսի ցնդվելու միջավայրում ենք հայտնվել․․․

Ի դեպ, Ադրբեջանի ցուցակում Սևանն ու Երևանն են։ Շատ կարևոր է, որ գոնե նախընտրական այս թոհուբոհի մեջ չմոռանանք այդ մասին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը