Քաղաքական

13.03.2021 15:05


Փաշինյանն է մեր դիվանագիտությունը դարձրել զրո, ձախողել ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի հետ հարաբերությունները, նա օր առաջ պետք է հեռանա, ՀՀ-ին նոր, արժանապատիվ բանակցող է պետք. դիվանագետ

Փաշինյանն է մեր դիվանագիտությունը դարձրել զրո, ձախողել ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի հետ հարաբերությունները, նա օր առաջ պետք է հեռանա, ՀՀ-ին նոր, արժանապատիվ բանակցող է պետք. դիվանագետ

Այս տարի դիվանագետները Դիվանագետի օրը գլխիկոր են դիմավորել, քանի որ հպարտանալու և նշելու ոչինչ չկա: Մենք պարտված դիվանագիտություն ունենք, և որքան էլ որոշ դիվանագետ-ղեկավարներ ասում են, թե մենք դիվանագիտության մեջ ամեն ինչ ճիշտ ենք արել, այդպես չի լինում: Այս մասին ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց ՌԴ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Նա ընդգծեց՝ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է, իսկ երկրի թիվ մեկ դիվանագետը երկրի ղեկավարն է, որն ամենապատասխանատու անձն է դիվանագիտության ձախողման համար:

«Նա տապալեց մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ բոլոր մակարդակներում: Նա քաջատեղյակ էր, որ ՀԱՊԿ-ի վարկաբեկումը երբեք չի հանդուրժի ՀԱՊԿ-ի ամենակարևոր անդամ ՌԴ-ն: Նա տեղյակ էր, որ Յուրի Խաչատուրովի հանդեպ քրգործի հարուցումը չի կարող անցնցում անցնել, նա տեղյակ էր ՀԱՊԿ-ի նախագգուշական նամակից, որն ուղղված էր ԱԽ քարտուղարին, որը բացարձակապես չէր համագործակցում իր պաշտոնակիցների հետ: Նա տեղյակ էր, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական դատավարությունը նույնպես չի կարող անհետևանք մնալ, նա տեղյակ էր, որ Իրանի, Չինաստանի հետ հարաբերությունները չի կարելի ձախողել»,-հայտարարեց նախկին դիվանագետը:

Կարապետյանը հայտարարեց, որ չի կարելի վարկաբեկել մեր դիվանագիտությունը՝ ասելով, թե մինչև հիմա ոչինչ չի արվել և պետք է զրոյից սկսել:

«Ո՛չ, այդպես չէ, պարո՛ն վարչապետ, դո՛ւ ես մեր դիվանագիտությունը դարձրել զրո: Մենք դիվանագիտության մեջ բազմաթիվ ձեռքբերումներ ունենք, տասնամյակների ու տարիների աշխատանք: Վերջին հաշվով, ամեն ինչ կախված է քո թելադրած քաղաքականությունից: Այսօր մեր դիվանագիտությունը չի բարձրացնում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցը միջազգային ատյաններում, նույնիսկ, ինչ-որ առումով, ՄԻՊ-ն է կատարում արտգործնախարարության ֆունկցիաները, Ադրբեջանի ղեկավարների սպառնալիքներին, ռազմատենչ հայտարարություններին որևէ պատասխան չի տրվում»,-ասաց նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ արտաքին գերատեսչությունն անհապաղ պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ պահանջելով դատապարտող բանաձև՝ պատերազմական կոչերի, ռազմաշունչ հայտարարությունների համար: Ըստ նրա՝ վաղը կարող է ուշ լինել:

«Ես կոչ եմ անում մեր դիվանագետներին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնել և պահանջել ձախողված դիվանագետի, երկրի ղեկավարի հեռացումը մեր պետությունից, մեր կառավարությունից: Հայաստանին նոր, արժանապատիվ բանակցող է պետք»,-հայտարարեց Հրայր Կարապետյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը