Աշխարհ

29.07.2020 18:54


Ռեմբրանդտի ինքնանկարը Լոնդոնում աճուրդի ընթացքում վաճառվել է ռեկորդային 18,7 միլիոն դոլարով

Ռեմբրանդտի ինքնանկարը Լոնդոնում աճուրդի ընթացքում վաճառվել է ռեկորդային 18,7 միլիոն դոլարով

17-րդ դարի հոլանդացի հանրահայտ նկարիչ Ռեմբրանդտի կտավը Լոնդոնում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է 14,5 մլն ֆունտ ստերլինգով (18,7 միլիոն դոլար)․ սա ռեկորդային գին է համարվում նկարչի ինքնանկարի համար, հայտնել են Sotheby's աճուրդի տան պաշտոնական կայքում։

Աղբյուրը մանրամասնում է, որ 12-16 միլիոն ֆունտ ստերլինգ գնահատվող կտավի համար պայքարը 6 կոլեկցիոների միջև է ընթացել․ արդյունքում նկարի վերջնական արժեքը երկու անգամ գերազանցել է 2003 թվականին սահմանված նախկին ռեկորդը։ Այդ ժամանակ Ռեմբրանդտի ինքնանկարը 6,9 միլիոն ֆունտ ստերլինգով էր վաճառվել։

Վաճառված կտավը Ռեմբրանդտը նկարել է 26 տարեկանում՝ 1632 թվականին։ Sotheby's աճուրդի տան գնահատականով՝ սա նկարչի այն հազվադեպ երկու կտավներից է, որտեղ իր կարիերայի ընթացքում առնվազն 80 ինքնանկար հեղինակած Ռեմբրանդտն ինքն իրեն պատկերել է տոնական հագուստով։ Սա նաև մասնավոր հավաքածուում գտնվող երեք ինքնանկարներից մեկն է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը