Քաղաքական

04.06.2020 12:03


Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59-ը

Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59-ը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատել է 11 հազարի շեմը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հիշեցնելով, որ վերջին օրում մինչև օրս արձանագրված ամենամեծ թիվն է գրանցվել մեկ օրում կորոնավիրուսով հաստատված դեպքերի՝ 697 նոր դեպք:

«Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտավորապես նույնն է մնում: Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59-ը, թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հոգի:

Նաև կա մի վտանգավոր միտում, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է նորից բռնկում: Փաստացի հիմա հնարավոր է նման սցենար ունենանք, դրա համար շատ կարևոր է կանոնների խիստ պահպանումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը։ «Որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն ոչ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,- ասաց Թորոսյանը։

Հայաստանում հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 11 221 է, արձանագրվել է մահվան 176 դեպք: Ընդհանուր առմամբ իրականացվել է 63 459 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 3468 պացիենտ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ:

Այս խորագրի վերջին նյութերը