Լրահոս

26.11.2020 10:45


Թուրքերը մեր գյուղում են, ոչխարները մորթում, դնում են մանկասայլակի մեջ ու քշում (լուսանկար, տեսանյութ)

Թուրքերը մեր գյուղում են, ոչխարները մորթում, դնում են մանկասայլակի մեջ ու քշում (լուսանկար, տեսանյութ)

«Սեպտեմբերի 27-ին հավաք էր, տարան, սեպտեմբերի 30-ին կնոջը գրել է՝ Մարիամ, ես քեզ սիրում եմ, բայց էլ քեզ չեմ տեսնելու։ Էդպես էլ եղավ։ Հինգ ամսվա ամուսնացած էր»,-Զարուհի Խաչատրյանն է պատմում։ Որդին՝ Հովհաննես Խաչատրյանը, Ջաբրայիլում է կռվել, մինչև հիմա մայրը լուր չունի, ավագ որդին էլ վիրավորված վերադարձել է։

127251009_414244029942481_2974340815517360228_n

Ընտանիքը Կովսականում էր բնակվում, հիմա այն ադրբեջանցիներինն է։ Տիկին Զարուհին եկել էր Երևանում տեղակայված Արցախի կառավարության օպերատիվ շտաբ։ Փորձում է հասկանալ՝ պետությունն ինչո՞վ կարող է օգնել։ Բայց առաջնայինը որդուն գտնելն է, ասել են՝ պիտի գնաս ԴՆԹ անալիզ տաս։ «Դարդս էն ա, որ տղայիս գտնեմ»։ Զարուհին ասում է՝ այնքան խնդիրներ ունեն, չգիտի՝ որից սկսի, որով վերջացնի։ Որդուն գտնելու համար ՊՆ է դիմել, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպել․ «Բոլոր հարցերով մերժել են։ Էրեխեն Ջաբրայիլում է կռվել, ինձ ասում են՝ քանի որ այնտեղ թշնամիներ կան, մենք չենք կարող լուծել խնդիրը։ Մինչև Ռուսաստանի դեսպանատուն գնացել ենք։ Երկու ամիս է՝ տղայիցս լուր չկա, պատկերացնո՞ւմ եք։ Մեծս էլ Երևանում է, ընկերոջ տանն է, վարձով տուն է փնտրում, որ ընտանիքին բերի մոտը։ Ես էլ ամուսնուս, աղջկաս ու տղայիս կնոջ հետ Կապանի գյուղերից մեկում վարձով ենք ապրում։ Էն էլ ո՛չ ջուր կա, ո՛չ մի պայման չկա»։

Կովսականի իրենց տանից շատ արագ են դուրս եկել, չեն հասցրել տաք հագուստ վերցնել, մտքներով էլ չի անցել, որ հետ չեն գնալու․ «Սաղ թողել ենք էնտեղ՝ ավտոն, տունը, անասունները, տան եղած-չեղածը, էնքան, որ արագ դուրս ենք եկել։ Մի տաս մետր գնացել ենք, մեկ էլ ասացին, որ թուրքերը մտել են մեր գյուղ»։ Զարուհին շտաբում տեղեկացավ, թե պետությունն ինչ աջակցություն է տրամադրելու, բայց վերադառնալ Արցախ, թե՝ ոչ, ընտանիքը դեռ չի որոշել, ասում է՝ չորս կողմը թշնամին է, ինչպես կարող են հանգիստ ապրել այնտեղ։

Արցախի կառավարության օպերատիվ շտաբ էր եկել նաև տիկին Արևիկը՝ քրոջ հետ։ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, գուղի կեսը մերն է, մյուս կեսն ադրբեջանցիները գրավել են։ Որդին մնացել է Թաղավարդում, մայրն ասում է՝ մանկավարժ որդին իր հողն է պահում։ Գյուղի տունն էլ ավերվել է ռմբակոծությունից, Հայաստանում քրոջ տանն են ապրում։ Բայց իրենց տունն են ուզում, եկել են շտաբ, տեսնեն՝ պետությունն ինչ կանի իրենց համար։ Ասում է՝ հիմա շտապ վերմակի ու ներքանակի կարիք ունեն, շտաբում թեժ գծի հեռախոսահամարը փոխանցեցին, ասացին՝ զանգեք, կգրանցեն։

Երիտասարդ ամուսիններն էլ՝ Վարսենիկ Բուդաղյանն ու Խաչատուր Ավետիսյանը անորոշության մեջ են, իրենց սիրելի գյուղը Հադրութի Մեծ Թաղերն էր։ Այստեղ հիմա հակառակորդն է հաստատվել, տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են պղծում ամեն ինչ։

«Ուզում ենք Ղարաբաղ վերադառնալ, բայց թշնամուն չենք վստահում, վախենում ենք։ Որ տեսնում ենք, թե նրանք ինչ տեսանյութեր են նկարում մեր գյուղից, հենա մեր գյուղում ոչխարները մորթում, դնում են մանկական սայլակի մեջ ու քշում։ Դա սարսափելի է։ Գերեզմանի քարին են նստում՝ նկարվում։ Այսքանից հետո ուր վերադառնանք»,-ասում է Վարսենիկը։ Հիմա Տավուշի մարզի Գոշ գյուղում են ապրում, ժամանակավոր կացարան են գտել։ Չգտեն՝ ինչ պիտի անեն, որտեղ ապրեն․ «Սպասում ենք պետությունը մեր խնդիրները լուծի»։

Ամուսինն էլ Հադրութում է կռվել, վիրավորվել է ականից, ձախ աչքի տեսողությունը կորել է։ Խաչատուրը կռվից է պատմում․ «Ամեն ինչ լավ կլիներ, կարող էինք պահել, եթե չտային, եթե դավաճաններ չլինեին, եթե իրենք իրենք խփած չլինեին մեր հակաօդային ուժերին, եթե․․․ դաժան բան եղավ։ 18 տարեկանները շատ կռվեցին, էն էլ՝ չկան հիմա»։

Ռիտա Դանիելյանն էլ մեծ հույսով եկել էր շտաբ, այն էլ բարկացրին, վիրավորված թողեց հեռացավ՝ իր հարցերի պատասխանը մինչև վերջ չստանալով։ Շուշիից տարեց մոր հետ դուրս է եկել հոկտեմբերի 23-ին․ «Զանգ եմ տվել, ասել՝ ընկեր Սարգսյան, հրաման կա՞ դուրս գալու, ասել է՝ չէ։ Մեկ էլ հենա դուրս հանեցին, տկլոր եմ փախել»։

Եկել էր շտաբ, հասկանալու՝ էդ 68 հազար դրամ աջակցությունն իրեն հասնո՞ւմ է։ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում է ապրում, վախենում է, որ մի օր կհանեն, վարձով տուն էլ չեն գտնում։ Շտաբի աշխատակցի՝ «քեզ լավ է սնունդ տալիս են, ինձ էդ էլ չեն տալիս» արտահայտությունից տիկին Ռիտան վիրավորվեց, վրդովվեց։ Ասում է՝ սնո՞ւնդն է առաջնայինը, անտուն են մնացել, մայրը հիվանդ է։ Այնքան վիշտ ունի, ասում է՝ Ասկերանում եղբորն ու եղբոր որդուն ադրբեջանցիները խոշտանգել են․ «Իսկ ինձ սնունդի մասին են հիշեցնում, բա ամոթ չի՞»։

127595534_2659512354299638_8828310411130714678_n

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը