Լրահոս

23.09.2020 16:23


Իմ կողմից որևէ առաջադրում և ինքնառաջադրում չի լինելու. ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ (տեսանյութ)

Իմ կողմից որևէ առաջադրում և ինքնառաջադրում չի լինելու. ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ (տեսանյութ)

Ես բոլոր նիստերին մասնակցել եմ, մասնակցելու եմ նաև այս նիստին: Իմ կողմից որևէ առաջադրումներ չեն կատարվելու, ինքնառաջադրում չի կատարվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է ՍԴ-ի նախագահի իր թեկնածուն:

Նշենք, որ այսօր Սահմանադրական Դատարանում կայանալու է ՍԴ դատարանի նախագահի ընտրությունը:

«Այս պահի դրությամբ չկա թեկնածություն, որ առաջադրված լինի, կտեսնենք, ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, ինչպիսի՞ ելույթներ կունենան, ի՞նչ տեսլական են պատկերացնում, ի՞նչ գնահատական և հանգուցալուծումներ կտան ստեղծված իրավիճակին, ըստ այդմ կլինեն դիրքորոշումներ»,-ասաց դատավորը Արևիկ Պետրոսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե հուլիս ամսից ՍԴ-ում նիստեր չեն իրականացվում՝ Արևիկ Պետրոսյանը պատասխանեց, որ մինչև 2020 թվականի հունիսի 26-ը՝ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, որևէ խնդիր չի եղել քվորումի և որոշումների կայացման հետ կապված, ՍԴ-ն իր բնականոն գործունեությունը իրականացրել է: Նա նշեց, որ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեք խումբ հարցեր կան, որի վերաբերյալ ինքը հանրայնորեն իր կարծիքը ներկայացրել է, դրանք պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխություններով և Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված: Ըստ նրա՝ այդ հարցերը և առաջարկները գործընկերներին հանգամանալից ներկայացվել են, սական իրավական տիրույթում լուծումների համար, որևէ քայլ չի ձեռնարվել:

Հարցին՝ ՍԴ-ն իր նոր կազմով քաղաքացիների մոտ ավելի մեծ վստահություն կունենա՞, քան նախկինում էր, դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ ՍԴ-ի վստահության հետ կապված հարցը պայմանավորված է նրանով, թե ինչպես է դա գեներացվում քաղաքական ուժերի կողմից, ինչպիսի շեշտադրումներ և ինչ նպատակներ են հետապնդվում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Հրայր Թովմասյանի հետ աշխատելը կարող է լինել սկզբունք և նրա՝ ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում նրան տրվի նախապատվությունը, դատավոր Արևիկ Պետրոսյանը պատասխանեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը իր պաշտոնավորման երկու տարիների ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այնպես, որ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության առումով որևէ խնդիր չի եղել, ստեղծվել են նորմալ, մարդկային, աշխատանքային փոխհարաբերություններ.

«Ես չեմ կիսել իմ մեկ գործընկերոջ մոտեցումը, որը Սահմանադրական դատարանի լեգիտիմության հետ կապված խնդիր ուներ և ՍԴ-ի աշխատանքներին չէր մասնակցում: Իմ մոտեցումը հետևյալն է, որ իմ գործընկերների հետ պետք է շարունակեմ ներկայացնել իմ տեսակետները, իմ դիրքորոշումները և կտեսնեմ՝ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և իմ այդ առաքելությունը կիրականացնեմ:

Աշխատանքներին մասնակցություն ես ունեցել եմ և շարունաելու եմ ունենալ՝ անկախ այս կամ այն կարծիքից: Դրանք հարցեր են, որոնք ՍԴ-ի գործունեության հիմքի ստեղծման համար պետք է լուծվեն օր առաջ»:

Հարցին ՝թե Հրայր Թովմասյանը քաղաքական հայտարարություններ է արել, որի մասին խոսում էին իրավապաշտպանները, արդյո՞ք կոռեկտ էր դա ՍԴ նախագահի կողմից, ՍԴ դատավորը պատասխանեց, որ հայտարարությունները քաղաքական են եղել, թե քաղաքական չեն եղել, դա սուբյեկտիվ ընկալման շրջանակներում կարող է լինել: «Պարոն Թովմասյանի կողմից կատարվել են այն հայտարարությունները, որոնք ինքը նպատակահարմար է գտել»,-ասաց ՍԴ դատավորը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը