Աշխարհ

08.09.2020 22:45


Անհավանական տպավորիչ և բարդ․ Վարդանյան եղբայրները «Զարմանալի մարդիկ» շոուի եզրափակիչում են (տեսանյութ)

Անհավանական տպավորիչ և բարդ․ Վարդանյան եղբայրները «Զարմանալի մարդիկ» շոուի եզրափակիչում են (տեսանյութ)

Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները դարձել են «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Զարմանալի մարդիկ» հայտնի շոուի առաջին թողարկման հաղթող և անցել հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ։

Եղբայրները թրերով տպավորիչ համար են ներկայացրել, որը հավասարակշռությունը պահելու բացառիկ օրինակ է։

Շոուի ընթացքում ընդհանուր առմամբ 8 համար է ներկայացվել։ Վարդանյան եղբայրները հանդիսատեսի քվեարկության ընթացքում լավագույն արդյունքն են ցուցաբերել` հավաքելով 21 տոկոս։

Հեռուստածրագրի հաղորդավարի կարծիքով` «դա վախենալու աստիճան հիասքանչ էր»։ Միևնույն ժամանակ ճանաչողական նյարդագիտության ինստիտուտի տնօրեն Վասիլի Կլյուչարևը նշել էր, որ Գևորգի և Անդրանիկի համարը անհավանական տպավորիչ և բարդ էր։

«Ինձ վրա այն անհավանական տպավորություն թողեց»,-ասել է նա։

Տղաների ելույթից տպավորված էին նաև ժյուրիի մյուս անդամները։

«Սիրտս սկսեց բաբախել, շատ էի անհանգստանում ձեզ համար։ Իսկապես շատ հզոր էր»,-նշել է պարուսույց և հեռուստահաղորդավար Եվգենի Պապունաիշվիլին։

Հաղորդավար Օլգա Շելեստի խոսքով` դժվար է հասկանալ մարդկանց, որոնք նման վտանգավոր հնարքներ են կատարում, բայց դա, իսկապես, տպավորիչ է. «Վախենում ես դիտել, այնքան անհավանական սուր զգացողություններ են»։

Վարդանյան եղբայրները միակն են աշխարհում, որ այդ հնարքը հենց այդկերպ են կատարել։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց եղբայրներից մեկը` Անդրանիկը, ծրագրին մասնակցությունն իրենց համար լուրջ մարտահրավեր էր, քանի որ համավարակի պատճառով նրանք շուրջ կես տարի ելույթ չէին ունեցել և չէին մարզվել։

«Նախապատրաստվել ենք ընդամենը մեկ շաբաթում։ Ուզում էինք նոր համար հորինել, բայց ժամանակի սղության պատճառով որոշեցինք վերականգնել հներից ինչ–որ բան։ Սակայն դա էլ բավարար եղավ, եզրափակիչ դուրս գալու համար»,-ասաց նա։

Անդրանիկի խոսքով` իրենց ռեսթարթի նման մի բան էր անհրաժեշտ։

«Ամենակարևորը մեզ համար ռեսթարթ անելն է, երկար ընդմիջումից հետո կրկին մտնել հունի մեջ։ Չէ՞ որ կրկեսային ոլորտն այս ընթացքում լուրջ տուժեց և դեռ հայտնի չէ, թե երբ ամեն ինչ նորից կվերսկսվի։ Բայց մենք պետք է կրկին հիշեցնեինք մեր մասին...»,-հավելեց տղան։

«Զարմանալի մարդիկ» շոուի հինգերորդ եթերաշրջանը մեկնարկել է կիրակի` սեպտեմբերի 6-ին։

Հիշեցնենք, որ Վարդանյան եղբայրները 2017 թվականին դարձան «Փառքի րոպե» շոուի հաղթող։ Նույն թվականին նրանք այցելեցին նաև Sputnik Արմենիա և ընթերցողներին նվիրեցին իրենց փոքր ելույթը։

Այս խորագրի վերջին նյութերը