Մեկնաբանություն

21.04.2011 21:06


«Երկխոսություն» օպերացիան

«Երկխոսություն» օպերացիան

Եվ այսպես, Սերժ Սարգսյանն ընդառաջ գնաց Տեր–Պետրոսյանի «պահանջներից» մեկին ու հրահանգեց իրավապահներին ևս մեկ անգամ քննել «մարտի 1»–ին առնչվող հարցերը։

«Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի («Մարտի 1–ի»–Կ. Հ.) բացահայտման հարցում: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն»,– դեմքի լուրջ արտահայտությամբ ներկաներին էր դիմում Ս. Սարգսյանը:

Սրանով պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանը շա՜տ մեծ «ռազմախ» ունի ու «մասշտաբային» գործիչ է։ Նրա քայլերը տեղավորվում են «ֆուտբոլային» դիվանագիտությունից մինչև դեմքով դեպի գյուղն ու «Մարտի 1»–ը շրջվելը։ Մալադե՛ց։

Սարգսյանի «մարտիմեկյան» հայտարարության «թանաքը» դեռ չչորացած՝ ՀԱԿ–ից շտապեցին արձագանքել, թե ՀՀԿ «ճկուն» ղեկավարի այդ խոսքերը համարում են իրենց «երկխոսությանը» նպաստող կետերից մեկի կատարում։ Այսինքն ստացվում է, որ Տեր–Պետրոսյանի ուզածը Սերժ Սարգսյանի՝ «Ախպեր հլա մի հատ էլ տնտղեք «մարտի 1»–ի մոմենտով, տեսեք կարող ա «զադնի» են տվալ՝ խբալ են» ոճի հայտարարությունն էր, որից հետո «արմատականների» առաջնորդը «մոնղոլ–թաթարների» հետ նստելու էր «շախմատի»։

Տպավորությունն այնպիսին է, որ Տեր–Պետրոսյանն արդեն գիտեր, թե ինչ է ասելու Սարգսյանն ու այդ ամենը դրական գնահատելու իր տեքստը նախապես էր պատրաստել և արագորեն տարածեց համապատասխան լրատվամիջոցներով։ Շատ «հուզիչ» տեսարան է։

Փաստորեն, մենք հիմա ականատես ենք դառնում վատ բեմադրած մի թատրոնի, որի մասնակիցները փորձում են իրար «պաս» տալով «ներքաղաքական լարվածության  հաղթահարում» խաղալ, բայց միայն զոմբի կամ Լևոնի «վկա» պետք է լինել՝ չհասկանալու համար այն, որ սերժա–լևոնական «երկխոսությունը» ոչ թե 3 «պահանջների» կատարմամբ է հնարավոր դառնալու, այլ այդ «երկխոսությունը» վաղուց կա, ու հիմա ընդամենը փորձ է արվում ապահովել դրա «լեգիտիմությունը»։ Այդքան բան։

Սերժա–լևոնական «երկխոսության» հիմքում ընկած է Տեր–Պետրոսյանի՝ «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» համագործակցության մոդելը, որի առաջարկը ՀԱԿ առաջնորդը բազմիցս ներկայացրել էր իր «մրցակցին» ու գաղափարական հոգեզավակին։ Հենց այդ «միաբանական» մոդելի շրջանակներում էլ այսօր «երկխոսում», իսկ ավելի ճիշտ՝ հաճախորդանում է ՀԱԿ առաջնորդը։ Ասել է թե՝ Տեր–Պետրոսյանը հասել է իր մուրազին։ Հետևաբար՝ «հոգեպես» ավելի ազնիվ կլինի՝ եթե այսուհետ Ազատության հրապարակը «գրավելու» ժամանակ ոստիկանները ծաղիկներ տան լևոնականներին, իսկ վերջիններս էլ ոստիկաններին ջուր բաժանեն՝ որպես ջրբաժանի օրվա խորհրդանիշ։

Հիմա Սերժն ու Լևոնը «ջան» ասում, «ջան» լսում են։ Երկուսի թիրախն էլ նույնն  է՝ խոշոր բիզնեսը, իրենց նեղ թիմերից դուրս գտնվող բոլոր սուբյեկտները՝ լինեն նրանք իշխանական կամ ընդդիմադիր տիրույթը ներկայացնող և, հասկանալի պատճառներով, Ռոբերտ Քոչարյանը։

Պատահական չէ, որ իշխանական վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները որևէ ձևով բացասական լույսի ներքո չեն ներկայացնում ՀԱԿ ղեկավարին ու նրա թիմին։

«Ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքների, այն է՝ իշխանության համար քննադատելի է, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց ոչ Պետրոս Մակեյանը, ով Ղարաբաղից այստեղ եկածների մեջ ենիչերների է տեսնում։ Սարգսյանի թիմը Մակեյանի այդ որակումներից չի վիրավորվում ու քարոզչական հանդուրժողականություն է ցուցաբերում, բայց ամիսներ առաջ անընդունելի ու անհանդուրժելի համարեց «յուրային» Գագիկ Բեգլարյանին և վերահսկելի հեռուստաընկերություններով ու «լևոնական» լրատվամիջոցներով այնպիսի հակաքարոզ սկսեց նախկին քաղաքապետի դեմ, որ նույնիսկ «զակազ» ստացած լրագրողներն ու «ընդդիմադիր» վերլուծաբաններն էին մի պահ շփոթվել Բաղրամյան 26–ից եկող «ժողովրդավարության» հեղեղից։

Իշխանական քարոզչամեքենան քննադատում է, օրինակ, Վարդան Օսկանյանին, բայց ոչ Լևոն Տեր–Պետրոսյանին։ Թողնենք այն հարցը, թե արժանի՞ է արդյոք Օսկանյանը քննադատության, թե՞ ոչ։ Հարցն այն է, որ իշխանությունների պաշտոնական քարոզչամիջոցները Տեր–Պետրոսյանին չեն թիրախավորում և նրա վրա չեն հարձակվում, երբ, ասենք, նա խոսում է Ղարաբաղի խնդրի լուծման 1997–ին շրջանառվող փուլային տարբերակի մասին ու հայտարարում, թե ղարաբաղցիներն էին մեղավոր, որ հարցը չլուծվեց և իշխանության աղճատվածությունը Հայաստանում կարգավորելուց հետո շատ արագ կլուծվեն հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական հարցերը։ Տեր–Պետրոսյանի այս ձևակերպումներին պաշտոնապես պատասխան չտրվեց Սարգսյանի կամ իր թիմակիցների կողմից։ Դա հնարավոր էր միայն մի դեպքում՝ եթե գիտես, որ նման տեսակետներ հայտնողը քո հաճախորդն է, ինչպիսին որ ժամանակին Արտաշես Գեղամյանն էր։

Եթե Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի միջև գործարք չլիներ ու նրանք իրական ընդդիմախոսներ  լինեին, ապա Սարգսյանը առիթը բաց չէր թողնի ու կհայտարարեր, թե տեսեք ընդդիմության առաջնորդը ինչ հանձնողական քարոզ է անում ու կփորձեր Տեր–Պետրոսյանի ֆոնին դրական երևալ։ Հիշեցնեմ, որ երբ նախագահական ընտրությունների ժամանակ իրոք կար հակամարտություն նրանց միջև՝ Սարգսյանը մեղադրում էր Տեր–Պետրոսյանին երեք տարում Ղարաբաղը ծախելու մեջ, իսկ հիմա, «չգիտես ինչու», չի անդրադառնում BBC–ին տված ՀԱԿ առաջնորդի հարցազրույցին։ Տեսնես ինչու՞ է այդպես։ Հը՞։

Ասելս այն է, որ սերժական քարոզչամեքենայի մոտ չկա հակալևոնական դետալ անգամ։ Ավելին՝ ՀԱԿ հանրահավաքները լուսաբանվում են երկարաշունչ ռեպորտաժների միջոցով։

Եթե այս ամենը հաշվի առնելով ես վերլուծում ներքաղաքական զարգացումները՝ ամեն ինչ իր տեղն է ընկնում։

Մասնավորապես՝ որքան էլ որ Տեր–Պետրոսյանը փորձեց Մանդակունու միջոցով բացատրել հակարաֆֆիական իր դիրքորոշումը՝ պարզից էլ պարզ է, որ նրա վարքագիծը զուտ քաղաքական հաշվարկով էր պայմանավորված։ Սարգսյանի հետ առկա գործարքն էր պատճառը, որ Տեր–Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մտավ հրապարակային բանավեճի մեջ ու ամեն ինչ արեց, որպեսզի հանրային լայն կոնսոլիդացիա իշխանության դեմ չձևավորվի, որովհետև գործարքի գնացողը միայն տեղի կռիվ ունի տալու, այլ ոչ թե իրական փոփոխության հասնելու։ Իսկ այն, որ սերժա–լևոնական շրջանակների հարձակումը «Ժառանգության» առաջնորդի վրա շատ նյարդային ու ագրեսիվ բնույթ էր կրում՝ հասկանալի է. գողը բռնվել էր հանցանքի վայրում և ամենաբարձրը ինքը պետք է գոռար «Բռնե՛ք գողին»։

Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ մտնելով, փաստացի, պայթեցրեց հանրահավաքի մասնակիցների քանակը մանրադրամի վերածած Տեր–Պետրոսյանի «շախմատը» ու բացահայտեց «Եղիազարա–միաբանական» թատրոնի էությունը, ինչը չէր կարող հունից չհանել ՀԱԿ առաջնորդին ու դրա համար էլ մենք ստացանք հակարաֆֆիական վայնասուն։

Զուտ տեխնոլոգիական առումով Տեր–Պետրոսյանի վերջին շրջանի քայլերը կարելի է հասկանալ. եթե չես հավատում իշխանափոխության հասնելուն, ու քաղաքական դաշտում ընդամենը գոյությունդ քարշ տալու հարցով ես մտահոգված, ապա, բնականաբար, պետք է գնաս «Եղիազարի» դուռը, դառնաս նրա իշխանության կայունության երաշխիքն ու դրա դիմաց նրանից պահանջես «երկխոսություն», որն իրականում նշանակում է առաջիկա ԱԺ ընտրությունների արդյունքում հաստիքային ընդդիմություն դառնալու պատրաստակամություն։

Ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի։ Մնում է միայն Տեր–Պետրոսյանն իր աջակիցների լայն շրջանակներին կարողանա բացատրել, թե ինչպե՞ս է «երկխոսում» «մոնղոլ–թաթար» որակված մարդկանց հետ, ինչպե՞ս է ներում խնդրում քաղբանտարկյալների համար նույն այդ «մոնղոլ–թաթարներից»  և  ինչպե՞ս է «միաբանվելու» Սերժ Սարգսյանի հետ։

Ի դեպ, երբ Արթուր Բաղդասարյանը 2008–ին «երկխոսեց» Սերժ Սարգսյանի հետ զոհեր դեռ չկային։ ՕԵԿ նախագահը  հետագայում Սարգսյանին տրվելու հիմնավորում ներկայացրեց այն հանգամանքը, թե եթե դա չաներ, ապա մարտի 1–ի զոհերն ավելի շատ կլինեին։

Հիմա Տեր–Պետրոսյանը «երկխոսում» է Սարգսյանի հետ տասը զոհերի, բազում վիրավորների ու քաղբանտարկյալների առկայության պարագայում։

Ա. Բաղդասարյանի ու Լ. Տեր–Պետրոսյանի վարքագծերի նմանության ու տարբերության մասին ամբողջական գնահատական տալը թողնում ենք ընթերցողին, իսկ «Եղիազարին» ու «միաբանին» մաղթում ենք՝ «Մի «բարձի» ծերանա՛ք»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը