Մեկնաբանություն

10.10.2020 08:47


«Քննադատությունն արգելելու» քայլի դարձերեսը

«Քննադատությունն արգելելու» քայլի դարձերեսը

Ռազմական դրության իրավական ռեժիմի նախօրեի խստացումները, իհարկե, հետագայում շատ ավելի մանրակրկիտ ու մասնագիտական դիտարկման, կարելի է ասել՝ անգամ հետազոտության նյութ են, թե՛ իրավական, թե՛ լրատվության և հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվողների համար: Բայց դա հետագայում:

Հիմնական խստացումները, ինչպես հայտնի է, վերաբերվում են մամուլի և խոսքի ազատությանը: Այս տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի խստացումներից այն ձևակերպումը, ըստ որի՝

արգելվում է քննադատել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, այդ թվում` ելույթները, հրապարակումները, հերքել դրանք կամ դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հրապարակումներով հանդես գալ:

Եթե հակիրճ, ապա արգելվում է որևէ կերպ մեկնաբանել կամ որևէ կերպ արձագանքել անխտիր բոլոր պաշտոնյաների ելույթներին, հրապարակումներին, սոցցանցային գրառումներին: Անգամ եթե նրանց՝ անխտիր բոլոր պաշտոնյաների, մեծուփոքր չինովնիկների ասածներում տեղ է գտել վրիպում, թվային անճշտություն, մտքի կամ լեզվաոճական սայթաքում, էլի չի կարելի ոչինչ անել, ամենակարևորը՝ չի կարելի ոչինչ ասել: Ավելին, իմանալով հայրենական պաշտոնյաների ընդհանուր մտածելակերպը և ամեն մի դիտողության ետևում իրենց գերկարևոր անձի դեմ ուղղված տիեզերական մասշտաբի դավադրություն ու պատվեր տեսնելու հատկանիշը (կապ չունի, գուցե ընդամենը ինչ-որ գյուղի ինչ-որ բաժնի վարիչ է կամ, ասենք, որևէ նախարարության որևէ վարչության պետի տեղակալ), նրանք ցանկացած խոսք, նույնիսկ անմիջականորեն պաշտպանության խնդիրների հետ կապ չունեցող, կընկալեն որպես արգելված քննադատություն՝ ավելացնելով ոստիկանության աշխատանքի ծավալը: Ինչևէ:

Միակ բանը, ինչպես հասկացվում է այս մոտեցումից, այն է, որ նույնությամբ ասվածը (գրառումը, ելույթը, հրապարակումը) պատճենվի և տարածվի: Վերջ:

Դա, իհարկե, գրաքննություն է, որը, ինչպես ընդգծվեց՝ բխում է կոնկրետ պատերազմական իրավիճակից և, ըստ պաշտոնական մոտեցման՝ անհրաժեշտություն է:

Բարի:

Բայց այստեղ ծագում են զուտ մասնագիտական բնույթի հարցեր: Իրավականը թողնենք իրավաբաններին: Կենտրոնանանք հանրային կարծիքի, հանրային ընկալման խնդիրների վրա: Մարդու բնույթն այնպիսին է, որ նա, որպես հասարակական էակ, մշտապես հաղորդակցության, տեղեկություններ ստանալու և հաղորդելու կարիք ունի:

Տեղեկույթուններ ստանալու առավել տարածված ու «ավանդական» աղբյուրը լրատվամիջոցներն են, իսկ վերջին ժամանակաշրջանում նաև սոցցանցերը:

Փորձեմ բացատրել կենցաղային տարբերակով: Երբ բնակարանի, հատկապես վերին հարկերում ջրամատակարարումը դադարեցվում է կամ ջրաշիթը բարակում, շատերը իջնում են բակ՝ ցայտաղբյուրից ջուր վերցնելու կամ փնտրում են այլ աղբյուրներ:

Ցանկացած համեմատություն է կաղում, բայց մոտավորապես նույնը տեղի է ունենում, երբ փակում ես լրամատակարումը ու հատկապես՝ քննադատական, վերլուծական, կարճ ասած՝ գնահատողական անդրադարձերի հնարավորությունը: Մարդիկ փնտրելու և գտնելու են նոր աղբյուրներ, շատերը սկսելու են «լսի, բա իմացար...»-ով կողմնորոշվել (մեծ հաշվով՝ ապակողմնորոշվել), շրջվել դեպի «բամբասանք.նյուզ»-ը: Մանավանդ, երբ հանրության մի որոշակի շերտ առանց այդ էլ հակված է դրան:
Մասնագիտական տեսակետից հարցն այն չէ միայն, որ մարդիկ սկսում են լուրեր, տեղեկություններ ստանալու նոր աղբյուրներ փնտրել: Հարցն այն է, որ մարդիկ ինքնաբերաբար հեռանում են լուրերն ու տեղեկությունները հնարավորինս համակարգված մատուցող լրատվամիջոցներից: Հնարավոր հետևանքներից մեկն էլ, սովորաբար լինում է այն, որ հանրության շրջանում սկսում է ընկնել պաշտոնական լրահոսի, հրամցվող տեղեկությունների հավաստիության նկատմամբ վստահության աստիճանը: Ըստ որում, նույնիսկ առանց որևէ ուղղորդման, հանրային ընկալման դաշտում դա ենթադրելի հետևանք է: Առավել ևս մի հասարակության դեպքում, որը (ինչ էլ ասվի, ինչ պարաբերականությամբ էլ դիտարկվի) վերջին տասնամյակներում ապրել է մամուլի և խոսքի ազատության պայմաններում ու միջավայրում: Առավել ևս՝ արագ ինտերնետի, ամենքին այդ կապի հասանելիության և բազմազան սոցցանցերի առկայության պայմաններում:

Սա էլ է խնդիր: Այն իմաստով, թե նման լարված պայմաններում ոստիկանությունն ինչպես է հասցնելու տեխնիկապես կամ ֆիզիկապես հետևել բոլոր սոցցանցերին, բոլոր օգտատերերի գրառումներին: Ո՞վ է գնահատում կամ գնահատելու այս կամ այն ռեպլիկի կամ գրառման խուճապահարության հնարավորությունը, աստիճանը: Խոսքը, հասկանալի է, ակնհայտ դրսևորումների մասին չէ, որոնց դեպքում հարցը պարզ է:

Այս՝ «քննադատությունն արգելվում է» խստացման դարձերեսին կա ևս մեկ ենթադրելի հետևանք: Արգելելով քննադատությունը՝ իշխանությունը նաև ինքն է իրեն զրկում այլ տեսակետ, կարծիք, առաջարկություն, մոտեցում լսելու հնարավորությունից: Մի կողմից լավ է, ենթադրենք, որ պատերազմական իրավիճակում իշխանությունն ու իշխանավորները կենտրոնանան միմիայն գլխավոր խնդրի լուծման վրա և չշեղվեն զանազան քննադատական ակնարկներից, դրա վրա թանկ ժամանակը չծախսեն և կատարեն իրենց պարտականությունները, այսպես ասենք՝ առանց կողմնակի դիտողությունների:

Բայց մյուս կողմից, ընդհանրապես զրկվելով այդ դիտողություններից, մարդ արարածը սկսում է նախ՝ կարծել, ապա աստիճանաբար հանգում է այն թյուր համոզմանը, թե ինքն անսխալական է, ինչ անում է՝ ճիշտ է անում:

Եվ մի հանգամանք էլ: Ցանկացած կարգ, օրենք, պահանջ, կանոն գործում է մինչև այն պահը, երբ տարածվում է անխտիր բոլորի վրա: Հենց այն կետից, երբ թույլ է տրվում «ջոկողություն», «երկակի ստանդարտով» մոտեցում, երբ առաջադրված պահանջն սկսում է գործել ու գործադրվել միայն որոշակի խումբ անձանց նկատմամբ, բայց ոչ մի կերպ չի կիրառվում մեկ այլ խումբ անձանց դեպքում, այդ օրենքը, կանոնը, պահանջը կորցնում է իր կշիռը, նշանակությունն ու ազդեցությունը:

Մասնավորապես, եթե արդեն հայտնի է, որ ամենատարբեր անձանց հրավիրել են ոստիկանություն և համացանցից նրանք հեռացրել են խնդրահարույց նկատված այս կամ այն գրառումը, ապա միաժամանակ պետք է առնվազն հայտնի լիներ, որ ոստիկանություն են հրավիրվել նաև իշխանական ու մերձիշխանական շրջանակների այն ներկայացուցիչները, որոնք այս օրերին առանձնակի ջանասիրությամբ վիրավորական, վարկաբեկիչ բնույթի և անպատասխանատու հայտարարություններ են անում՝ որոշակիորեն խանգարելով ներհասարակական համախմբման մթնոլորտը:

Կա՞ն ոստիկանություն նման «հրավիրյալներ»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը