Աշխարհ

02.06.2011 16:50


Թուրքիայում Ազգայնական Շարժում կուսակցությունը ծրագրավորել էր սադրանք կազմակերպել, որը պետք է վերածվեր արյունալի բախումների

	Թուրքիայում Ազգայնական Շարժում կուսակցությունը ծրագրավորել էր սադրանք կազմակերպել, որը պետք է վերածվեր արյունալի բախումների

Թուրքական մամուլում վերջին օրերս տեղեկատվություններ է հրապարակվել, որ ս.թ. հունիսի 6-ին Դիարբեքիր քաղաքում կայանալիք հանրահավաքի ժամանակ Ազգայնական Շարժում կուսակցությունը ծրագրավորել էր սադրանք կազմակերպել, որը պետք է վերածվեր արյունալի բախումների: Այս գործողության կազմակերպիչները նպատակ էին հետապնդում հարված հասցնել կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությանը և նպաստել ԱՇԿ հեղինակության բարձրացմանը: Նախօրոք ձեռք բերված տեղեկությունների հիման վրա Թուրքիայի հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել այս սադրանքը և ձերբակալել նրա կազմակերպիչներին, որոնց թվում է նաև Ազգայնական Շարժում կուսակցության անդամ, ԱՇԿ նախկին առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի թիկնապահ Յուսուֆ Զիյա Արփաջըքը, որի ձերբակալությունը մեծ աղմուկ է առաջացրել թուրք հասարակական շրջանակներում:

Յուսուֆ Զիյա Արփաջըքը ծնվել է 1958 թ. Էրզերումում, 1978 թ. անդամակցել է Ազգայնական Շարժում կուսակցությանը և նրա անունը հիշատակվում է թուրք ազգայնականների բազմաթիվ աղմկահարույց գործողություններում թե Թուրքիայի ներսում, թե սահմաններից դուրս, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղում, Չեչնիայում և Իրաքում: Իր գործունեության համար Յուսուֆ Զիյա Արփաջըքը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, սակայն երկու անգամ փախչել է բանտից: Վերջին շրջանի աղմկահարույց գործերում Յուսուֆ Զիյա Արքաջըքը որպես վկա ներգրավված էր Էրգենեկոն կազմակերպության դատավարությանը և նրա անունը հիշատակվում է կապված 2006 թ. Թուրքիայի դատական գործերով Պետական խորհրդի վրա հարձակումն իրականացրած Մուզաֆեր Թեքինի հետ: Ինքն իրեն Յուսուֆ Զիյա Արփաջըքն անվանում է “ազգի նվիրյալ (ֆիդայի)” և իր անցած ճանապարհը նկարագրել է իր հեղինակած 4 գրքերում:

Թուրքական մամուլում, մասնավորապես «Միլլիյեթ» թերթում, 1992-93 թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմին Յուսուֆ Զիյա Արփաջըքի մասնակցելու հետ կապված հետաքրքրիր մանրամսնություններ են հրապարակվել: Արփաջըքը 1992 թ. մի խումբ թուրք ազգայնականների հետ կամավոր մեկնել է Ադրբեջան, որտեղ մասնակցել է ԼՂ-ի տեղի ունեցող մարտերին որպես “Ռուզգյար /քամի/ ստորաբաժանման” փոխգնդապետ: Ադրբեջանում նախագահ Ա. Էլչիբեյի կառավարման շրջանում Ազգայնական Շարժում կուսակցության առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը մտադրություն ուներ Բաքու քաղաքի մոտակայքում ստեղծել “Բոզքուրթ” (գորշ գայլ) անվանվող  ճամբար, որտեղ պետք է թուրք-ազգայնականների վերահսկողությամբ և ղեկավարությամբ ադրբեջանցի և այլ թուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչ պանթուրքիստական հայացքների տեր երիտասարդները զինվորական կրթություն ստանան, որը հիմնականում ուղղված էր ռազմա-դիվերսիոն գործողություններ իրականացնելուն վարժեցնելուն: Շրջանավարտներից սկզբնական շրջանում պետք է կազմվեր “Բոզքուրթ” անվանվող ստորաբաժանումը, որը հետագայում պետք է հանդիսանար այսպես կոչված “Թուրանի բանակի” հիմքը: Ինչպես նշում է իր հուշերում Յուսուֆ Զիյա Արփաջըքը. “ըստ առաջնորդի /Ա. Թյուրքեշի/ այդ բանակը պետք է հասներ Երևանի դարպասներին”: Իրականում 1992 թ. Բաքվի մոտակայքում հիմնվեց “Ռուզգյար” /քամի/ անվանվող ճամբարը, որտեղ դիվերսիոն և քուրդ զինյալների ջոկատների հետապնդման փորձ ունեցող թուրք ազգայնականները վարժեցնում էին ադրբեջանցի ազգայնականներին, որոնցից ստեղծվեց “Ռուզգյար” ստորաբաժանումը: Այդ ստորաբաժանման փոգնդապետ էր հանդիսանում Յուսուֆ Զիյա Արփաջըքը: Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթի ս.թ. հունիսի 2-ի համարում հրապարակվել են ադրբեջանական բանակի սպայի համազգեստով Արփաջըքի լուսանկարները: ԼՂ պատերազմում իր մասնակցությունը և Ադրբեջանում թուրք ազգայնականների ծավալած գործունեությունը  Յուսուֆ Զիյա Արփաջիքը նկարագրել է 2005 թ. Ստամբուլում լույս տեսած իր հեղինակած «Արյան փոթորիք» գրքում:

ԼՂ-ում Ադրբեջանի պարտությունից հետո Յուսուֆ Զիյա Արփաջիքը 1994 թ. մեկնել էր Չեչնիա, որտեղ մասնակցել էր ռուսական բանակի դեմ մղվող մարտերին, իսկ 2003 թ. անցնելով Հյուսիսային Իրաք փորձում էր այնտեղ ապրող թուրքմեններից զինվորական ստորաբաժանում ստեղծել, որը պետք է կռվեր Քրդական Բանվորական կուսակցության զինյալների դեմ:  Ուշագրավ է, որ այս գործողությունը ղեկավարում էր Էրգենեկոն կազմակերպության ղեկավար, ով Հրանտ Դինքի սպանության հրահրիչներից մեկն էր` պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը:

Այս խորագրի վերջին նյութերը