Մեկնաբանություն

11.04.2009 16:49


...Մնացել է սարի սմբուլը

...Մնացել է սարի սմբուլը

Հայրենի կառավարությունս, իր վերջին նիստում, մի հետաքրքրի որոշում է ընդունել, որը պաշտոնապես ձևավակերպվում է որպես «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»։ Ըստ այդ որոշման, Հրազդան գետի վրա (Դավթաշեն-Զովունի-Թբիլիսյան խճուղու կապ) ավտոճանապարհային կամրջի կառուցման աշխատանքների համար բյուջեի Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերով նախատեսված 936 մլն 500 հազար դրամն ուղղվելու է մի շարք այլ՝ առավել հրատապություն ունեցող ծրագրերի իրականացմանը։ Ըստ այդմ՝ կառավարության կողմից հրատապություն է հայտարարված Երևանի բակային տարածքների և արտաքին լուսավորության ցանցի վերանորոգումն ու կառուցումը, որի համար հատկացվել է 561 հազար դրամ (հավանաբար կառավարության պաշտոնական վեբկայքում վրիպակ է տեղ  գտել. խոսքը 561 մլն դրամի մասին է)։ Ես իմ լրագրողական գործունեության գրեթե ողջ ընթացքում գրել եմ Երևանի հիմնախնդիրների մասին։ Դա կհաստատեն մայրաքաղաքի վերջին տասը տարիների բոլոր քաղաքապետերը։ Այդուհանդերձ, հիշեցնում եմ բոլոր երևանցիներին, որ ամեն երկուշաբթի, գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, պարտադիր զեկուցվել է մայրաքաղաքի փողոցների լուսավորման բարեհաջող ընթացող աշխատանքների մասին. նկատի ունեցեք՝ արդեն տասը տարի  շարունակ դրա վրա փողեր են ծախսվում, բայց բացի կենտրոնական փողոցներից, ոչ մի այլ փողոցում «ճրագ» էլ չի վառվում։ Հիմա հիշեցնեմ, թե դա ինչպես էր կատարվում, որն, ի դեպ, բոլորիս աչքի առաջ է եղել։ Նախ սկսեցին փոխել լուսավորության սյուները. մի փողոցից ապամոնտաժված հենասյուները տեղադրվում էին մյուս փողոցում, անգամ ներկը հաճախ չէր մաքրվում, այլ վրայից նորն էին քսում։ Բարեբախտաբար այս գործընթացը շուտ ավարտվեց (շատ էր զռում)։ Հաջորդ էտապում փոխվեցին լուսամփոփները, որի դեմ որևէ բացասական բան ասել, կնշանակեր հոգուս առաջ ծանր մեղք գործել։ Բայց փող աշխատելը ոչ թե լուսամփոփների հետ էր կապված, այլ դրանց լամպերի։ Հայրենական արտադրողի մատակարարած անորակ լամպերի վրա այնքան փող էր ծախսվում, որ «Երքաղլույսը» ստիպված էր հրապարակավ հրաժարվել դրանցից, հաջողվեց թե ոչ, չգիտեմ, բայց հարկատուներիս փողերի մի հսկայական զանգված «վառեցինք» անտեղի։ Հիմա նաև ասեք. որևէ մեկն այս երկրում կարող է ճշմարիտն ասել, թե օրական քանի՞ կիլովատ/ժամ էլէկտրաէներգիա է ծախսվում Երևանի փողոցների լուսավորության վրա, որքանո՞վ է այն արտահայտում իրական պատկերը, որտե՞ղ է այդ եկամտաբեր հաշվիչը։ Դե հիմա ասեք՝ արժե այդ ցանցին լրացուցիչ գումարներ հատկացնել, եթե դա փողերի այլևայլ նպատակներով ծախսելու (կասկածեմ, թե ընտրակաշառքի տեսքով) համար «լվացքատուն» չէ։

Կառավարության կողմից Երևանում հայտարարված հաջորդ «հրատապությունը» փողոցներում և բակային տարածքներում նախատեսվող լայնածավալ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին օժանդակելն է, որի համար 375 մլն 500 հազար դրամ է հատկացվել, այն էլ ու՞մ՝ «Երևան» հիմնադրամին, մի կառույցի, որն իր հիմնադրման օրվանից զբաղվում է քաղաքացիներից «կամավոր» գանձումներով՝ հանուն միայն իր տնօրենին հայտնի «հրատապությունների»։ Դեռ խորհրդային ժամանակներից հայտնի մի անեկդոտ կար, ըստ որի աղբատար մեքենայի վարորդը պարծենում էր, թե աղբավայր «հասցրած» հինգը «ռեյսից» երկուսն իրենն էր, այսինքն փաստաթղթով ձևակերպվում էր հինգ ուղերթ (ռեյս), բայց իրականում կատարում էին երկու-երեքը՝ շեֆի հետ գրպանելով մնացած գումարները։ Դեռ այն ժամանակներից աղբաղանությունն ու շինարարության հողային աշխատանքները (հիմքը փորելը) համարվում էին ամենաեկամտաբեր աշխատանքները, որովհետև ոչ մի ձևով չես կարող վերահսկել իրական քանակը։ Մի բան էլ հիշեցնեմ երևանցիներին. վերջին 7-8 տարիներին հեռուստաէկրաններից չեն իջնում մայրաքաղաքի որոշ համայնքապետեր, այդ թվում ինքը՝ Գագիկ Բեգլարյանը, որոնք պարծենում են ամեն ամիս Հայաստան ներկրվող սանմաքրման տեխնիկայով, որ մենք էլ փողոցներում տեսնում ենք։ Հիմա ասեք, այդ միլիոններով պիտի լուսավորության հենասյուների պես «նոր» մեքենանե՞ր բերվեն, մի գիշերվա մեջ բակերում իրենց տեղը «զոռբա հայաթավորների» թանկարժեք մեքենաների ավտոտնակներին զիջած ու կենտրոնական փողոցների բանուկ մասում հայտնված «բլբլած» աղբամաննե՞րը պիտի ներկվեն, թե՞ բազմահարկերի աղբախցերը օրեկան մի քանի անգամ պիտի մաքրվեն։ Հավատացնում եմ ձեզ՝ ընտրություններից մի շաբաթ հետո էլի նույն պատկերն է լինելու։ Ուղղակի, «նախընտրական աղբահավաքությունը» սեփական «խնայողությունների» հաշվին հո չի՞ լինելու։ Համ էլ Երևանի աղբը վերամշակելու միջազգային պայմանագիր ենք կնքել (սեփական բիզնես դնելու ակնկալիքով)...

Բայց ցավս դա չի, բյուջեյի փողերը միշտ էլ գողացվելել են, թե՛ նախկինում, թե՛ հիմա։ Իրականում՝ օրեցօր զարգացող քաղաքային օրգանիզմի ենթակառուցվածքային նշանակության շինարարության (նկատի ունեմ Դավթաշեն-Զովունի-Թբիլիսյան խճուղի կամուրջը) փողերը պիտի «վառենք» կամ «տանենք աղբավայր»։ Տեղին է ասված. «Ամեն խաղը խաղացինք, մնացել էր սարի սմբուլը»։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» լրատվավերլուծական կաքէջի խմբագիր

Հ. Գ. Այսօվա քաղաքապետը շատ լավ գիտի, թե քաղաքային իշխանություններից որքա՞ն ջանք պահանջվեց ժամանակին, որ այդ կամրջի շինարարությունն ընդգրկվի բյուջեյում։ Շատ լավ է պատկերացնում նաև վարչապետը, որ շինարարությունը, հատկապես ենթակառուցվածքային նշանակության օբյեկտների, երկրի տնտեսության զարգացման համար կարևորագույն նշանակություն ունի, թե չէ, հենց նույն չարաբաստիկ նիստը հետևյալ խոսքերով չէր սկսի. «...Գաղտնիք չէ, որ շինարարությունը ամենամեծ մուլտիպլիկատիվ էֆեկտն ունի համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ, քանի որ շինարարությունն իր հետևից շարժում է մեր տնտեսության մի մեծ հատված։ Եվ հասկանալի է, որ շինարարությունում ներդրումային ծավալների կրճատումը էական նշանակություն ունի ընդհանուր տնտեսական համակարգի համար»։

Ի դեպ, նույն նիստի ժամանակ կառավարությունը որոշում է ընդունել. կառուցապատողներին տրամադրել պետական երաշխիքներ՝ առաջին փուլում մինչև 20 մլրդ դրամի չափով։

Այս խորագրի վերջին նյութերը