Քաղաքական

20.07.2020 16:30


«Չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, ինչի՞ համար խնդրեմ». Մարգարիտա Խաչատրյանը՝ իրեն դատի տալու մասին

«Չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, ինչի՞ համար խնդրեմ». Մարգարիտա Խաչատրյանը՝ իրեն դատի տալու մասին

«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը չի պատրաստվում ներողություն խնդրել Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներից, որոնք նրա և «Մեզ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթենիկ Խլղաթյանի դեմ դատական հայց են ներկայացրել։

«Ես չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, ինչի՞ համար խնդրեմ։ Ցավում եմ մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների համար, կորուստը մեծ է, բայց ես նրանց զոհեր չեմ համարում, նրանք պայքարել են աթոռի համար։ Սանդղակին դնել սահմանում զոհվածներին և քաղաքում զոհվածներին, մեղմ ասած, տեղին չէ։ Ումից պետք է ներողություն խնդրեմ, երբ սպանողը չկա, բայց զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրա՞մ են տալիս։ Մեր պահանջն էր, որ զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ պետք է լինի պատշաճ վերաբեմունք»,-168.am-ի հետ զրույցում նշեց տիկին Մարգարիտան։

Նրա խոսքով՝ պարգևավճարը, որը տրվում է զոհված ազատամարտիկի ծնողին և այրուն, այդ գումարի չափը պետք է բարձրացվեր, քանի որ, եթե պետությունը հնարավորություն ունի 30 մլն դրամ տրամադրելու մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին, ինչո՞ւ ազատամարտիկի ընտանիքներին չպետք է տա։

«Պետությունը, Կառավարությունն այդ ի՞նչ չափորոշիչներով նրանց 30 մլն տրամադրեց, իսկ մեր ուղարկած նամակները թողեցին, սրա համա՞ր պետք է ներողություն խնդրեմ։ Եթե կարող են՝ թող վերադարձնեն մեր որդիներին, մենք գումար չենք ուզում, մենք պատշաճ վերաբերմունք ենք ուզում։ Մենք մեր նամակում գրել էինք, որ պետք է փոխվի 668 հրամանը՝ զոհվածների ընտանիքներին տրվող պարգևավճարների վերաբերյալ։ Սակայն մեզ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին, որ Կառավարությունը բավարար միջոցներ չունի, չեն կարող այդ հոդվածը փոխել։ Երկու օր անց Կառավարությունից մեզ գաղտնի ասացին, որ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին գումար են տվել, ցանկացած մեկն իմ փոխարեն իր ձայնը չէ՞ր բարձրացնի։ Բա այդպես ինչպե՞ս եղավ, որ ազատամարտիկների ընտանիքների համար գումար չկա, բայց մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների համար կա»,-շեշտեց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ չի պատրաստվում ներողություն խնդրել։

Ինչ վերաբերում է դատական նիստին, ապա սպասում է, որ մարդիկ, որոնք ասում են, թե ինքը ֆինանսավորվում է ՊՆ-ից, կամ ունի մեծ կարողություններ՝ գան ու պատասխան տան:

«Այն օրվանից, երբ ես եկա Կառավարության մոտ և ներկայացրեցի մեր պահանջները, այդ օրվանից հալածանքների եմ ենթարկվում, տարբեր ֆեյք էջերից գրում ու հալածում են։ Ինչ ուզում են, թող անեն, իմ միակ մաղթանք այն է, որ սահմանին խաղաղ լինի, մենք այլևս սևազգեստ մայրեր չունենանք, մեր ծառայող որդիներին էլ Աստված ամուր պահի»,-եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դատի էին տվել «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին և «Մեզ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթենիկ Խլղաթյանին:

Ըստ հայցի պահանջի՝ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները պահանջում են, որպեսզի Մարգարիտա Խաչատրյանը և Սաթենիկ Խլղաթյանը ներողություն խնդրեն իրենց հայտարարության համար։

Ըստ իրավահաջորդների՝ հասարակական կազմակերպությունների ղեկավարները հայտարարել են, թե մարտի 1-ի զոհերը դուրս էին եկել փողոցային թալան իրականացնելու, իշխանակռիվ տալու համար:

Այս խորագրի վերջին նյութերը