Լրահոս

14.09.2020 16:39


12-մետրանոց ավտոբուսների մրցույթը համարվել է չկայացած. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի

12-մետրանոց ավտոբուսների մրցույթը համարվել է չկայացած. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի

Երևանում քաղաքային տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտարարվել էր 12-մետրանոց ավտոբուսների մրցույթ, որը չէր կայացել մասնակիցների՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու պատճառով. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք արդեն սկսել ենք քաղաքային տրանսպորտի բարեփոխման գործընթացը: Կառավարության և Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ տենդերը եղել է 12­մետրանոց 100 ավտոբուսի համար: Եղել են երկու մասնակից, բայց երկուսն էլ չեն համապատասխանել մրցույթի պայմաններին, դրա համար տենդերը համարվել է չկայացած: Այժմ աշխատում ենք նոր տենդերի ուղղությամբ»,-նշել է Մարությանը:

Նրա խոսքով՝ մասնագետների հաշվարկներով ավտոբուսների քանակը Երևանում պետք է լինի 850-950 հատ՝ ներառյալ նաև պահեստային ավտոբուսները:

Քաղաքապետը շեշտեց, որ այդ գործընթացը կախված չէ միայն քաղաքապետարանից, և դրան շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Կառավարությունը:

Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կայացել է նաև 100 մինի ավտոբուսի մրցույթ, կա հաղթող:

«Ավտոբուսները Հայաստան կբերվեն համայնքի միջոցներով: Առաջիկա 2-3 ամսում սպասում ենք մատակարարումներին: Նախատեսվում է նաև զգալի խմբաքանակով 8-9 մետրանոց ավտոբուսների մրցույթ հայտարարել, Դրանք նույնպես ձեռք կբերվեն համայնքի միջոցներով»,-ասաց Կարապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը