Կարծիք

21.05.2021 13:14


Նիկոլն Ադրբեջանից ժամանակ է ստանում․ Հայաստանը ժամանակ ունի՞

Նիկոլն Ադրբեջանից ժամանակ է ստանում․ Հայաստանը ժամանակ ունի՞

Նիկոլը 2018–ին Ալիևից ժամանակ էր խնդրում, որպեսզի իր իշխանությունն ամրապնդի ու հետո նոր անցնի Արցախի հարցի «կարգավորմանը»։ Խնդրեց ու ստացավ։ Այդ ընթացքում փչացվեցին հայ–ռուսական հարաբերությունները, քաղաքական հետապնդումներ սկսվեցին Արցախյան 1–ին պատերազմի հերոսների և Արցախի պետականությունը կերտող ռազմաքաղաքական գործիչների դեմ, հակասահմանադրական հարձակման ենթարկվեցին դատարանները, սեփականաշնորհվեց ՍԴ–ն, տնտեսության հերն անիծվեց, կոռուպցիան ստացավ գռեհիկ ու գավառական տեսք, հետևողականորեն ոչնչացվեց ԱԱԾ–ն, կազմաքանդվեց բանակը, պետության 1–ին դեմքի մակարդակով իրականացվեց հակաղարաբաղյան քարոզ։

Ալիևը Նիկոլին տվեց իր ուզած ժամանակը։ Նիկոլն այդ ժամանակն օգտագործեց իր իշխանության օգտին և Հայաստանի շահերի դեմ։ Արդյունքները տեսանելի են՝ Արցախի պետականության ու տարածքների 2/3–ի կորուստ, հազարավոր զոհեր, վիրավորներ, անտուններ, կոտրված ճակատագրեր, Հայաստանի մշուշոտ ապագա։

Կապիտուլյացիոն ակտից հետո Նիկոլը կրկին ժամանակ խնդրեց Ալիևից։ Վեց ամիս ժամանակ։ Վեց ամիս, որպեսզի կարողանա աթոռը պահել ու շարունակել հանձնել այն, ինչը չհանձնվեց զենքով։ Հիմա հարվածի տակ են Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերի բնակավայրերը։ Հարցականի տակ է հայտնվել ՀՀ–ի դե յուրե գոյությունը (դե ֆակտո մենք արդեն կորցրել ենք մեր սուբյեկտայնությունը, քանզի Հայաստանը ոչ միայն Արցախի, այլ նաև իր անվտանգության երաշխավորը չէ․ ընդամենը ռուսական պրոտեկտորատի տակ հայտնված տարածք ու բնակչություն ունենք)։

Երբ Նիկոլը ՀՀ քաղաքացիներին հետպատերազմական գործողությունների վեցամսյա ծրագիր էր հրապարակում, իրականում Ալիևին էր ժամանակացույց ներկայացնում։ Հենց վեց ամիսը լրացավ, ի հայտ եկավ նոր փաստաթուղթ։ Կապիտուլյացիայի «2–րդ սերիան», որին հաջորդելու են 3–րդ, 4–րդ ու մյուս սերիաները, քանզի դեռ Նիկոլը շարունակում է մնալ վարչապետի աթոռին։

Նիկոլը ժամանակ է խնդրում Ալիևից, ստանում այն ու շարունակում հանձնել՝ 100 տարի առաջ Աթաթուրքին ոսկի ու զենք հասցնող հայ թրքաբոլշևիկների էնտուզիազմով։

Նիկոլը քարոզում է «խաղաղ դարաշրջան»։ Նրա պատկերացմամբ՝ խաղաղությունը կհաստատվի, երբ Հայաստանն Ադրբեջանի բոլոր ուզածները բավարարի։ Բայց դա դավաճանության հասնող մոլորություն է կամ էլ՝ «չոր» դավաճանություն։

Նիկոլը թշնամուց ժամանակ է խնդրում, որ հանձնի։ Նիկոլն ունի ժամանակ, բայց Հայաստանը ժամանակ չունի։ Ուրիշից ժամանակ խնդրելու հնարավորություն էլ չունի։ Տվող չկա։ Մնում է սեփական ուժերին ապավինելը։ Կա՞ այդքան ուժ։ Այդ հարցի պատասխանը քաղաքական ու քաղաքագիտական լրջագույն հետաքրքրություն ներկայացնող հարց է, որի պատասխանը գտնելուն քիչ է մնացել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը