Կարծիք

10.05.2021 09:14


Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է, անգրագիտության, վրեժխնդրության հանցավոր անփութության և դավաճանության աստվածացում՝ միախառնված մոգական ստով

Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է, անգրագիտության, վրեժխնդրության հանցավոր անփութության և դավաճանության աստվածացում՝ միախառնված մոգական ստով

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել իր թելեգրամյան ալիքում՝ անդրադառնալով մայիսի 9-ի խորհուրդին և վերլուծելով Շուշիի անկման պատճառը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

Ամեն ոք յուրովի է մեկնաբանում նշանակալի ամսաթվերը: Ինձ համար մայիսի 9-ը, առաջին հերթին, Ցեղասպանությունից հետո մեր ազգի առաջին հաղթանակի օրն է: 30 տարի անց մենք, բուժելով վերքերը, զարգացնելով մկանները, դարձել ենք այն ուժի մի մասը, որը վերջ է դրել բացարձակ չարիքին: 600 հազար հայ, որոնք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, կիսել են ընդհանուր հաղթանակի ուրախությունը և ապացուցել են, որ մեր ազգը վաստակել է ապագա ունենալու իրավունքը:

1992 թվականի մայիսի 9-ը բոլորովին այլ կարգի տոն է: Եթե 1945 թվականին մենք հաղթել ենք լինելով հսկայական ամբողջության մի մասը, ապա 1992 թվականին միայնակ ենք հաղթել՝ ի հեճուկս բոլորին: 1992 թվականին մենք վերականգնեցինք պատմական արդարությունը, որը ոտնահարվում էր 20-րդ դարի ողջ ընթացքում՝ մաքրելով մեր վրայից զոհի խարանը: Երկար ժամանակ անց առաջին անգամ մենք վերականգնեցինք մեր իրավունքները՝ վերականգնելով վերահսկողությունը Շուշիի նկատմամբ և հնարավորություն տալով հայերին ապրել և արարել Արցախում:

Մենք ազատագրեցինք Շուշին մեր ուժերով՝ առանց որևէ մեկի օգնության: Եվ ինքներս կորցրինք Շուշին՝ առանց որևէ մեկի օգնության: Հաղթանակի խորհրդանիշը վերածվել է դավաճանության խորհրդանիշի:

Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է, անգրագիտության, վրեժխնդրության հանցավոր անփութության և դավաճանության աստվածացում՝ միախառնված մոգական ստով:

Երեկ՝ մեզանից գողացված Հաղթանակի տոնի նախօրեին, ես հայտարարել եմ ԱնտիՆիկոլ շարժումն սկսելու մասին: Մեր գործողությունների մասին կիմանաք վաղը:

Իսկ այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել. ԱնտիՆիկոլ շարժումը պայքար չէ հանուն իշխանության: Ինձ, ենթադրում եմ՝ նաև դրա կողմնակիցներից շատերին, իշխանությունը չի հետաքրքրում: Դրա նպատակն է անել առաջին քայլերն ազգի պատվի և արժանապատվության վերականգման ճանապարհին: Դրա նպատակն է պատմական արդարության և ազգային արժեքների վերականգնումը, այն, ինչից մեզ մեթոդաբանորեն զրկել են երեք տարի:

Այս խորագրի վերջին նյութերը