Լրահոս

05.08.2020 14:45


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները M Group ընկերությունում են (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները M Group ընկերությունում են (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները M Group ընկերությունում են: Լրատվամիջոցների հետ զրույցում ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրենց թույլ չեն տալիս մուտք գործել իրավապահների գործողության տարածք.

«Ինձ չի թույլատրվել մուտք գործել և իրավաբանական օգնություն ցույց տալ, պաշտպանել ընկերության շահերը: Ոստիկաններին ցուցում է տրվել՝ արեք ամեն ինչ, դուք խնդիր չունեք: Իմ գիտակցական կյանքում այսպիսի քննչական գործողության ականատես չեմ եղել: Այստեղ հանցանքների շարք կատարվեց, տեսանյութերը առկա են»,-նշեց նա :

Ոստիկանությունը շարունակում է գործողություններ իրականացնել:

Լրագրողների հետ զրույցում M Group ընկերության փաստաբաններից մեկը ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ արձանագրությունից հետևում է, որ դեպքի վայրի զննություն է կատարվել, այն սկսվել է ժամը 11:40-ից և ընկերության ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի այդ գործողությանը նրանց էլ մասնակից դարձնեն:

«Պահանջել ենք ներկայացնել դատարանի որոշում, հակառակ պարագայում դադարեցնել անօրինական գործողությունը, վերջիններս հրաժարվել են մեզ մասնակից դարձնել, և արձանագրություն մեջ կատարվել է կեղծիք: Այնտեղ արձանագրվել է, թե իբրև մեր վստահորդին առաջարկվել է մասնակցել գործողությանը, սակայն նա որևէ կերպ չի արձագանքել»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ արձանագրության մեջ նշվում է, թե ընկերություն են եկել երկու ոստիկան, որը, նրա պնդմամբ, սխալ փաստ է, քանի որ 6-ից ավել ոստիկան կա շենքում, որը օրենքի խախտում է:

Հարցին, թե ի վերջո իրականացվող գործողությունների նպատակը որն է, փաստաբանը պատասխանեց, որ արձանագրության մեջ նշված չէ, թե կոնկրետ ինչ հանցագործության դեպք է տեղի ունեցել գրասենյակի տարածքում, ինչ հանցագործության դեպքի շուրջ է իրականացվում քննությունը:

Լարված իրավիճակի և նույնիսկ վիճաբանության ձայների մասին փաստաբանը նշեց, որ այդ ամենը սկսվել է նրանից, որ հրաժարվել են նրանց արձանագրությունը տրամադրել, իրենք հորդորել են, որպեսզի ընկերություն եկած ոստիկանները օրենքի տառին համապատասխան աշխատեն. «Պահանջել ենք, որ ոստիկանները ներկայանան, որից նրանք հրաժարվել են և մենք պահանջել ենք, որ դուրս գան սենյակից, սակայն ՄԻՊ-ի միջամտությամբ թույլ տրվեց մեր դիտողություններն արձանագրել հենց այս փուլում»:

«Այս պահին ոստիկանները դեռ որևէ փաստաթուղթ չեն առգրավել, սակայն ըստ էության՝ նրանց նպատակը հենց դա է»,-ասաց նա և հավելեց, որ սա չի կարող տեղի ունենալ զննության ընթացքում, քանի որ փաստաթուղթ կարող է առգրավել այն ժամանակ երբ հարուցվի քրեական գործ, որի համար պարտադիր է համապատասխան որոշումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը