Լրահոս

09.07.2020 19:50


Պարետի սահմանած կանոնների չպահպանման համար կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաև պետական հիմնարկներ․ ԱԱՏՄ

Պարետի սահմանած կանոնների չպահպանման համար կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաև պետական հիմնարկներ․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում կտրուկ նվազել է, հունիսի առաջին շաբաթվա համեմատ՝ մոտ 5 անգամ։ Ընդ որում՝ զանգերով հաղորդվող բողոքների թիվը նույնպես կրճատվել է։ Սա վկայում է, որ տնտեսավարողներն անվտանգության կանոններն առավել բարեխղճորեն են պահպանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Նույնն են փաստում նաև ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքները։ ԱԱՏՄ ամեն հերթական դիտարկման և անակնկալ ստուգայցի արդյունքում արձանագրվում է, որ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումները կրճատվում են, կասեցման միջնորդությունների թիվը՝ նույնպես։ Խախտումների նվազման միտում է նկատվում նաև մարզերում։

Վերջին օրերին ԱԱՏՄ կողմից կասեցվող տնտեսավարողերի թիվը ևս զգալիորեն նվազել է։ Վերջիններիս ցանկում նկատվում է խոշոր տնտեսավարողների թվաքանակի անկման միտում․ աշխատանքի ժամանակավոր արգելք առավելապես կիրառվում է ԱՁ-ների նկատմամբ։

Կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաև պետական հիմնարկներ։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր հերթական անգամ ընդգրկել է Երևանի Էրեբունի վարչական շրջանը։ Ուշագրավ է, որ այստեղ դիտարկված տնտեսավարողներից և որևէ մեկի մասով կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին։ Ընդ որում՝ այսօր կրկնայց է կատարվել նաև նախկինում մի շարք լուրջ խախտումներ թույլ տված սուպերմարկետ, որտեղ, ըստ դիտարկման, թերացումները շտկված են եղել։

Խախտումների նվազման դրական միտմանը զուգահեռ՝ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ սահմանված նորմերը դիտարկվում են խստությամբ, և դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

Այս խորագրի վերջին նյութերը