Աշխարհ

30.09.2020 07:16


ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է սեպտեմբերին ԱԽ-ում նախագահող, ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների»,-ասել է նա։

Նա նաև չի բացառել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը։ «Եթե դա անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք երկու դեսպանների հետ (խմբ․ Հայաստանի և Ադրբեջանի), որպեսզի նրանք կարողանան փոխըմբռնման գալ»,- հավելել է Աբարին։

***

Լիակատար աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը․ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման շուրջ տեղի ունեցած փակ քննարկման արդյունքով հանդես է եկել հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում ասվում է․

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդումների առնչությամբ։ Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի գործադրումն ու ափսոսանք են հայտնում մարդկային զոհերի ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցել են Գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունն ու անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահների կենտրոնական դերակատարման լիակատար աջակցության մասին ու կոչ են արել կողմերին համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շուտափույթ վերսկսման համար»։

Այս խորագրի վերջին նյութերը