Քաղաքական

21.11.2020 15:15


Շատերին թվում է, թե Արցախը կորցրինք, Հայաստանը կմնա. ո՛չ. մեր հասարակությունն առաջնորդվում է ոչ թե պետական շահերով, այլ քաղաքական համակրանքներով ու հակակրանքներով. Ավետիք Իշխանյան

Շատերին թվում է, թե Արցախը կորցրինք, Հայաստանը կմնա. ո՛չ. մեր հասարակությունն առաջնորդվում է ոչ թե պետական շահերով, այլ քաղաքական համակրանքներով ու հակակրանքներով. Ավետիք Իշխանյան

Շատերին թվում է, թե Արցախը կորցրինք, Հայաստանը կմնա. հենց այնպես, ինքն իրեն կմնա: Ո՛չ: Եթե մենք չմիավորվենք պետականության գաղափարի շուրջ, որը վերականգնելը հնարավոր է միայն այս իշխանության հեռացումով, ապա ես շատ մշուշոտ եմ տեսնում ապագան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ նշելով, թե, իր կարծիքով, դեռևս շատերը դա չեն գիտակցում:

«Որքան էլ բացատրենք վտանգները՝ պետականության հնարավոր կորուստ, Թուրքիայից եկող վտանգ, հասարակությունը կա՛մ կհամարի, որ չափազանցվում է և իր սիրելի իշխանության դեմ է խոսվում, կա՛մ խուճապի կմատնվի և կմտածի արտագաղթելու մասին: Ես շատ կուզեի, որ լիներ մի քաղաքական ուժ, որը պատասխանատվություն ստանձներ, վերցներ իշխանությունը և նույնիսկ ամենախիստ մեթոդներով պահպաներ պետականությունը՝ առանց հաշվի առնելու պետականության զգացողությունը կորցրած հասարկության կարծիքը»,-ասաց նա՝ զուգահեռներ անցկացնելով 1918-ի հետ.

«Եթե այն ժամանակ Արամ Մանուկյանը հասարակական կարծիքին հետևեր, ապա Հայաստան չէր լինի. կարտագաղթեին, և թուրքական բանակը կգրավեր ողջ Հայաստանը: Այսօր մեզ պետք է Արամ Մանուկյան: Կա՞ արդյոք նման անձ. հույսեր ունեմ, որ դեռևս կգտնվի, որ կփրկի պետականությունը»,-նշեց Իշխանյանը:

Նրա խոսքով՝ այս ամբողջ՝ շուրջ 30 տարվա պատմությունը ցույց տվեց, որ մեր հասարակությունն առաջնորդվում է ոչ թե պետական շահերով, այլ, առաջին հերթին՝ իր անձնական շահերով, երկրորդ՝ քաղաքական համակրանքներով ու հակակրանքներով, և երրորդ՝ քարոզչության զոհ է:

«Թեև, հակակրանք բառը շատ մեղմ է ասված. ատելությամբ է առաջնորդվում: Այս տարիների ընթացքում տարբեր քաղաքական, հասարակական գործիչների կողմից քարոզչությունը բերեց այնպիսի վիճակի, որ մեզ մոտ հարգանք վայելող քաղաքական, ռազմական գործիչ չմնաց, բոլորը վարկաբեկվեցին: Սա պետականության վարկաբեկում էր: Քաղաքական ղեկավարներին կարող ես չսիրել, բայց պետականությունը պետք է հարգել: Նրանց կարելի է քննադատել, բայց երբեք չատել»,-ասաց իրավապաշտպանը:

Վերջինիս խոսքով՝ հատկապես մեր տարածաշրջանում պետականության ամենակարևոր բաղադրիչներից մեկը բանակն է:

«Բանակում չծառայելը պետք է ամոթ լիներ հասարակությունում երևալու համար, բայց մեր հասարակությունը համարում էր պատիվ, եթե որևէ մեկը կարողանում էր իր երեխային բանակից ազատել: Պատահական չէ, որ նախորդ իշխանության շատ ղեկավար ներկայացուցիչներ բանակում չէին ծառայել, բայց պետական պաշտոններ ունեին, իսկ 2018-ից հետո, գուցե կոպիտ հնչի, հիմնականում ունեցանք դասալիքների իշխանություն, և մեր հասարակությունը ձայն տվեց դասալիքների իշխանությանը՝ բանակում չծառայած ղեկավարի գլխավորությամբ: Ավելին՝ հասարակության որոշակի շրջանակներում հարգանք է վայելում մի անձնավորություն, որը ոչ միայն բանակում չի ծառայել, այլև կեղծել է փաստաթղթեր, դարձել պատգամավոր և նույնիսկ կուսակցություն է հիմնել»,-ասաց նա՝ ընդգծելով, թե այս ամենը խոսում է պետականության զգացողություն չունեցող հասարակության մասին:

Իրավապաշտպանն ընդգծեց ՝ Արցախի հարցը միայն պատմական արդարության հարց չէ, միայն տարածքի հարց չէ, միայն այնտեղ բնակվող արցախցիների կյանքի և ինքնորոշման իրավունքի հարց չէ:

«Արցախի հարցը Հայաստանի ապագայի հարցն է: Տարիներ շարունակ ասել եմ՝ եթե չկարողանանք պահել Արցախը, Հայաստանն ապագա չունի: Ցավոք սրտի, մեր հասարակությունը դա չգիտակցեց, ավելին՝ որոշակի քաղաքական ուժերի կողմից այդ նույն ատելության մթնոլորտը տարածվեց նաև արցախցիների նկատմամբ: Կարծես նրանք հայության մի կարևորագույն մասը չէին կազմում: Ինչպես տարբեր պետություններ ունեն շրջաններ, մարզեր, որտեղ ամեն մի շրջանի բնակչություն տարբերվում է իր բնավորությամբ, նույնն էլ Հայաստանն է, բայց Արցախի խնդիրը շատ ավելի լուրջ է, որովհետև Արցախը եղել է Մեծ Հայքի տարածքում միակ շրջանը, որը դարերով դե ֆակտո պահպանել է իր անկախությունը: Արցախը մեր անկախության խորհրդանիշն էր, բայց, ցավոք, դա նույնպես չգիտակցվեց»,-ասաց նա՝ նշելով, թե բոլոր այս կարևոր հանգամանքները չգիտակցելն էլ բերեց այս, մեղմ ասած, ճգնաժամին:

«Պատերազմի ժամանակ, երբ շատ քաղաքական ուժեր գիտեին, թե ինչ է իրականում կատարվում պատերազմի դաշտում, մի քանի անգամ առաջարկություն արեցին, որ իրավիճակ փոխվի, ռազմաքաղաքական նոր իշխանություն ձևավորվի, այդ նույն հասարակությունը նրանց այպանեց ամենախայտառակ բառերով, և ստացանք դրա արդյունքը: Ցավալին այն է, որ հասարակությունը, փոխանակ այս ամենից հետո խելք հավաքի և փորձի փրկել եղածը, որ ավելի մեծ կորուստներ չունենանք, իմ տպավորությամբ, դեռևս այս վտանգն էլ չի գիտակցում»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը