Աշխարհ

19.10.2020 09:37


Թուրքիան ավելի քան 2000 սիրիացի վարձկանների է ուղարկել Ադրբեջան. Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն

Թուրքիան ավելի քան 2000 սիրիացի վարձկանների է ուղարկել Ադրբեջան. Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հաստատել են, որ թուրքական կառավարությունը Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան:

Ինչպես հայտնում է կենտրոնի կայքը, վերջերս ձևավորված խումբը բաղկացած է եղել «Սուլթան Մուրադ» խմբավորման, «Ալ-Համզաթ» դիվիզիայի և այլ ահաբեկչական խմբավորումների 400 գրոհայիններից, որոնց ավելի շուտ պետք է ուղարկեին Ադրբեջան: Սակայն Թուրքիայի կողմից սիրիացի վարձականների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հետ սահման հետաձգվել է հրադադարի համաձայնագրի պատճառով:

Ըստ SOHR-ի տվյալների՝ Ադրբեջանի զորքերի շարքերում կռվող սիրիացի վարձկանների թիվը հասել է 2050-ի:

Կենտրոնի աղբյուրի տվյալներով՝ վարձկաններին առաջնագիծ են ուղարկում՝ պատերազմի ողջ ծանրությունը նրանց վրա դնելով:

Կենտրոնից հայտնում են, որ Թուրքիան շարունակում է սիրիացի վարձկանների հավաքագրումը: Իսկ կռվի մեջ հայտնված գրոհայիններից ոմանք փոշմանել են, հրաժարվել իրենց վարձատրությունից և վերադարձել Սիրիա: Նշվում է, որ վարձկաններից 143-ը մահացել են, որոնցից 92-ի մարմիններն ուղարկվել են Սիրիա, մյուսներինը մնում են Ադրբեջանում:

Այս խորագրի վերջին նյութերը