Աշխարհ

08.07.2020 20:55


Թուրքիայում ձերբակալվել են Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր չեղարկման դեմ բողոքող կանայք

Թուրքիայում ձերբակալվել են Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր չեղարկման դեմ բողոքող կանայք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ստամբուլյան Կոնվենցիան վերանայելու կամ չեղարկելու հրահանգը ոչ միանշանակ է ընդունվել հասարակության տարբեր շերտերի կողմից։ Էրդողանի հայտարարությունից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ ինչպես ստորագրել են կոնվենցիան, այնպես էլ դուրս կգան պայմանագրից։

Այս հայտարարությունը հատկապես կանանց շրջանում բացասական է ընդունվել՝ հանգեցնելով կոնվենցիայի հնարավոր չեղարկման դեմ լոկալ բողոքի ակցիաների։ Մասնավորապես մի խումբ կանայք Ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների Ստամբուլի նահանգային վարչության պատին պաստառ են ամրացրել «Արդեն բավական է։ Կանայք կյանքի երաշխիք են ուզում» գրությամբ։

Կազմակերպիչներից մեկը ելույթ է ունեցել շենքի բաց պատուհանից, մյուսներն էլ վանկարկել են՝ չենք լռում, չենք վախենում, չենք ենթարկվում։

Ոստիկանության աշխատակիցները սակայն ընդհատել են ակցիան, իսկ այն կազմակերպող 7 կանանց ձերբակալել են։

Նշենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011թ. մայիսի 11-ին: Եվրախորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված այս կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան 2012թ. մարտի 12-ին: 2019թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:

Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության:

Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։

Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան չվավերացրած երկրների շարքում է:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը