Քաղաքական

22.07.2020 18:43


«Օրինական պահանջի» ապօրինությունը. Արծվիկ Մինասյան

«Օրինական պահանջի» ապօրինությունը. Արծվիկ Մինասյան

Վերջին օրերին սահմանին տեղի ունեցող իրադարձություններն ու աշխարհով մեկ համազգային համախմբման իրական օրինակները լավ առիթ էին երկրի ներսում համերաշխություն և օրինականության վրա հիմնված հանրային ըմբռնում ձևավորելու համար: Ցավալիորեն, իշխանությունը հերթական անգամ բաց է թողնում այս հնարավորությունը: Բավական էր մի քանի օրվա հարաբերական անդորրը, երբ դարձյալ գործի դրվեց ներքին լարվածություն առաջացնող իշխանական վարքագիծը: Տվյալ դեպքում խոսքս ոստիկանության ու տարբեր տեսչական մարմինների՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման անվան տակ իրականացվող այնպիսի գործողությունների մասին է, որոնք ոչ միայն չեն նպաստում համավարակի դեմ արդյունավետ պայքարին, այլ նաև ոտնահարում են մարդու արժանապատվությունը։ Իշխանության այս ներկայացուցիչների օգտագործած բառապաշարը, ֆիզիկական ուժի չհիմնավորված գործադրումը (գետնին պառկեցնելը, բերման ենթարկելը, ձեռնաշղթաներ հագցնելը, ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով տնտեսվարող սուբյեկտի գործունեության` թեկուզ ժամանակավոր դադարեցումը) և վարչական տուգանքների կիրառումը հաճախ կապ չունեն օրինականության հետ: Դիտարկենք դիմակ կրելու, այսպես կոչված, «օրինական պահանջը»՝ հատկապես ամառվա այս շոգ ժամանակաշրջանում: Առաջանում են հարցեր.

  1. այդ ո՞ր օրենքով է նման պահանջ և պարտադրանք սահմանված: Պարետի որոշումը որպես օրենքի պահանջ ներկայացնելը իրավական առումով անթույլատրելի է (գրառման ծավալի պատճառով չեմ ներկայացնում իրավական մանրամասնությունները): Այն լավագույն դեպքում կարող է որպես ուղեցույց կամ գրավոր խորհրդատվություն համարվել: Ընդ որում, դրանց մի մասն էլ տրամաբանության հետ ակնհայտ խնդիրներ ունի: Օրինակ` բաց տարածքում, երբ շրջապատում չկան այլ մարդիկ, բայց պահանջվում է դիմակ կրել, հեռուստատաղավարում, երբ լրագրողն աշխատում է մենակ, կամ անհրաժեշտ հեռավարությունը պահպանելով՝ պահանջվում է դիմակ կրել, պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթ, երբ անձը պատշաճորեն կրում է դիմակը և այլն:
  2. ո՞վ և ո՞ր մարմինն է իրավասու մեկնաբանել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներն ու պահանջները: Մասնավորապես` ոստիկանը ո՞ր դեպքերում և ի՞նչ հիմքերով իրավունք ունի հայտարարելու` «անձը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին»: Դրա հիման վրա էլ կիրառվում են ֆիզիկական ուժ և/կամ հատուկ միջոցներ, որոնք մեծ հաշվով ո՛չ համաչափ են, ո՛չ էլ իրավաչափ: Բացի այդ` մարդիկ զանգվածաբար տուգանվում են դիմակ չկրելու համար, որը ոչ միայն անօրինական է, այլ նաև անտրամաբանական: Մասնավորապես` հակահամաճարակային երեք պահանջներից՝ ախտահանիչ նյութերի օգտագործում, նվազագույն հեռավորություն և դիմակ կրելու պահանջ, տուգանք է կիրառվում միայն դիմակ չկրելու համար: Ինչ է` մյուս պահանջները պահպանելը կարևոր չե՞ն, թե՞ այլ նպատակներ կան: Իշխանությունը ձախողեց համավարակի դեմ համակարգային պայքարը, այդ թվում՝ առավել հստակ կանխարգելիչ միջոցառումների նախատեսումն ու գործադրումը և հիվանդանոցային պայմաններիհամապատասխանեցումը: Արդյունքում` արձանագրվում են հարյուրավոր մահեր: Մինչդեռ իշխանությունը դիմակ կրելու պահանջը դարձրել է հակահամաճարակային հիմնական միջոցառում՝ հարկի-անհարկի մեղավոր հռչակելով քաղաքացուն:
  3. ո՞վ է պատասխանատվություն կրում քաղաքացուն և իրավաբանական անձին հասցվող վնասի (ներառյալ մարդկանց առողջությանը) համար, երբ պարզվի որ այս կամ այն գործողությունն ապօրինի է եղել: Այսինքն` ֆինանսական փոխհատուցումը տրվում է հանրային փողերից՝ պետական կամ համայնքային բյուջեից, իսկ անպատասխանատու անձը շարունակելո՞ւ է իր անպատասխանատու գործունեությունը:
  4. կա՞ որևէ հաշվարկ-հիմնավորում, թե մարդկանց իրավունքների զանգվածային և անտրամաբանական խախտումների վերացումն ինչ ֆինանսական բեռ է դառնալու պետության և անձանց համար (ներառյալ բաց թողնված օգուտները), և ի՞նչ ծավալների են հասնելու երկրի իրավական անվտանգությանը հասցվող վնասները:

Թեև հարցերը շատ են, բայց, դադարեցնելով դրանց թվարկումը, դիմում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ վերաբերմունք ցույց տալ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված` իշխանությունների այս անպատասխանատու վարքագծին, այդ թվում՝ վիճարկել դրանց կեղծ իրավական տեսք հաղորդած «նորմատիվ իրավական» ակտերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Սա բոլորիս խնդիրն է։ Այս տեսակետը քննադատողները պետք է իմանան, որ անհանգստությունս բացարձակ չի վերաբերում կորոնավիրուսի դեմ իրական պայքարին։ Ընդհակառակը` պատասխանատուները պետք է, ի վերջո, գիտակցեն, որ ոչ թե ապօրինի գործողություններն են կասեցնելու համավարակը, այլ միայն օրինականության վրա հիմնված և քաղաքացիների կողմից ըմբռնումով ու ամբողջությամբ ընկալվող սահմանափակումների գործադրումն ու պատկան մարմինների պատասխանատու վարքագիծը։

Այնպես որ` օրինապաշտ և այս տեսակետը կիսող քաղաքացիներին ու փաստաբանական համայնքին կոչ եմ անում միանալ այս պահանջին՝ վերադարձնել համավարակի դեմ պայքարը օրինականության շրջանակներ։

Սա բոլորիս է անհրաժեշտ։

Արծվիկ Մինասյան

Իրավաբան, տնտեսագիտության թեկնածու

Այս խորագրի վերջին նյութերը