Լրահոս

26.09.2020 15:27


Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները, փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը․ ՀՅԴ

Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները, փոխել  Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը․ ՀՅԴ

Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև։ Մեր պետականությունը խաթարող մարտահրավերները համազգային միասնականությամբ դիմագրավելու փոխարեն՝ իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին իրավունքի ոտնահարմամբ լռեցնելու, հանրությանը պառակտելու, քննադատությանը բացառապես վրեժխնդրությամբ և անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:

Այս գործում քաղաքական իշխանությունը ամբողջությամբ ներգրավել է ՀՀ դատախազությանը, որի ակնառու վկայությունն է վերջինիս կողմից իշխանության քաղաքական պատվերները չկատարած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացները:

ԲՀԿ առաջնորդին կալանավորելու մասին հապշտապ որոշումը իշխանությունների արատավոր ուղեգծի դրսևորումներից է, որով փորձ է կատարվում թանձրացնել վախի մթնոլորտը և հասարակական տրամադրությունները շեղել իշխող վարչակարգի` բոլոր ոլորտներում արձանագրած ձախողումներից: Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը: Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները, փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը:

Ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների քաղաքական հալածանքները չդադարեցնելու դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը:

ՀՅ Դաշնակցությունը համախոհ քաղաքական ուժերի հետ շարունակելու է ազգային-պետական օրակարգերի շուրջ հանրության համախմբման աշխատանքները:

Ս. թ. հոկտեմբերի 8-ին եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվանն է:

Համոզված ենք, որ հանրային համախմբմամբ է հնարավոր դիմագրավել մեր պետականությանն ուղղված բացահայտ սպառնալիքները:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

26.09.2020 թ.

Այս խորագրի վերջին նյութերը