Քաղաքական

05.03.2021 17:45


Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն «Եղբայրական գերեզմանում»

Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն «Եղբայրական գերեզմանում»

Զոհված զինծառայողների աճյունների փորձաքննության գործընթացն արագացնելու համար ԴՆԹ 2-րդ հետազոտման սարքը գնելուց հետո Կառավարությունը հաջորդ «փառահեղ» միտքն է հղացել:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ Կառավարության ներսում այս օրերին քնննարկվում է անճանաչելի դարձած զինծառայողների մարմինները մեկ ընդհանուր եղբայրական գերեզմանում ամփոփելու գաղափարը: Ավելին, առաջարկվել է այդպիսով փակել նաև անհետ կորած զինծառայողների թեման:

Դաժան գաղափարի հեղինակը, ինչպես միշտ, քայլականների մեջ «ամենակրեատիվը» համարվող Արսեն Թորոսյանն է, ով, ի դեպ, գլխավորում է Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման համար ստեղծված աշխատանքային խումբը: Արդյո՞ք հենց այդ հուշահամալիրի ստեղծմամբ էլ Փաշինյանը կկոմպենսացնի անհետ կորածների համար ապարդյուն գործադրվող ջանքերի թեման, դժվար է կռահել:

Փաստն այն է, որ ուշացումով սկսված աճյունների որոնումները դադարեցվել էին երկար ժամանակ Ալիևի հրահանգով, զուգահեռաբար Կառավարությունը այդպես էլ հրաժարվում է հրապարակել անհետ կորածների թիվը և գերեվարված զինծառայողներ թիվ:

ՀՀ Կառավարությունը 4 ամիս շարունակ մեզանից գաղտնի է պահում մեր հայրենակիցների մասին այս հույժ կարևոր երկու տվյալները՝ իրականությունը թաքցնելով «պետական գաղտնիք» հոդվածի տակ, չնայած ՄԻՊ-ը և սահմանադրագետները հիմնավորված փաստարկներով պնդում են, որ Փաշինյանը դրա իրավունքը չունի:

Եվ ահա «Եղբայրական գերեզմանի» ստեղծման գաղափարով չի բացառվում, որ իշխանությունները փորձեն անհետ կորածների ընտանիքների բերանները փակել վերջնականապես: Սա մի կողմից կթեթևացնի Փաշինյանի բեռը, մյուս կողմից, միջոց կդառնա դաշնակցի դռանը քիչ ծնկելու և Ալիևից քիչ պահանջներ ներկայացնելու համար․ չէ՞ որ Ալիևը քանիցս հայտարարել էր, որ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայստան, իսկ մնացածը կդատապարտվեն քրեական հանցանքի համար:

Հաջորդ ուշագրավ տեղեկատվությունն այն է, որ անհետ կորածների հարազատների հետ Կառավարությունում կայացած վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը զգուշորեն ակնարկել է «Եղբայրական գերեզմանի» թեման: Հանդիպումներից մեկի ժամանակ, պարզվում է, գաղափարը հնչեցրել է հենց ինքն անձամբ և ստուգողական կրակոցի համար սկզբում ժխտել է, թե բա՝ չկա նման բան: Հավանաբար, սա արվել է, որպեսզի զգայուն թեմայի վերաբերյալ ընտանիքների տրամադրությունները շոշափվի։ Բայց ահա հաջորդիվ հանդիպումներում և քայլականների հետ այդ ընտանիքների շփումներում, ասում են, թեման բացեիբաց է քննարկվում։ Ուստի չի բացառվում, որ շահառու ընտանիքներին արդեն իսկ պատրաստում են Եղբայրական գերեզմանով փարատվելու տարբերակին:

Կառավարության լրատվականից մեր հարցադրմանն ի պատասխան հաստատեցին, որ այդպիսի թեմա քննարկվել է հանդիպումների ժամանակ և վարչապետը հերքել է թեման․ այդուհանդերձ, հնարավո՞ր է նոր զարգացումներ են եղել, այս հարցադրմանը խոստացան լրացուցիչ պատասխանել ավելի ուշ:

Yerevan.Today-ը դիմեց նաև Առողջապահության նախարարություն՝ պարզելու՝ քանի՞ զինծառայողի դեպքում հնարավոր չի եղել ԴՆԹ անալիզներով պարզել նրա ինքնությունը, ի՞նչ գործընթաց է հետևել այդ մարմինները կամ մասունքները չիդենտիֆիկացնելու դեպքերին, որտե՞ղ են պահվում անճանաչելի մնացած զինծառայողների աճյունները կամ մասունքները: Մեր հարցադրումներին նախարարությունը չցանկացավ բանավոր պատասխանել, գրավոր հարցում պահանջեց, ենթադրաբար՝ պատասխանատվությունից խուսափելու և փոխարենը Կառավարության համապատասխան սենյակներից դրանց պատասխանները հավաքագրելու համար:

Ի դեպ, ԱՆ-ից պահանջել ենք մեկնաբանել նաև արտաշիրիմումի խայտառակ դեպքերը: Ըստ մամուլի հրապարակումների՝ արդեն մի քանի դեպքեր են գրանցվել Եռաբլուրում և մարզերի գերեզմանատներում, երբ զոհվածների շիրիմներից դիերը հանվում են և փոխանակվում են հետագայում հայտնաբերվածի հետ:

Քա՞նի դեպքի առնչությամբ է նախարարությունը տեղեկացված և արդյո՞ք դրանք տեղի են ունենում ոչ ճշգրիտ կամ կեղծված ԴՆԹ հետազոտության արդյունքների պատճառով, կտեղեկանանք նախարարության պաշտոնական պատասխաններից հետո:

Սյուզի Բադոյան

Աղբյուրը՝ Yerevan.Today

Այս խորագրի վերջին նյութերը