Լրահոս

05.05.2021 15:20


«Ես ամեն բան կտայի, որ Արշակը լիներ՝ անգամ կյանքս»․ այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Փարամազյանի ծննդյան օրն է

«Ես ամեն բան կտայի, որ Արշակը լիներ՝ անգամ կյանքս»․ այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Փարամազյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած հայորդի Արշակ Հրաչիկի Փարամազյանի ծննդյան օրն է։ Զոհվել է հոկտեմբերի 13-ին Ջրականում՝ մարտական գործողություն իրականացնելիս։

Ծնվել է 1983 թվականի մայիսի 5-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

«Այսօր Արշակի տարեդարձն է։ Նա կդառնար 38 տարեկան։ Չէ, կամ նա դարձավ 38 տարեկան։ Անասելի դժվար է խոսել անցյալ ժամանակով։ Արշակն իսկապես յուրահատուկ էր, և սրա մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում եմ։ Յուրահատուկ էր նա մանուկ հասակում, թե պատանի․․․Անգամ պատերազմական գոծողությունների ընթացքում իր դրսևորած կեցվածքով՝ Արշակը յուրահատուկ էր։ Մայրս ու մորաքույրս շատ են պատմել Արշակի մանկական հետաքրքրություններից ու չարաճճիություններից։ Հատկապես տպավորվել է այն, որ պատշգամբի բազրիքին հեծանիվ էր քշում։ Պատկերացնո՞ւմ եք։ Դա այնքան անհավանական է թվում, որքան հանգամանքը, որ նա այլևս մեզ հետ չէ, և մենք անտարեդարձ ենք։ Լինելով երեխա՝ կարծես այդքան մանրամասն հաշվարկել էր ռիսկերը․․․Սյս պատերազմում չկարողացավ, չստացվեց»,-պատմում է քույրը՝ Ելենան։

«Ամենքին ու ամենին նվիրումով էր մոնենում, նրբանկատորեն։ Ինչու եմ ասում ամենին, քանզի անգամ իրերի, հագուստի և այլնի, անգամ կենցաղային պարագաների հանդեպ յուրահատուկ նուրբ ու կոկիկ մոտեցում ուներ։ Շատ անգամ՝ կողքից նայելիս թվում էր, թե անխոս ու անշունչի հետ էլ կարողանում է երկոսության մեջ մտնել։ Մի քիչ ինձ հետ չէր ստացվում երկխոսությունը, կամ էլ հակառակը՝ շատ յուրահատուկ էր ստացվում»,- ասում է ու ժպտում։

«Ակատանետսի աչքերով չեմ կարող որևէ պատերազմանակ դրվագ նկարագրել, բայց զինակից ընկերները եղբորս կողմից մարտի դաշտում ցուցաբերած այնքան հերոսական արարքների մասին են պատմել՝ հավանական, թե՛ անհավանական, որոնց մասին խոսելը բավականին ժամանակ է պահանջում։ Շատերն են հաճելիորեն զարմացած եղել ո՛չ այնքան մարտի դաշտում դրսևորած քաջ, համարձակ կեցվացքից, այլ մարդկային որակներից, որոնց կրողն էր Արշակը, ու որոնք, կարծես թե, անբնական, անհամատեղելի են թվացել մերօրյա իրականության մեջ։ Պատերազմի օրերին զանգեց ու ծնողներից գործիքներ պահանջեց, որ վնասված խաչքարեր վերականգնի։ Ուղարկեցին․․․ Վերականգնեց․․․և ո՛չ միայն խաչքարեր, այլ վնասված շիրիմներ է նորոգել։ Այսօր, փաստացի այնպես է ստացվել, որ մենք իր շիրիմն ենք կառուցում։ Երևի չէր պատկերացնի․․․Մենք էլ չէինք պատկերացրել․․․»,-հուզվում է քույրը։

«Այսօրվա իրականությունն անհավանական է, հակասական է, անընդունելի ու ծանր է․․․Ի վերջո դաժան ու անմարդկային է մարդկայինի հանդեպ, եթե դու մարդ ես, այլ ոչ մարդկային կերպարանք՝ կյանքն այսուհետ քեզ էլ առավել ծանր է տրվում։ Ես ամեն բան կտայի, որ Արշակը լիներ՝ անգամ կյանքս, եթե իմանայի, որ դա հնարավոր տարբերակ է։ Կարող է էգոիզմ թվալ անգամ այս համատեքստում, բայց ես կյանքս կտայի, միայն ինքը լիներ ու ես ականատեսը չլինեի այն ամենին, ինչը կատարվում է շուրջս, իմ ընտանիքում նրա «չլինելու» արդյունքում։ Ուղղակի ապրումներ կան, որ խոսքերով չեն տրվում՝ մեզ հետ են, մեր մեջ»։

«Թե ի՞նչ կասեի իրեն այսօր, իր տարեդարձի կապակցությամբ, եթե հնարավոր լիներ․․․ Չասված խոսքերն այնքան շատ են։ Ես պատրաստվում էի ասել չասվածը, երբ հոկտեմբեր ամսին շտապում էի Կապան՝ հենց իր մոտ էի շտապում, գիտեի, թե վիրավոր է, բայց կարծես չհասցրեցի․․․Չգիտեմ, դեռ կասեմ, այդ օրը գալու է։ Իսկ հենց հիմա, կասեի, թե որքան եմ իրեն սիրում ու որքան թանկ է ինքն ինձ համար»,-եզրափակեց Ելենան։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը