Աշխարհ

22.08.2020 10:31


Գերմանիայից Օմսկ ժամանած ինքնաթիռն Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել է Բեռլին

Գերմանիայից Օմսկ ժամանած ինքնաթիռն Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել է Բեռլին

Գերմանիայից Օմսկ ժամանած հատուկ օդանավն առավոտյան մեկնել է Բեռլին՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխելով գերմանական կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնել է Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը:

«Ալեքսեյին տեղափոխող օդանավը մեկնել է Բեռլին: Մեծ շնորհակալություն բոլորին իրենց աջակցության համար: Ալեքսեյի կյանքի և առողջության համար պայքարը նոր է սկսվում, և դեռ անցնելու շատ բան կա, բայց այժմ գոնե առաջին քայլն արվել է»,-գրել է Յարմիշը Twitter-ում:

Օդանավն Օմսկ քաղաքի օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Դրանից երկու ժամ առաջ Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են օդանավակայան:

Օմսկի հիվանդանոցի բժիշկները նշել էին, որ Նավալնիի վիճակը որոշակիորեն կայունացել է: Թեև նրանք պնդել էին, որ նա կարող է բուժում ստանալ հենց Օմսկում, սակայն հարազատների պնդմամբ նրան Բեռլինում գտնվող Charite բժշկական կլինիկա տեղափոխելու և բուժումն այդտեղ շարունակելու որոշում էր կայացվել:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, երեկ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլ տալ իր ամուսնու տեղափոխությունը Գերմանիայի կլինիկաներից մեկը:

«Ներկա պահին իմ ամուսինը գտնվում է Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Ես կարծում եմ, որ Ալեքսեյ Նավալնիին որակյալ բուժօգնություն է հարկավոր Գերմանիայում... Պաշտոնապես դիմում եմ Ձեզ՝ պահանջելով թույլ տալ Ալեքսեյ Նավալնիի տեղափոխումը Գերմանիա»,-ասվում է ՌԴ նախագահին հասցեագրված դիմումում:

Ավելի վաղ Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին լրագրողներին հայտնել էր, որ բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի հետ կապված ունեն 5 աշխատանքային ախտորոշում: Ըստ նրա՝ հստակ ախտորոշման համար կպահանջվի ևս 2 օր:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:

Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով:

Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը