Քաղաքական

18.01.2021 12:22


Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, ով անկարող է այս պահին բանակցություններ վարել ՀՀ-ի անունից. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, ով անկարող է այս պահին բանակցություններ վարել ՀՀ-ի անունից. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Մանդատը վերցնելու, բայց խմբակցությունից դուրս գալու իմ որոշում կայացնելուց առաջ ես քննարկում եմ ունեցել և՛ քաղաքական թիմի, և՛ խմբակցության ղեկավարի հետ և կար ընդհանուր ըմբռնում իմ մոտիվների և որոշման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու, սակայն մանդատը վերցնելու մասին:

«Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի դերն ու նշանակությունն ընտրություններում հավաքած ձայների մասով կարևոր են եղել, ես դա չեմ ժխտել, բայց իմ ձայների զգալի մասը տրվել է ինձ, որպես անհատի և այն թիմի, որի ներկայացուցիչը եղել եմ ես: Ես այստեղ եմ սյունեցիների և վայոցձորցիների քվեարկության արդյունքում: Ինձ ճանաչում են այնտեղ»,-ասաց նա:

Աննա Գրիգորյանը նշեց, որ այս պահին դեռ պետք է խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից և ըստ նրա՝ անցումային կառավարության ձևավորումը լավագույն տարբերակը կարող է լինել:

Ըստ նրա՝ ամեն դեպքում այս իշխանության հեռացման օբյեկտիվ պատճառներն ունենալով՝ ինքնաբերաբար Վազգեն Մանուկյանի կողմնակից դառնալը սխալ է: «Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, որևէ քաղաքական շարժման, ես չեմ տեսնում, որ հստակ զրույցներ կան Հայաստանի ապագայի վերաբերյալ, այս առումով ես չեմ սատարում որևէ մեկին»:

Առաջացած խնդիրների՝ գերիների վերադարձի, Արցախի, Սյունիքի անվտանգության մասին պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց՝ հունվարի 11-ին չկարողացավ սպասարկել ՀՀ-ի շահերը։ Այս առումով պատգամավորը նշեց, որ այս իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու և ռեալ արդյունքներ ապահովելու համար:

Պատգամավորը նշեց, որ 2018 թվականի հեղափոխության գաղափարները կիսել է, սակայն չեն արդարացել մի շարք սպասելիքներ, օրինակ՝ սոցիալական անարդարության խնդիրները չեն լուծվել, օլիգարխները դարձել են խոշոր սեփականատերեր, եղել են անօրինակական ունեցվածք կուտակողներ և նրանց նկատմամբ ոչ մի լուրջ գործընթաց չի ձեռնարկվել:

«Այսօր, երբ ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, դա պատերազմը պարտվելու համար է և ակնհայտ է, որ պարտված երկրի ղեկավարը չի կարող բանակցություններն արժանապատվորեն շարունակել: Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, ով անկարող է այս պահին բանակցություններ վարել ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող ժխտել, որ 30 տարվա մեջ բոլորս ունենք մեր պատասխանատվությունը»,-ընդգծեց նա:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը