Քաղաքական

25.11.2020 16:37


«Իմ նկատմամբ սադրանք է եղել. Նիկոլ Փաշինյանի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել». Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

«Իմ նկատմամբ սադրանք է եղել. Նիկոլ Փաշինյանի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել». Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Սադրանք է եղել իմ նկատմամբ: Այս մասին Ոստիկանության Կենտրոնականի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով բերման էր ենթարկվել Կառավարության շենքի մոտակայքից:

«Կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, ոստիկանների մեջ կանգնած էր ծանոթներիցս մեկը, որին բազմիցս աջակցել ենք մեր գրասենյակում՝ բնակարանային հարցով. քրեական անցյալ ունեցող մեկն էր: Անցնելիս բավական ագրեսիվ ձևով ասաց՝ «ինչ եղավ իմ գործը»: Ես էլ շտապում էի, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում»,-ասավ Իշխանյանը՝ նշելով, թե դրանից հետո նշված քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել Իշխանյանի ու Ղարաբաղի հասցեին:

«Հարձակվեց ու սկսեց քաշքշել ինձ: Այդ ժամանակ եկան քաղաքացիները և ոստիկանները, նրան քաշեցին մի կողմ, և Ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց: Հետաքրքիրն այն է, որ բերման ենթարկելու որոշման մեջ գրված էր՝ ծեծի ենթարկելու կասկածանքով. ես ծեծի ենթարկելու կասկածանքով բերման եմ ենթարկվել»,-ասաց իրավապաշտպանը:

Նա ընդգծեց՝ ինչ գործ ուներ քրեական անցյալ ունեցող մարդը ոստիկանների մեջ կանգնած. «Դրանից ելնելով՝ ես համարում եմ, որ սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ, և ես զգուշացնում եմ հասարակական, քաղաքական գործիչներին, որ պետք է զգույշ լինել, հավանաբար առաջիկայում այդպիսի սադրանքներ էլի կլինեն»,-ասաց նա:

Իշխանյանի կարծիքով՝ վարչապետի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել. «Ես ցավով եմ ասում, որ նրա անօրինական հրամաններին ենթարկվում են իրավապահ կառույցները, պատճառներից մեկն էլ այն է, որ այդ կառույցները դե յուրե գտնվում են նրա ենթակայության տակ, և այդ կառույցների այն ղեկավարներին, որոնց չի վստահում, «ձեռնոցի» պես փոխում է, մինչև իր համար վստահելի լինեն և իր անօրինական հրամաննները կատարեն»,-ասաց Իշխանյանը:

Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։ «Հենց նոր ինձ զանգահարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին»,-գրել էր Մելիքյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը