Քաղաքական

08.03.2021 17:56


Եթե փորձեն ԶՈւ ԳՇ տարածած հայտարարության հիմքով Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, առավել ևս՝ ձերբակալել, դա հայրենիքի դավաճանության շարունակություն կարելի է դիտարկել․ սահմանադրագետ

Եթե փորձեն ԶՈւ ԳՇ տարածած հայտարարության հիմքով Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել, առավել ևս՝ ձերբակալել, դա հայրենիքի դավաճանության շարունակություն կարելի է դիտարկել․ սահմանադրագետ

Եթե հանրապետության նախագահը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի հարցով չդիմի Սահմանադրական դատարան, կարելի է նախագահի գործողությունները որակել պարզ դավաճանություն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ նշելով, որ թեև նախագահը դեռ մեկ օր ժամանակ ունի, սակայն, նա քիչ հավանական է համարում նախագահի կողմից այդ հարցով ՍԴ դիմելը։

«Նախագահը, եթե չդիմի ՍԴ, հակասում է իր գործողությունների տրամաբանությանը, որովհետև, երբ առաջին անգամ վարչապետին վերադարձրեց հրամանագրի նախագիծը, առարկությունները հիմնավորում էր նրանով, որ վարչապետի առաջարկությունը հակասում Սահմանադրությանը։ Եթե այդ հիմքով էր վերադարձրել, պարտավոր էր նաև դիմել ՍԴ»,-ասաց նա՝ նշելով, թե մանիպուլյատիվ էր Արմեն Սարգսյանի կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելը։

«Այն ժամանակ, երբ օրենքում այդ հակասահմանադրական փոփոխությունը կատարում էին, նա մինչև ստորագրելն իրավունք ուներ վետո դնել և դիմել՝ ՍԴ դրանով արգելափակելով, որ այդ հակասահմանադրական դրույթը օրենքի ուժ ստանա։ Այս պարագայում դրա մասին հիշելն առնվազն ծիծաղելի է»,-նշեց նա։

Ըստ Այվազյանի՝ իրավական պաշտպանության կառուցակարգերը դեռևս չեն ավարտվել, և եթե նախագահը չդիմի ՍԴ, Օնիկ Գասպարյանն անմիջապես կարող է վարչապետի միջնորդությունը բողոքարկել Վարչական դատարան, որ վերջինս կասեցնի վարչապետի այդ ակտը՝ մինչև խնդրի վերջնական լուծումը։ «Կարծում եմ՝ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին խոսելը վաղ է, և նա իրավական պաշտպանության միջոցներից կօգտվի»,-նշեց սահմանադրագետը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե քաղաքական իշխանությունը փորձում է քրեական գործ հարուցել Օնիկ Գասպարյանի նկատմամբ, Այվազյանն ասաց․

«ԶՈւ ԳՇ տարածած հայտարարության հիմքով Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելն անհեթեթություն է, որովհետև որևէ հանցակազմ չկա։ ԶՈւ առաքելությունը ժողովրդի անվտանգությունը, հայրենիքի պաշտպանությունն է։ ԶՈւ ԳՇ-ն հայտարարել է, որ պաշտպանում է ժողովրդի իրավունքները և կանգնած է ժողովրդի թիկունքին։ Դա դիտարկել որպես հանցագործություն և այդ հիմքով փորձել գործ հարուցել, առավել ևս ձերբակալելը, կարելի է հայրենիքի դավաճանության շարունակություն դիտարկել»,-ասաց Վարդան Այվազյանը։

Այս խորագրի վերջին նյութերը